«Այն, ինչ այսօր պարտադրում են ազգ-բանակի, «Ես եմ», «Պատիվ ունեմ» և այլ ճոռոմ ծրագրերի միջոցով, խայտառակության գագաթնակետն է». Վահրամ Թոքմաջյան

24-10-2017
5039 դիտում
«Այն, ինչ այսօր պարտադրում են ազգ-բանակի, «Ես եմ», «Պատիվ ունեմ» և այլ ճոռոմ ծրագրերի միջոցով, խայտառակության գագաթնակետն է». Վահրամ Թոքմաջյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը:

- Պարո՛ն Թոքմաջյան, վերջին շրջանում բուռն քննարկվում են «Զինվորական ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ երիտասարդները տարկետման իրավունք չեն ունենալու և միայն բանակում ծառայելուց հետո կարող են շարունակել ուսումն ու զբաղվել գիտությամբ: Այս փոփոխությունների դեմ ուսանողները բողոքի ակցիաներ են անում: Ի՞նչ վտանգներ եք տեսնում դուք այս նախագծում:

- Ինչպես տեսնում ենք՝ իշխանությունը կամք չունի արտագաղթը կանգնեցնելու, կամք չունի կոռուպցիան նվազեցնելով՝ այդ փողերն ուղղելու պրոֆեսիոնալ բանակ ստեղծելուն: Այսինքն՝ պարտադիր զինվորական ծառայությանն այլընտրանք մենք չունենք:

Եթե նայում ենք, թե ովքեր են այս պահին տարկետման իրավունքից օգտվում, տեսնում ենք, որ տարեցտարի այդ անվճար կոչվող տեղերը նվազեցվել են: Եվ ստացվում է, որ դրանից միայն մի խումբ է օգտվում, որի մի մասը պաշտոնյաների երեխաներն են: Բայց մյուս կողմից, եթե նայում ենք ընդհանուր գործընթացին, իմ անձնական փորձով գիտեմ, որ բանակ տանելը գիտության վրա չի ազդում:

Ես օրինակ բերեմ. մեր կուրսում եղել է 25 անվճար սովորող, որոնցից երևի 7-8 մարդ էր իր ուժերով ընդունվել, մնացածը՝ անհասկանալի ճանապարհներով: Այսօր այդ 25 անվճար սովորողներից ոչ ոք գիտությամբ չի զբաղվում: Մեր 80 հոգանոց կուրսից 2 մարդ է զբաղվում գիտությամբ, երկուսն էլ բանակից հետ են եկել, նոր են ընդունվել:

Ինչ վերաբերում է բողոքի ակցիաներին, շատ վատ է, որ դրանք սակավամարդ են: Երբ հարցնում են՝ ինչի՞ համար եք բողոքում, ուսանողները պատասխանում են՝ կրթության անընդհատության իրավունքի համար: Ես կարծում եմ, որ պետք է նաև կրթության իրավունքի համար մասնակցել այդ ցույցերին, որովհետև մարդիկ միլիոններ են տալիս իրենց բուհերին, բայց դրա դիմաց ոչինչ չեն ստանում:

Ամեն դեպքում, ի՞նչ է ստացվելու այս ամենից: Ստացվելու է, որ դարձյալ պաշտոնյայի որդին չի գնալու բանակ: Խոսքը 50-60 մարդու մասին է, ովքեր բանակ են գնալու, և չեմ կարծում, որ դա բանակին շատ մեծ օգուտ կբերի: Ես կողմ եմ, որ քանի դեռ այս վիճակն է, պետք է ծառայեն բոլորը, օրենքը պետք է բոլորի վրա տարածվի:

-Կան տեսակետներ, որ բանակի համալրման խնդիր կա այսօր, այդ պատճառով են իշխանությունները նմանօրինակ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս:

- Իհարկե, բանակի համալրման խնդիր կա այսօր: Ես ունեմ 300 աշակերտ, իմ դասարանի 9 տղա աշակերտներից գոնե 3-ն այս տարիների ընթացքում հասցրել են փոխել քաղաքացիությունը, որպեսզի բանակում չծառայեն: Տասնհինգ տարի առաջ Հայաստանում շրջանավարտների թիվը 55-60 հազար էր, իսկ այսօր իջել է մոտ 15 հազար: Դա բանակի համար աբսուրդ թիվ է:

Կոռումպացված համակարգով փչացած երկրում չէր կարող այս իրավիճակը չլինել, որովհետև արտագաղթը հասել է սարսափելի չափերի: Եվ իշխանությունները որևէ քայլ չեն անում այդ արտագաղթը կասեցնելու համար: Եթե երկրի բնակչության կեսն է մնացել, իրականում Հայաստանում այսօր 2 մլն մարդ է ապրում, ո՞նց կարող է դա չանդրադառնալ բանակի վրա: Իրենք այդ խնդիրները պետք է կարգավորեն, ոչ թե փորձեն 40-50 ուսանողի ավել բանակ տանել:

-Արդեն կան կանխատեսումներ, որ այս օրենսդրական փոփոխությունները կմեծացնեն արտագաղթի հոսքը: Արդեն ՀՀԿ-ական պատգամավորներն են ահազանգում, որ ծնողները կարող են իրենց տղա երեխաներին տանել երկրից, որպեսզի ազատեն բանակից: Դուք այդ առումով վտանգ տեսնո՞ւմ եք:

- Տղա երեխաներին արդեն երկրից տանում են, իսկ ՀՀԿ-ականները խոսելու փոխարեն թող գործեն: Իրենք նո՞ր իմացան, որ տղա երեխաներին երկրից տանում են, որ բանակ չգնան: Մարդիկ արդեն 15-20 տարի հենց դա են անում, և երկրի գլխավոր չարիքը ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելն է:

Դպրոցական տարիքից երեխաներին տանում են երկրից, տանում են շատ դեպքերում Ռուսաստան, այնտեղ մնում են մեկ տարի, երկու տարի, ուսումից հետ են ընկնում, քաղաքացիություն են ստանում այնտեղ ու հետ են գալիս: Որոշ դեպքերում էլ ընդհանրապես են երկրից հեռանում: Այսինքն՝ սա շարունակական միտում է: Հիմա ասում են՝ արտագաղթի թվերը նվազել են: Բայց երկրում մարդ  չի մնացել, էլ ո՞վ գնա:

Այսօր ով կարողանում է տրանսպորտի փող ճարել ու բարեկամ, որ իրեն տեղավորի Ռուսաստանում, նստում է «Գազել» ու գնում: Արդեն երկրից գնում են ամսական 300-400 հազար դրամ աշխատավարձ ստացողները, որովհետև այդ մարդը կենսական այլ պահանջներ ունի, որոնք չեն բավարարվում Հայաստանում: Բոլոր ոլորտներում է վատ ու գլխիվայր վիճակ: Այն, ինչ այսօր պարտադրում են ազգ-բանակի, «Ես եմ», «Պատիվ ունեմ» և այլ ճոռոմ ծրագրերի միջոցով, խայտառակության գագաթնակետն է:

- Այդ ծրագրերով կարծես սոցիալապես անապահով խավին են փորձում գայթակղել, որ չարտագաղթեն ու գնան ծառայության: Օրինակ՝ «Ես եմ» ծրագրով երեք տարվա պարտադիր ծառայության դիմաց 5 մլն դրամ է առաջարկվում մարդկանց: Դա կարո՞ղ է իրավիճակ փոխել:

- Եթե 5 մլն դրամ փող ունեն, ինչո՞ւ են մարդկանցից 1000 դրամ ողորմություն հավաքում, որ հաշմանդամություն ունեցող զինծառայողների կարիքները հոգան: Այն, ինչ հատկացվում է բանակին պետական բյուջեից, եթե հասնի զինվորին, մենք կունենանք շատ նորմալ բանակ, ֆինանսական խնդիրներ չենք ունենա: Դրա փոխարեն մամուլում ամեն օր կարդում ենք, թե այսինչ թիկունքի պետը չգիտեմ քանի միլիոն դոլարով տուն գնեց Հյուսիսային պողոտայում: Այդ ծրագրերը ճոռոմ ու անիրական են:

Լուսանկարը՝ boon.am

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am