«Ժնև գնալով Սարգսյանն ադրբեջանական կողմին ագրեսիվ գործողությունները շարունակելու և թեժացնելու քաղաքական արտոնություն տվեց». Արման Մելիքյան

20-10-2017
4795 դիտում
«Ժնև գնալով Սարգսյանն ադրբեջանական կողմին ագրեսիվ գործողությունները շարունակելու և թեժացնելու քաղաքական արտոնություն տվեց». Արման Մելիքյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

- Պարո´ն Մելիքյան, Ժնևի հանդիպումից երեք օր անց, երբ կողմերը պայմանավորվել էին զոհեր չունենալ, սահմանին հերթական զոհն ունեցանք: Սա ցույց տվեց այդ հանդիպման՝ ադրբեջանական կողմի դիվանագիտական հաղթանա՞կը։

- Կարևոր է հասկանալ, որ ժնևյան հանդիպման կայացումն ինքնին ադրբեջանական կողմի առանձին հաղթանակը չէ. այն պարոն Սերժ Սարգսյանի ու իր թիմը կազմող ՀՀԿ-ՀՅԴ խորհրդարանական դաշինքի կողմից որդեգրված բանակցային ռազմավարության քաղաքական ընդհանուր անարդյունավետության հետևանքն է: Այդ հանդիպումը պարզապես դարձավ հայ բանակցողների շարունակական դիվանագիտական նահանջի հերթական հանգրվանը, որն իր անմիջական դրսևորումը ստացավ ճակատային գծում՝ հայ զինվորի հերթական սառնասիրտ սպանության միջոցով: Պարոն Սարգսյանը, կարծես թե, հրաժարվում է ընկալել, որ քանի դեռ հայկական կողմերը մնում են մինչ այժմ որդեգրած ռազմավարության գերին, հակառակորդը չի դադարեցնելու մշտական մարդկային կորուստներ պատճառող իր գործելակերպը: Հայ պատասխանատուներն իրենց այս շարունակական անգործության հետևանքով մեր կողմից տված այս զոհերի համար իրենց մեղքի բաժինն ունեն:

- Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այս փուլում, երբ շփման գծում լարվածությունը կա նաև այսօր, երբ հանդիպումից մի քանի օր առաջ էլ սահմանին զոհ էինք ունեցել:

- Միջադեպերը շփման գծում շարունակվելու են: Ժնև գնալով պարոն Սարգսյանն իրականում ադրբեջանական կողմին ագրեսիվ գործողությունները շարունակելու և, անգամ, թեժացնելու քաղաքական արտոնությունը տվեց: Բանակցային ոլորտում հավանաբար կակտիվանան առանց նախապայմանների ադրբեջանական կողմին տարածքներ հանձնելու անսակարկելի անհրաժեշտության մասին խոսակցությունները:

-Ալիևի հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ որևէ կոնկրետ պայմանավորվածություն չունեն խնդրի լուծման տարբերակների մասին: Հիմա խնդրի լուծման ի՞նչ տարբերակ է հնարավոր:

- Քանի որ պարոն Սարգսյանն առայժմ բանակցային նոր մոտեցումներ հանդես բերելու որևէ միտք, կարծես թե, չունի, ապա կարելի է ասել, որ պաշտոնական Երևանը նախաձեռնությունը զիջել է ադրբեջանական կողմին: Այժմ Ալիևն է որոշում, թե ե´րբ, որտե´ղ և ի´նչ զինատեսակների կիրառմամբ հարված հասցնի մեր սահմանների պաշտպանների դիրքերին: Բանակցային սեղանի շուրջ դրսևորվող այս ռազմավարական անճարակությունը ճակատային գծում մեր ունեցած զոհերի հիմնական պատճառն է:

-Ինչպե՞ս եք գնահատում ժնևյան հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունները, որ այլևս ոչ թե հանդիպում, այլ բանակցություններ են անվանում այդ հանդիպումը։

- Համանախագահներն իրեց գործն են անում այնպես, ինչպես ճիշտ են համարում: Ամեն դեպքում Հայաստանի, Արցախի, մեր ազգային կենսական շահերի ապահովումը նրանց գործառույթների մեջ հաստատ չի մտնում՝ դա հայ պատասխանատուների գործն է, որը, դատելով տեղի ունեցող զարգացումներից, վերջիններս չեն կարողանում արդյունավետ կատարել:

- Տեսակետ կա, որ այդ հանդիպումով Ադրբեջանը «լեգիտիմացրեց» կրակելու իր իրավունքը: Համամի՞տ եք արդյոք:

- Գտնում եմ, որ այդ տեսակետը միանգամայն հիմնավոր է:

- Պարո´ն Մելիքյան, հավանական է, որ սա Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումն էր: Եթե ամփոփենք Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ արված քայլերը, ինչպե՞ս կգնահատեք: Արդյոք խնդրի կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթաց գրանցվե՞լ է:

- Հայկական շահերի համատեքստում դրական շարժը տեսանելի չէ: Ավելին՝ հատկապես ապրիլյան քառօրյա ռազմագործողության և հայ պատասխանատուների`դրան հետևած քաղաքական պահվածքի արդյունքում մեր դիրքերը գործնականում թուլացել են և շարունակում են թուլանալ։

Մանե Հարությունյան

MediaLab.am