«Այսօր փորձում են խզել իմ կապը տարիներով հատ-հատ հավաքած հանդիսատեսիս հետ, արգելափակել... ու նաև զրկել թթվածնից, բեմից, հացից». Վահան Արծրունի

22-10-2017
4871 դիտում
«Այսօր փորձում են խզել իմ կապը տարիներով հատ-հատ հավաքած հանդիսատեսիս հետ, արգելափակել... ու նաև զրկել թթվածնից, բեմից, հացից». Վահան Արծրունի

«Մեդիալաբի» զրուցակիցն է երաժիշտ, երգահան Վահան Արծրունին:

- Պարո´ն Արծրունի, ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի պատասխաններն ու կեցվածքը «Մաշտոց-Կոմիտաս» չեղարկված համերգի վերաբերյալ լրատվամիջոցների հարցադրումներին:

- Մի քանիսն են եղել՝ բոլորում էլ տիպական է բուն երևույթի բովանդակային, մշակութաբանական և հոգևոր արժեքի գնահատականից խուսափելը և հակառակը՝ ոչ նախարարին, այլ գործավարին հատուկ ֆորմալ, լղոզված, անընդհատ կրկնվող բանաձևումների և պնդումների հեղեղը։ Այնպիսի տպավորություն է, որ մերժողականությունը նախարարի` ոլորտը ղեկավարելու միակ հնարավորությունն ու մեթոդն է։ Եվ սա միայն ինձ չէ, որ վերաբերում է՝ Թումանյանի տուն-թանգարանում հնչեցված «ոչ»-ը, Օպերային թատրոնի արտիստների հարցաքննում-մտրակումը, Գրական տապանի ֆինանսավորման մերժումը...

- Ի՞նչ եք կարծում` խնդիրը նախարարի անձո՞վ է պայմանավորված, թե՞ համակարգով: Մերժումը կոնկրետ համերգի՞ն էր ուղղված, Ձեր անձի՞ն, թե՞ համերգ կազմակերպելու մենաշնորհի հաստատման յուրօրինակ ակտ էր:

- Այստեղ, կարծում եմ, որոշակի քաղաքականության դրսևորում կա, ինչի հիմքում իմ` համարյա 15 տարվա նախարարությանն ուղղված հրապարակային քննադատությունն է։ Իսկ բուն «միջամտության» առիթը իրենց «օբեկտում» իմ համերգի նախաձեռնումն էր։ Ֆորմալ պատճառների ցանկը բազմաբնույթ է՝ սկսած թղթաբանության նուրբ ասպեկտներից, ընդհուպ օդերևութաբանական կանխատեսումներ։ Մենաշնորհի վարկածն էլ իրատեսական է՝ չէ՞ որ Զվարթնոցում համերգ կազմակերպելու առաջին առաջարկը ես ստացա հենց մշնախի կողմից:

- Հոկտեմբերի 19-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկոն: Ֆեյսբուքյան Ձեր էջում հրապարակային հարց էիք ուղղել Տ. Մանսուրյանին` «Հարգելի մաեստրո Մանսուրյան, իմ համերգը նույն Զվարթնոցում երկու շաբաթ առաջ նույն մշնախի միջամտությամբ արգելափակվել է։ Այդպե՞ս եք արձագանքում այդ իրողությանը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Ձեր անունն օգտագործվում է, և Դուք ներքաշվում եք անազնիվ և էժանագին խաղի մեջ...»: Մանսուրյանը որևէ կերպ արձագանքե՞լ է Ձեր գրառմանը: Եվ ընդհանրապես, երաժշտական աշխարհի ներկայացուցիչները` Ձեր գործընկերները, որքա՞ն էին համերաշխ Ձեր բողոքի ձայնին միանալու գործում:

- Որքան գիտեմ՝ մաեստրոն մերժել է ժուռնալիստի խնդրանքը` մեկնաբանել իրավիճակը։ Իմ գրառման մեջ անհանգստություն եմ հայտնում` արդյոք չի՞ օգտագործվում մաեստրոյի անունը, և արդյոք չի՞ ներքաշվում նա նախարարության «հավասարակշռող» կասկածելի նոր գործընթացի մեջ։ Թղթաբանության և վատ եղանակի հանգամանքները հատուկ շրջանցում եմ։ Ինչ վերաբերում է գործընկերներին՝ լիակատար լռություն եթերում, բայց անձնական նամակներում՝ զորակցություն, քաջալերանք։ Մի մասն էլ «ինքնաբացարկի» մեջ է։ Տհաճ է, իհարկե, բայց ես սովոր եմ ֆրոնտը մենակ պահելուն:

- Ո՞րն է ավելի վտանգավոր խնդիր` գերատեսչությունների բյուրոկրատական կամայականություննե՞րը, թե՞ գործընկերների, այսպես ասած, «զուսպ» քաջալերանքը կամ լռությունն ընդհանրապես:

- Երկուսն էլ. առաջինը չի սահմանափակվում որևէ օրենքով՝ այն պարզապես գոյություն չունի, այստեղից էլ` տիրող «բեսպրեդելը», կամայականությունը, անպատժելիության մթնոլորտը։ Երկրորդն էլ պայմանավորված է հաստիքները, աշխատատեղերը չկորցնելու վախով։ Մեկը մյուսի հետևանքն է նաև։ Բազմաթիվ օրինակներ ենք տեսնում, թե ինչպես են մարդիկ փողոցում հայտնվում` դուրս շպրտվելով ոլորտից, երկրից և նույնիսկ՝ կյանքից։ Օրինակնե՞ր։ Վալերի Գերգիև, Լորիս Ճգնավորյան, Օհան Դուրյան, Արամ Ղարաբեկյան, Կարեն Դուրգարյան, ում գլխավոր դիրիժորի հաստիքը պարզապես մեկ օրում վերացրին։ Ով ի´նչ ասաց՝ լուռ հայացքներով ճամփում էին միայն, հետո առավոտյան գնում աշխատանքի՝ արվեստին ծառայելու:

