«Մեր դաշնակիցը մեզ վրա մեր փողով զենք է վաճառում, իսկ Հայաստանում դա համարում են մեծ բան». Արա Պապյան

16-10-2017
7014 դիտում
«Մեր դաշնակիցը մեզ վրա մեր փողով զենք է վաճառում, իսկ Հայաստանում դա համարում են մեծ բան». Արա Պապյան

Վարկային միջոցներով Հայաստանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը բիզնես է անում, որևէ դաշնակցային հարաբերություն չկա այս գործարքում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով 100 մլն դոլար նոր վարկային համաձայնագրին, որով Ռուսաստանը Հայաստանին սպառազինությունների նոր խմբաքանակ պետք է մատակարարի:

«Եթե նայենք, թե դաշնակիցներն ի´նչ հարաբերություններ ունեն, այլ պատկեր ենք տեսնում: Օրինակ՝ ԱՄՆ-ը Իսրայելին տարեկան մոտ 4 մլրդ դոլարի անվճար զենք է տալիս: Իսկ Իսրայելի բյուջեն մեզանից 50-60 անգամ շատ է: Դաշնակիցն այդպես է լինում: Թե չէ հիմա մեր դաշնակիցը մեզ վրա մեր փողով զենք է վաճառում, իսկ Հայաստանում դա համարում են մեծ բան: Դա մեծ բան չէ»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ կառավարությունը նախորդ նիստում համաձայնություն տվեց Ռուսաստանից 100 մլն դոլար վարկ վերցնելու համաձայնագրի կնքման առաջարկությանը, այն պետք է ներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը: Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Հայաստանին տրամադրելու է մինչև 100 մլն դոլար գումարի չափով վարկ՝ ռուսական արտադրության զինտեխնիկան գնելու նպատակով: Համաձայնագրով նախատեսված է, որ հայկական կողմն այդ վարկն օգտագործելու է 2018-2022 թվականներին: Վարկի մարումը պետք է կատարվի 15 տարիների ընթացքում՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով՝ սկսած 2023 թվականից:

Նշենք, որ նման վարկային համաձայնագիր Հայաստանն առաջին անգամ Ռուսաստանի հետ ստորագրել էր 2015 թվականին: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմը ցույց էր տվել, որ համաձայնագրով նախատեսված սպառազինության մատակարարումը Հայաստանին ուշացել էր: Եվ միայն Հայաստանում աղմուկ բարձրանալուց հետո Ռուսաստանն սկսեց մատակարարումը, բայց այն դեռ չի ավարտվել: Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ նախատեսվում է մինչև այս տարեվերջ ավարտել նախորդ համաձայնագրով նախատեսված սպառազինության մատակարարման գործընթացը:

Ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն արդեն գաղտնազերծել է, որ նոր համաձայնագրով Ռուսաստանը Հայաստանին հակաօդային պաշտպանության և համազարկային կրակի ծանր հրետանային համակարգեր է տրամադրելու:
Արա Պապյանն ասում է՝ հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մեր երկու հակառակորդներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, շարունակաբար զենք է վաճառում, բնականաբար, մենք այդ նոր զենքի կարիքն ունենք:

«Բայց այստեղ խնդիրն այն է, թե արդյոք որպես դաշնակից ինչքանո´վ է տրամաբանական ու ընդունելի Ռուսաստանի վարքը: Մի կողմից նա փաստորեն մեր թշնամիներին զենք է վաճառում և դրանով ստիպում է մեզ, որ մենք զենք առնենք: Չառնելու դեպքում վարկ է տալիս, որ առնենք, հետո օգտագործելով այն, որ մենք նոր զենքեր ունենք, նորից զենք է ծախում մեր թշնամիներին: Ես կարծում եմ, որ եթե Ռուսաստանն իսկապես ուզում է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, պետք է սառեցնի զենքի մատակարարումը տարածաշրջանին, հաշվի առնելով այն, որ զենքի 85 տոկոսն ինքն է մատակարարում կողմերին»,- ասում է Արա Պապյանը:

Քաղաքագետը  մտահոգիչ է համարում  այն, որ Հայաստանը դարձյալ կախման մեջ է ընկնում Ռուսաստանից:

«Փաստորեն Հայաստանը նորից վարկ է վերցնում Ռուսաստանից, այսինքն՝ ֆինանսական առումով էլ է կախվածության մեջ ընկնում այդ երկրից:
Այո´, այդ վարկն ի վերջո պարտք է: Եվ եթե անգամ մենք փողը չենք վճարում, ապա վճարում ենք զանազան քաղաքական ու այլ շահերով, որոնց գինը երբեմն ավելի շատ է, քան փողը: Մյուս կողմից` ինչքան հասկանում եմ, դեռ նախորդ 200 մլն դոլար վարկի դիմաց մատակարարվող զենքն ամբողջությամբ Հայաստան չի հասել»,- հավելեց նա:

Ըստ Պապյանի՝ այստեղ նաև պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը սկսել է բանակցություններ վարել Բելառուսի հետ՝ «Պոլոնեզ» տեսակի համազարկային միջոցներ գնելու նպատակով, որը «Սմերչի» տեսակ է, բայց ավելի կատարելագործված: Ըստ մասնագետի՝ դրա դեմ Ռուսաստանից ձեռք բերվող մեր այս հակաօդային պաշտպանությունը ոչինչ չի կարող անել:

«Այսինքն՝ ստացվում է, որ մենք մի կողմից շատ փող ենք ծախսում, բայց մյուս կողմից, հաշվի առնելով, որ մեր դաշնակիցները զենք են վաճառում Ադրբեջանին, գնումն արդյունավետ չէ: Այսինքն՝ ստացվում է, որ մենք, միևնույն է, մնում ենք վտանգի տակ»,- եզրակացնում է Պապյանը:

Հարցին, թե ինչո´ւ է հենց այս փուլում Ռուսաստանը Հայաստանի հետ նման համաձայնագիր կնքում, Արա Պապյանը պատասխանեց, որ դա ամենևին էլ չի բխում նրանից, որ Ռուսաստանը բարեհոգի է մեր նկատմամբ:

«Նա շուկա է ստեղծում իր համար: Նախորդ անգամ, երբ 200 մլն դոլարի զենք տվեց մեզ, դրա վրա ինքը մի քանի միլիարդ դոլարի զենք վաճառեց Ադրբեջանին ու Թուրքիային: Ի վերջո, դեռևս չեղյալ չի արվել Թուրքիային S-400 վաճառելու գործարքը: Թուրքիան դրանք գնում է, որովհետև մենք «Իսկանդեր» ունենք: Դա շատ պարզ շուկայական միջոց է. տեսած կլինեք, որ էժան կամ անորակ ապրանքատեսակ են բաժանում, որպեսզի խրախուսեն այդ նույն ապրանքատեսակի ավելի շատ վաճառքը: Դա այդ քայլերից մեկն է»,- ընդգծեց Արա Պապյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am