Կրկին փորձիր. ըստ փորձագետի՝ «այն, որ ԵՄ հետ համաձայնագրի տեքստը հրապարակվեց հուշում է, որ փաստաթղթի ստորագրմանն են գնում»

16-10-2017
5162 դիտում
Կրկին փորձիր. ըստ փորձագետի՝ «այն, որ ԵՄ հետ համաձայնագրի տեքստը հրապարակվեց հուշում է, որ փաստաթղթի ստորագրմանն են գնում»

Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը Հայաստանում զարգացում ապահովելու հնարավորություն է տալիս: Այլ հարց է` կօգտվե՞նք դրանից, թե՞ ոչ:

«Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

«Եվրասիական տնտեսական միության կազմում աշխատելու երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ միության շրջանակներում ոչ մի զարգացման մասին խոսք չի գնում: Մենք չենք տեսնում կոռուպցիայի դեմ որևէ պայքար, բարեփոխումներ, պայքար ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ և այլն: Իսկ Եվրամիության դեպքում տեսնում ենք, որ բոլոր հարցերը շատ հստակ շեշտադրված ու շարադրված են այս փաստաթղթում: Պարզ է, որ այս փաստաթուղթը զարգացման շանս տալիս է, դա կօգտագործենք, թե՞ ոչ` կախված է նրանից, թե որքա´ն արդյունավետ կաշխատենք»,- «Մեդիալաբին» ասաց Ստեփան Գրիգորյանը;

Նշենք, որ հոկտեմբերի 13-ին Եվրահանձնաժողովը հրապարակել է Հայաստանի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը: Այս փաստաթուղթը բաղկացած է 357 էջից:

Դրա նախաբանում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հակամարտությանը:
Նշվում է, որ «անհրաժեշտ է կարգավորման հասնել ՄԱԿ-ի Խարտիայի սկզբունքների, ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա»:

Ստեփան Գրիգորյանի խոսքով` այս ձևակերպումը Հայաստանի համար նորմալ է: «Շատ օբյեկտիվ ներկայացված է, գոնե նախաբանում ես այդ մասին ոչ մի ձևակերպում չտեսա, որը մտահոգիչ էր»,- ասաց քաղաքագետը:

Թեև նախորդ համաձայնագրի տեքստը չէր հրապարակվել, բայց, Գրիգորյանի խոսքով, ակնհայտ է, որ նախորդ համաձայնագրի տեքստի համեմատությամբ այստեղ բացակայում է ազատ առևտրի գոտու մասին հատվածը:

«Բայց այն քաղաքական հատվածը, որը կար նախորդում, կարծում եմ, ամբողջությամբ այս փաստաթղթում ներառվել է: Այսինքն՝ մենք հիմա ստորագրում ենք նոր պայմանագիր, այդ պայմանագրում չկա ազատ առևտրի հատվածը, բայց կա քաղաքական բարեփոխումների հատվածը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նա առանձնացրեց փաստաթղթում տեղ գտած կարևոր դրույթները: Մասնավորապես, փաստաթղթով կարևորվում են դատական համակարգի բարեփոխումները, կոռուպցիայի ու փողերի լվացման դեմ պայքարը, ավելի արդյունավետ կառավարման համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը: Փաստաթղթի երկրորդ գլուխը վերաբերում է էներգետիկ ոլորտում համագործակցությանը: Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ կարևոր է այն, որ հատուկ նշվում է, որ էներգետիկ ոլորտում համագործակցությունը պետք է հիմնված լինի Եվրոպական էներգետիկ խարտիայի դրույթների վրա:

«Նաև ամրագրված է, որ մի շարք ոլորտներում պետք է աշխատանք տանենք և մեր օրենսդրությունը մոտեցնենք Եվրամիության օրենսդրությանը»,- ասաց նա:

Ստեփան Գրիգորյանը կարևորեց նաև համաձայնագրի 15-րդ հոդվածը, ըստ որի՝ վիզաների դյուրացում պետք է տեղի ունենա: Նրա խոսքով՝ Հայաստանին իրավունք է է տրվում անցնելու վիզա երկխոսության:

«Դա ի՞նչ է նշանակում: Մենք ավելի վաղ ստորագրել էինք Ռեադմիսիայի մասին համաձայնագիրը, հիմա մեզ իրավունք են տալիս հաջորդ քայլն անել՝ գնալ դեպի վիզայի ազատականացում: Դա շատ կարևոր է: Նրանք հնարավորություն են բացում, հիմա դու կօգտվե՞ս դրանից, թե՞ ոչ` դա այլ հարց է»,- նշեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ պարզ է, որ ազատ առևտրի ռեժիմի մասին հատվածը, որը հանվել է համաձայնագրի տեքստից, «ամենահամեղ պատառն» էր, բայց այս նոր տարբերակում էլ շեշտվում է էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունը, ինչը դրական է:

Այս միտումները, նրա խոսքով, ապացուցում են, որ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է այս համաձայնագիրը: Այն, որ այս համաձայնագրի տեքստը հրապարակվեց, ըստ Ստեփան Գրիգորյանի, շատ կարևոր է: Նաև դրական է, որ Հայաստանը համաձայնություն է տվել, որ դա հրապարակվի:

«Այն, որ ԵՄ հետ համաձայնագրի տեքստը հրապարակվեց հուշում է, որ այս փաստաթղթի ստորագրմանն են գնում: Ես պետք է հիշեցնեմ նաև, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում ելույթ ունեցավ ու ասաց, որ մենք կստորագրենք այդ փաստաթուղթը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանի կարևոր հովանավորներից է, հետևաբար, այդ կառույցի հետ համագործակցությունն ամուր հիմքերի վրա պետք է դրվի:

«Աշխատել այն պայմանագրով, որը 1999 թվականին էր ստորագրվել, պարզ է, որ սխալ է: Պետք է համագործակցության նոր փուլ լինի»,- ասաց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am