- Ձեր նշած երաժիշտներից ոչ ոք ինքն իրեն չհռչակեց վտարանդի, ոչ էլ լրատվամիջոցներն այդ բառը դրեցին նշված անունների կողքին: Մինչդեռ իրողությունը հայտնի էր բոլորին: Արամ Ղարաբեկյանի մահվանից հետո միայն մի քանի հրապարակումներ եղան այն մասին, որ մարդը մահացավ մերժվելու, արտաքսվելու ցավից: Ամեն դեպքում, պատահածը մնաց անձնական ողբերգության սահմաններում և չդիտարկվեց քաղաքական համատեքստում: Քաղաքական որոշումներին հակազդեցություն գրեթե չի լինում: Ասածս որպես հարց չի ձևակերպվում, մինչդեռ մեծ հարցական կա այն մասին` մինչև ո՞ւր, դեռ ինչքա՞ն:

- Դե՝ հա։ Իսկ ո՞վ պիտի ճշգրիտ գնահատականը տա կամ քննադատի երևույթը։ Մերօրյա «վաստակավո՞րը», թե՞ կնոջը հրապարակավ բոզ անվանող «մտավորականը» ։ Ումի՞ց եք ակնկալում ազնվությունն ու արդար դատելու հպարտությունը։ Իսկ Ձեր ասած՝ երկրից հեռացողներին լուռ հետևողները փոխանակ քննադատեն իրենց գործընկերներին երկրից դուրս ուղղորդելու հանգամանքը, ամեն տարի հավաքվում են Հայաստանում և «Վերադարձ» փառատոնի շրջանակում հաշտեցնում նրանց արվեստից և երկրից վտարողների հետ։ Աբսուրդ չի՞ բա։ Հանրությունն էլ ծափ է տալիս և բռավո կանչում։ Սա՞ չի մեր իրականությունը: Սա գեղագիտական և բարոյական արժեհամակարգի, ընկալունակության, մշակութային և քաղաքացիական իդեալների կատարյալ անկում է։ Անէություն, հասկանո՞ւմ եք։ Սրանից հետո էլ բան չի կարող լինել, բացի լկտիությունից, տգիտությունից և ապագայի հանդեպ անզորությունից:

- Տարբեր առիթներով պնդել եք, որ հասարակությունը հրաշալի կարողանում է զատել մշակույթը պապսայից, այսինքն` հոգևոր ներուժը տեղն է: Որտեղի՞ց այդ լավատեսությունը:

- Ես միշտ ասել եմ, որ մեր ազգի կորիզն է պինդ, անսասան։ Այն պայմանավորված է Հայի Մշակութային Տեսակի առկայությամբ։ Այդ տեսակն անփոփոխ է իր որակների դրսևորման մեջ և անցնում է դարերի միջով` տալով մեր ազգային ինքնության բանաձևումն ու բովանդակությունը։ Իսկ հանրությունը կա´մ հաղորդակից է լինում նրանց, կա´մ իր ապագան է վաճառում մոտակա ընտրություններում 10 հազար դրամով։ Անկայուն է, հասկանո՞ւմ եք, կարող է տատանվել ընդհուպ բոլշևիկյան հեղափոխության տարերքը՝ տեսել ենք, չէ՞, դա։ Եվ հակառակը՝ երբ որդեգրում է այդ կորիզի իդեալները՝ իքնադրսևորվում է որպես ազգային-ազատագրական շարժում, հերոսություն՝ դա էլ ենք տեսել, ավելին՝ ես եղել եմ դրա մեջ:

- Հերոսների ճամփան փշոտ է, շատ փորձանք կսպասի... Եվ, ի վերջո, նրանք մենակ են մնում իրենց հերոսության մեջ:

- Այստեղ հերոսություն չկա։ Ես իմ գործն եմ անում՝ ո´չ ձեր պարգևն եմ ակնկալում, ո´չ էլ ձեր իմացած «դրախտային» հնարավորությունները։ Իմ հանապազօրյա հացը բացառապես իմ արվեստով, երաժշտությամբ եմ վաստակում, տարիներով հատ-հատ հավաքած հանդիսատեսով։ Այսօր փորձում են խզել իմ կապը հանդիսատեսիս հետ, արգելափակել... ու նաև զրկել թթվածնից, բեմից, հացից:

- Նոյեմբեր ամսին, այնուամենայնիվ, «Շարմի» նախաձեռնությամբ տեղի կունենա «Մաշտոց-Կոմիտաս» համերգը: Ցավոք, ոչ Զվարթնոցի տաճարում, այլ` փակ դահլիճում: Ինչո՞ւ այդպես էլ հնարավոր չեղավ համերգն անցկացնել Զվարթնոցում: Եվ ի՞նչ ակնկալիք ունեք այս համերգից:

-Ինձ իմ մտահղացումներից այնքան էլ հեշտ չի շեղել։ Գլխավոր խնդիրս ոչ թե նախարարության ինտրիգների մեջ ներքաշվելն է, այլ ստեղծագործական բաղձալի նախագիծը կյանքի կոչելը՝ իմ մեկնությամբ մաշտոցյան շարականը հնչեցնելն ու կոմիտասյան բանաստեղծության երաժշտական լուծումը ներկայացնելը։ Լինի դա Զվարթնոցում, Սուրբ Ղազար կղզում թե «Քարնեգի հոլում»:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am