«Եկել եմ Ֆրանսիա, որ բախտս բացվի, կամ գոնե երեխա ունենամ մենակ ինձ համար, ու հետևիցս չասեն` անբարոյական». «Ալամեզոն» Բլոգ

27-10-2017
3436 դիտում
«Եկել եմ Ֆրանսիա, որ բախտս բացվի, կամ գոնե երեխա ունենամ մենակ ինձ համար, ու հետևիցս չասեն` անբարոյական». «Ալամեզոն» Բլոգ

- Անկեղծ կասե՞ք` ինչի՞ եք եկել Ֆրանսիա, քաղաքական ապաստա՞ն խնդրելու:

- Անկե՞ղծ: Եթե անկեղծ ասեմ` չեք հասկանա: Ես 34 տարեկան եմ, երբեք չեմ ամուսնացել, անգամ ամուսնության առաջարկ չեմ ստացել: Շատերին, հատկապես մեր պես փոքր գյուղերում, 15-16 տարեկանից տրամադրում են ամուսնանալու, ես սովորում էի, ժամանակ չկար: Հայաստանում 25-26 տարեկանին արդեն ասում են` դե ուշացնում ես, մի բան արա: Ես ի՞նչ մեղավոր էի, որ ինձ ոչ մի կարգին տղա չէր հավանում: Հետո էլ` 30-ն արդեն դատավճիռ է` տունն ես մնացել: Էլ չէի դիմանում, ինձ էնպես էին նայում, կարծես 80 տարեկան տատիկ էի, իսկ ես ընդամենը 30 տարեկան եմ: Էստեղ 30-ում մարդիկ դեռ նոր են մտածում ամուսնության, երեխայի մասին: Անկեղծ` ինչի՞ եմ եկել Եվրոպա: Եկել եմ, ոնց որ հայերն են ասում, որ բախտս բացվի, գոնե ստեղ ամուսնանամ կամ գոնե երեխա ունենամ մենակ ինձ համար, ու հետևիցս չասեն` անբարոյական, կամ գոնե հեռու մնամ էդ խոսակցություններից, թե տունն եմ մնացել…

Էս դեպքն ինձ պատմեցին հայերը, անկեղծ ասած` չգիտեմ` իրակա՞ն է, թե մի քանի բան հորինել են, հատկապես, երբ ասում են, որ էս կինը Փարիզում հենց առաջին հարցազրույցից քաղաքական ապաստան է ստացել։ Բայց էն, որ Հայաստանում խնդիրն առկա է, անժխտելի է։ 

Եվ հարցը ոչ միայն, ըստ հասարակության, «ամուսնության տարիքն անցած» կանայք են։ Ամուսնալուծված, արտաամուսնական կապից երեխա ունեցող կանայք և այրիները կարծես թե համարվում են երկրորդ դիվիզիոն և գրեթե հնարավորություն չունեն փորձելու ևս մեկ անգամ գտնել կանացի երջանկությունը։ Նրանք միանգամից քննարկման թեմա են դառնում հարևանի և բարեկամի առավոտյան սուրճի սեղանի շուրջ։ Զարմանում եմ, թե ինչի՛ մեզ մոտ էլ ընդունված չէ հնդկական ավանդույթը ՝ կնոջն այրել ամուսնու դիակի հետ կամ աքսորել մերժվածների քաղաք։ Ի՜նչ սարսափելի է, չէ՞. ունես մի կյանք և ստիպված ես ամբողջ կյանքդ մենակ ապրել, ինչ է թե` մի քանի կին կարող են հետևիցդ փսփսալ` տեսար էդ փչացածին։ Հետաքրքիր է, որ այդ նույն «մի քանի» կանայք, երբեք էլ չլինելով Եվրոպայում, վստահաբար եզրակացնում են` Եվրոպան պոռնիկների և այլասերվածների միջավայր է, էնտեղ նորմալ ընտանիքի աղջիկը մենակ իրավունք չունի գնալ։ Ի դեպ, նման կանանց զոհը տարիներ առաջ դարձա և ես. արտերկրում սովորելու հնարավորություն ունենալով` չկարողացա գնալ, որովհետև «բա 18 տարեկանը մենակ Եվրոպա կգնա՞»:

