««Գազպրոմը» պետք է «կորի գնա Հայաստանից, որովհետև օձի նման պառկել է մեր զարգացման ճանապարհին». Ռուբեն Մեհրաբյան

25-10-2017
7943 դիտում
««Գազպրոմը» պետք է «կորի գնա Հայաստանից, որովհետև օձի նման պառկել է մեր զարգացման ճանապարհին». Ռուբեն Մեհրաբյան

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որնց անցկացվեց հոկտեմբերի 25-ին Երևանում, որևէ բովանդակություն չուներ և չէր էլ կարող ունենալ, քանի որ Եվրասիական տնտեսական միությունն ինքնին անբովանդակ կառույց է: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարում արեց քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

«Համենայնդեպս բոլոր մեսիջները վկայում են այն մասին, որ բովանդակություն չկա և չի կարող լինել, քանի դեռ Ռուսաստանն իր խնդիրները միջազգային հանրության հետ չի լուծել: Եվ այն, որ Ռուսաստանը Հայաստանին որևէ բանով այլևս չի կարող շահագրգռել, դա փաստ է, և պահում է ուղղակի որպես ինքնանպատակ»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

ԵԱՏՄ անդամ-պետությունների վարչապետներն այս նիստում որևէ առանցքային հարց չեն քննարկել: Հայտարարվել է, որ ԵՏՄ անդամ երկրները լիակատար համաձայնության են եկել նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորման ծրագրի առնչությամբ, իսկ գազի առնչությամբ աշխատանքները կշարունակվեն: Քննարկվել են ապրանքների միասնական մակնշման համակարգի, վարորդական իրավունքի վկայականի, ներքին շուկաների, առևտրի, ագրոարդյունաբերության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները:

Այս նիստի շրջանակներում ուշագրավ էր հատկապես Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի այցը Հայաստան: Անդրադառնալով հարցին, թե նոյեմբերին Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք փաստաթղթի համատեքստում կարելի՞ է դիտարկել Մեդվեդևի այցը, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ որևէ ենթատեքստ այստեղ չի տեսնում: «Որևէ խոսակցություն այս մասին ռուսական կողմից չկա: Պաշտոնական Մոսկվան որևէ առարկություն չի հայտնել այդ համաձայնագրի մասին, բայց ռուսական պրոպոգանդայի ստորաբաժանումները Հայաստանում ուղղակի արշավ են սկսել այդ պայմանագրի դեմ»,- ասաց Մեհրաբյանը:

Տնտեսական առումով ևս, ըստ վերլուծաբանի, ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքը որևէ բան չի տալիս Հայաստանին:

«Նայում ենք բովանդակությունը, դատարկ թղթեր: Այս իրավիճակն է, որովհետև Եվրասիական տնտեսական միություն կոչվածում չկա ոչ Եվրոպա, ոչ Ասիա, ոչ տնտեսություն, ոչ էլ զարգացում: Այս նիստի օրակարգն էլ կարելի է հետևյալ կերպ բնութագրել՝ ոչ մի բան ոչ մի բանի մասին»,- ասաց նա:
Իրականում, Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, հենց ԵՏՄ-ն ինքն  է անբովանդակ կառույց, հետևաբար դրա նիստերը են կարող բովանդակություն ունենալ:
«Այս միության մեջ մենք փակուղում ենք հայտնվել, դրա մասին ես քանի տարի է՝ ասում եմ: Այս նիստը ժամավաճառություն էր ընդամենը»,- հավելեց նա:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանում հայտարարել էր, որ 2018 թվականին Հայաստանին վաճառվող ռուսական գազի գինն անփոփոխ կմնա:

«Ռուսաստանը Հայաստանի համար 2018 թվականին պահպանելու է գազի հատուկ սակագինը: Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Այն կայանում է հետևյալում. Հայաստանի համար հաջորդ տարի պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, որ դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»,- Երևանում լրագրողներին ասել էր Մեդվեդևը:

Նշենք, որ ռուսական կողմը սահմանին Հայաստանի գազը վաճառում է 1000 խմ-ն 150 ղդոլարով:

Ռուբեն Մեհրաբյանը նկատում է, որ գազային հարցում մենք գործ ունենք օկուպացիայի հետ: Մեդվեդևը փաստացի ասում է՝ մեկ տարի էլ գազի գնին ձեռք չենք տա, հետո կտեսնենք:

«Ասում են՝ անփոփոխ է մնալու 2018 թվականի ընթացքում: Մեր փոխվարչապետն էլ ասում է՝ ռուսները երկար ժամանակով պայմանավորվածություններ չեն ձեռք բերում իրենց գնորդների հետ: Բա էն ժամանակ ինչո՞ւ էիք մինչև 2043 թվականն ամբողջությամբ Գազպորմի ճորտ դառնալու պայմանագիր ստորագրում: Այս ամենն ուղղակի թատրոն է, որ ցույց տան, թե իբր օկուպացիան օկուպացիա չէ: Սա թատրոն է, որը խաղում է և մեր կառավարությունը, և Ռուսաստանի վարչապետը»,- ասաց նա:
Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, ստում են՝ հայտարարելով, թե Հայաստանը Ռուսաստանից ստանում է էժան գազ: Իրականում էժան գազ ստանում է Հայաստանում գործող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, որն այն կրկնակի թանկ գնով վաճառում է սպառողին:

Այս ամենը, ըստ Մեհրաբյանի, ցույց է տալիս մեկ բան՝ «Գազպրոմը» պետք է «կորի գնա Հայաստանից, որովհետև օձի նման պառկել է մեր զարգացման ճանապարհին»:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am