Իհարկե, 10 տարի անց ինչ-որ բան փոխվել է, բայց, ցավոք, ամենակարևորը դեռ չի փոխվել. կինը մնում է մեր հասարակության ամենախոցելի զոհը։ Ըստ էության, հասարակությունն է որոշում կնոջ ճակատագիրը. 30 ես` էլ ո՞ւր հարսի շոր հագնես, ուշացել ես, 40 ես`էլ ո՞ւր երեխա ունենաս, էն էլ մենակ, չե՞ս ամուսնացել, մնա՛ հերանցդ տանը մինչև մահ, ամուսինդ քեզ անխնա ծեծո՞ւմ է, ոչինչ, դիմացի՛, բա հո չե՞ս բաժանվելու, ամուսինդ թողել գնացե՞լ ա տնից, ոչի՛նչ, նստի սպասի իրան ամբողջ կյանքդ։

Իհարկե, իրավիճակն է՛լ ավելի է բարդացնում Հայաստանի սոցիալ-տնտեսական դրությունը։ Կարծում եմ` եթե հայ կինը ֆինանսապես ավելի անկախ լիներ, նրա անձնական կյանքը շատ ավելի ազատ կլիներ, իսկ ազատություն չի նշանակում անբարոյական լինել: Տխուր է, երբ մեկը հավասարեցնում են մյուսին։ 

Էդ հարցում եվրոպացի կանանց բախտը բերել է. ֆինանսապես ազատ լինելով` կանայք իրենք էլ ազատ են, կինը կարող է երկար չամուսնանալ կամ ընդհանրապես չամուսնանալ, երեխաներ ունենալ, ապահովել իր երեխաներին ամեն ինչով, երեխաները կարող են մի ծնող ունենալ և իրենց լիարժեք ընտանիքում զգալ։ Դա չի նշանակում, որ բոլորն են էդպիսին։

Գուցե կզարմանաք, բայց ամուսնուս մեծ գերդաստանում ընդհանրապես ամուսնալուծված մարդ չկա, սկսած Ժերար պապից և Իվոն տատից, ովքեր այս տարի նշեցին ամուսնության 60-ամյակը:

Մարդիկ ավելի քան կես դար սիրո և համերաշխության մեջ են ապրում, Ժորդանի ծնողները` 36 տարի, հորաքույրերը` ավելի քան 30 տարի և այլն։ Բնական է, երբ ամուսնանում ես, ամեն գնով փորձում ես ընտանիքդ պահել, իսկ երիտասարդ, 30-ն անց կինը ևս երազում է հարսանեկան զգեստի մասին, ամուսնալուծված կինը՝ նոր, ամուր սիրո մասին, բայց ցանկացած ձախողման դեպքում համարիր քեզ թաղված քննադատության թանձր մոխրի տակ։ Հետաքրքիր է, որ նույն կարգավիճակի տղամարդիկ երբեք էլ քննադատության կամ քննարկման թեմա չեն դառնում, եթե անգամ հինգ անգամ ամուսնանան։ Իսկ ի՞նչ է անում ֆրանսուհին. գլուխը բարձր է պահում և հպարտ ասում` ես արժանի եմ ավելի լավ ճակատագրի, վստահ և առանց ամաչելու փնտրում է իր ապագան։ 

Եթե այսքանը կարդալուց հետո ձեզ մոտ ցանկություն առաջանա գրել, թե ֆրանսուհիները միշտ են այսպիսին եղել, ապա ասեմ, որ ֆրանսիացի կանայք առաջին անգամ ընտրություններին մասնակցելու իրավունք կարողացել են ստանալ միայն 1944 թվականին։

Ես էլ իսկապես չգիտեմ` հավատա՞լ հայ կնոջ պատմությանը, թե՞ ոչ, բայց հաճախ եմ հիշում այդ դեպքը, և եթե իսկապես եղել է, շատ կցանկանայի, որ այդ կինը իսկապես գտած լինի այն, ինչի համար ստիպված է եղել լքել Հայաստանը։ 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog