«Անբարոյականություն է, որ բանակում չծառայածներն այսօր լեզուները երկարացրել ու խոսում են երկրի պաշտպանության խնդիրներից». փաստաբան

28-10-2017
8517 դիտում
«Անբարոյականություն է, որ բանակում չծառայածներն այսօր լեզուները երկարացրել ու խոսում են երկրի պաշտպանության խնդիրներից». փաստաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Նորայր Նորիկյանը։

- Պարո՛ն Նորիկյան, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթներ բուռն քննարկումների տեղիք են տվել, որոնք մասնավորապես վերաբերում են տարկետման իրավունքը հանելուն։ Այդ դրույթի հակառակորդները պնդում են, որ գիտության ասպարեզում անկում կգրանցվի։ Դուք կիսո՞ւմ եք այդ մտահոգությունները։

- Ցավոք, ես դեռ չեմ լսել այնպիսի լուրջ հիմնավորումներով առարկություն գիտության բնագավառի ներկայացուցիչների կողմից, որոնցով հնարավոր կլիներ եզրակացնել, որ ներկայացված օրինագիծը սպառնալիք է ստեղծում հայրենի գիտության հետագա զարգացման համար։ Ինչ խոսք, գործող իրավական կարգավորումների շրջանակում Վիգեն Սարգսյանի առաջարկած օրինագծերը բեկումնային են, արմատական փոփոխություններ են ենթադրում։ Բայց լուծո՞ւմ են ոլորտում առկա խնդիրները. ես կարծում եմ, որ լավագույն լուծումները չեն ընտրված։ Կարո՞ղ էին ավելի լավ լուծումներ լինել. իհարկե կարող էին։

Կարո՞ղ էին ավելի համարձակ տնտեսակարգեր սահմանվել հատկապես ուսման բերումով տարկետման իրավունքի տրամադրման սողանցքից օգտվողների դեմն առնելու համար` կարող էին։ Բայց, իմ խորին համոզմամբ, լավագույն լուծումները չեն ընտրվել։ Մեր խնդիրը հետևյալն է. հաշվի առնելով Հայաստանի ներկա պատմաքաղաքական ժամանակաշրջանը, մենք պետք է գտնենք այնպիսի ոսկե լուծումներ, որոնք մի կողմից չեն վնասի պաշտպանությանը, մյուս կողմից՝ կրթությանը։ Տեսեք` ԱԺ-ում լսումների ժամանակ պաշտպանության նախարարը մի մտահոգիչ թիվ հրապարակեց, ըստ որի ուսման բերումով տարկետում ստացողների միայն 16 տոկոսն է հետագայում ծառայում բանակում։

Նշանակում է` մնացած 84 տոկոսը այս կամ այն ձևով հետագայում չի անցնում զինվորական ծառայության։ Ես կարծում եմ, որ սոցիալական արդարության տեսանկյունից արդար չէ, երբ մարդը ուսման բերումով տարկետման սողանցքից օգտվելով հետագայում զբաղեցնում է պաշտոններ, ենթադրենք` ընտրվում է համայնքապետ, նշանակվում է մարզպետ, դառնում է պատգամավոր, կառավարության անդամ, բարձր պաշտոններ է զբաղեցնում և զբաղվում է երկրի պաշտպանության խնդիրներով։

Իսկ այս կոնտինգենտը երկրի պաշտպանությանն անպայման մասնակցելու է, քանի որ նույն «Պաշտպանության մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ պատերազմի ժամանակ, ռազմական դրության ժամանակ իքս քաղաքի քաղաքապետը կամ իքս մարզի մարզպետը պարտավոր է լինելու զբաղվել տվյալ տարածքի պաշտպանական ռեսուրսի մոբիլիզացման խնդրով։ Ստացվում է, որ մարդուն, որ չի ծառայել բանակում, հանկարծ երկրի համար ամենաճգնաժամային պահին վստահված է լինելու երկրի պաշտպանության համար մոբիլիզացման խնդիրների կարգավորումը։ Սա արդար չէ, հետևաբար, պետք է գտնել այնպիսի ոսկե լուծում, որը չի վնասի կրթական համակարգին և չի սպառնա երկրի պաշտպանական խնդրին։ Այս առումով, կարծում եմ, որ ո՛չ գործող իրավակարգավորումներն են լավը, ո՛չ էլ առաջարկվողը։

- Շատերը նշում են, որ «սողանցքեր» միշտ էլ կլինեն, և, օրինակ` պաշտոնյաների զավակները դարձյալ չեն ծառայի` այս անգամ էլ, ասենք, առողջական կեղծ թղթեր ներկայացնելով։

- Ես մի օրինակ բերեմ. թե՛ գործող զինապարտության օրենքում, թե՛ առաջարկվող օրինագծում հստակ մի կետ կա, որտեղ նշված է, որ ԱԺ պատգամավորը չի կարող զորակոչվել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Գործող Սահմանադրությամբ` ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած ՀՀ քաղաքացին։ Ենթադրենք, մարդն ընդունվել է համալսարան և գործող իրավակարգավորումներով, ուսման համար ստանում է տարկետումներ, իսկ 25 տարեկանը լրանալուց հետո դառնում է ԱԺ պատգամավոր և օրենքի ուժով այլևս չի ծառայում բանակում։

Հետո այդ պատգամավորը որոշումներ է ընդունելու զինապարտության մասին, որոշելու է, թե ինչպե՛ս պետք է ծառայեն Հայաստանի զինված ուժերում, երբ ինքը պատկերացում չունի, թե ի՛նչ են զինված ուժերը։ Սա, ես կարծում եմ՝ արդար չէ։ Ի՞նչ պետք է անել այս պայմաններում։ Իհարկե, իդեալական կլիներ, եթե Հայաստանի բանակը լիներ պրոֆեսիոնալ, այսինքն` պարտադիր ժամկետային զորակոչ չկազմակերպեինք, բայց այնքան հնարավորություն ունենայինք, որ վարձատրեինք պրոֆեսիոնալ բանակը։ Ցավոք, մենք չունենք այդ հնարավորությունը։ Ես այս քննարկումներից հետո մի բան հասկացա և կամաց-կամաց հանգում եմ այն մտքին, որ ճիշտ կլիներ բոլորին տանել բանակ 18 տարին լրանալուց հետո, բայց բանակի ժամկետը կրճատել։

Իսկ հիմա Վիգեն Սարգսյանը քողարկված կերպով որոշակի կատեգորիաների համար բանակը դարձնում է երեք տարի, իսկ ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ բանակը բոլորի համար դարձնել 1,5 տարի։ Սա բարձրագույն կրթություն ստացողների համար մեծ տարիք չէ, անձամբ ես բանակից հետո եմ ընդունվել բուհ ու սովորել։ Որևէ ողբերգություն չկա 1,5 տարի կորցնելու մեջ։ Հիմա այս առումով` այս առաջարկվող համակարգի կարգավորումներով չենք լուծում այդ հարցը, հետևաբար, լավ կլիներ, եթե 18 տարեկանում բոլորը գնային ծառայելու 1,5 տարի։ Այդպես է Վրաստանում, Ռուսաստանում, իսկ Թուրքիայում ընդհանրապես բանակ են զորակոչում 21 տարեկանում։

Մեր պետությունը պետք է երկու գլոբալ հարցի պատասխանի. ինչպիսի՞ պաշտպանական համակարգ է առաջիկա տարիների համար պլանավորում և ինչպիսի՞ կրթական համակարգ է ցանկանում ունենալ։ Մի կողմից` մենք չենք կարող սպառնալիքի տակ դնել կրթական համակարգի հետագա գոյությունը, որի նորմալ գոյությամբ է պայմանավորված մեր երկրի զարգացումը, մյուս կողմից` չենք կարող նաև սպառնալիքի տակ դնել երկրի պաշտպանության հարցը։ Հետևաբար, պետությունն իր համար ռազմավարական գլոբալ հարցի պատասխան պետք է տա. այս իրավակարգավորումներով, այս գործիքակազմով ինքն արդյոք լուծո՞ւմ է այս հարցը, որովհետև քողարկված ձևով բանակը 3 տարի դարձնելով մենք պատուհան ենք ստեղծելու մարդկանց համար՝ հնարավոր բոլոր միջոցները գործադրելով իրենց երեխաներին փախցնել երկրից։

- Նախարարը հայտարարեց, որ օրենքը լավ չեն ընթերցել, իրականում ծառայության ժամկետը 24 ամիս է։

- Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար, այո՛, ժամկետը 24 ամիս է, բայց նույն նախարարը տեսեք ի՛նչ է առաջարկում. այս իրավակարգավորումներով, «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերով մարդուն ասում են՝ եղբա՛յր, եթե դու ուզում ես ծառայել և գումար ստանալ, քեզ առաջարկում ենք երեք տարի ժամկետով ծառայություն, շաբաթվա երկու օրը կգաս տուն, վերջում էլ 5 մլն դրամ կստանաս։

Իսկ բարձրագույն ուսում ստացողներին ասում է. եթե ուզում ես 18-22 տարեկանում սովորել և այդ ընթացքում տարկետում ստանալ, քեզ տալիս ենք այդ տարկետումը, բայց դու պարտավորվում ես ամեն շաբաթ գնալ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում ռազմական պատրաստության դասեր անցնես, իսկ բուհն ավարտելուց հետո պետք է ինձ հետ կնքես երեք տարվա պայմանագիր։ Սա ի՞նչ է, եթե ոչ բանակը քողարկված ձևով երեք տարի դարձնելու տարբերակ։

Ես իմ օրինակը կարող եմ բերել. երկու տղա ունեմ, երբ իմ տղան դառնա 18 տարեկան, հնարավոր է` իմ առջև հարց դնի, ասելով. պապա՛ ջան, ավելի լավ է ես գնամ 3 տարի ծառայեմ ու 5 մլն դրամ ստանամ, քան թե 2 տարի ծառայեմ և ոչինչ չստանամ։ Հետևաբար չստացվե՞ց, որ շատերն ընտրելու են երեք տարի ծառայությունը, ու քողարկված ձևով զինծառայությունը դառնում է երեք տարի։ Նույնը վերաբերում է բուհ ընդունվողներին։ Տղաս գալու է ասի. պապա՛ ջան, ավելի լավ է ես հիմա մինչև 22 տարեկանը սովորեմ ավարտեմ, ու շատ հնարավոր է, որ ծնողը համաձայնի այդ տարբերակին։

Որովհետև եթե իմ տղան բուհ է ընդունվում, նրա ուսման շարունակականությունը չպետք է խաթարվի։ Իսկ այդ դեպքում նա հետո պետք է երեք տարի ծառայի։ Չստացվե՞ց, որ սա քողարկված երեք տարի է։ Այսինքն` ակնհայտ է, թե սա ուր է տանում, այլ խնդիր է՝ դա ճի՞շտ լուծում է, թե՞ ոչ։ Ես կարծում եմ, որ դա պարտադրված քայլ է, քանի որ ժողովրդագրական վիճակը, արտագաղթի տեմպերն այն չափերի են հասել, որ երկիրը պաշտպանության խնդրի առջև է կանգնել։ Սա շատ լուրջ սպառնալիք է, մենք կոնտինգենտի լուրջ խնդիր ունենք։

- Այսինքն՝ Դուք համարում եք, որ ձևակերպված չեն նպատակները, թե ի՛նչը և ինչպե՛ս պետք է իրականացնեն։

- Ես կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանը փորձում է արմատացած, կարծրացած մտայնությունը ջարդել և, նոր գաղափարներ ներդնելով, փորձում է իր պատկերացմամբ, ստեղծել մի այնպիսի գործիքակազմ, որը կբերի և՛ պաշտպանունակության բարձրացման, և՛ ընդհանրապես զինված ուժերի բարեփոխման խնդիր կլուծի։ Սրա լավագույն պատասխանը տալու է ժամանակը։

Կհաջողի՞ Վիգեն Սարգսյանին հասնել դրված նպատակին` բոլորս կծափահարենք, իսկ եթե չի հաջողի, ես մի առիթով ասել եմ, որ նրան դատելով էլ խնդիրը չենք լուծի։ Սա այն ոլորտն է, որն առնչվում է մեր երկրի ազգային անվտանգությանը։ Այս առումով ես կարծում եմ, որ առաջարկվող օրինագծում կան նաև լավ դրույթներ, բայց կան նաև վիճահարույց դրույթներ։

Ես կարծում եմ, որ նա ավելի համարձակ պետք է գտնվեր և կետ ամրագրեր, որ ով չի ծառայել, չպետք է անցնի հանրային ծառայության։ Բայց նա գնացել է այլ ճանապարհով և ասում է՝ ովքեր օրենքի խախտմամբ չեն ծառայել, միայն նրանք չենք կարող անցնել հանրային ծառայության։ Եղբա՛յր, հիմա էլ նույն վիճակն է. մարդիկ օրենքի սողանցքերն օգտագործելով չեն ծառայում, հետո պատուհաս են դառնում երկրի գլխին։ Հատկապես պաշտոնյաների որդիները։ Թող հանեն վիճակագրության թվերը, թե տոկոսային հարաբերությամբ որքա՛ն են չծառայածների մեջ պաշտոնյաների զավակները։ Թող նայեն, թե ինչո՛վ են զբաղվում այդ մարդիկ հետագայում։ Եթե կուզեք իմանալ` անբարոյականություն է, որ բանակում չծառայածներն այսօր լեզուները երկարացրել ու խոսում են երկրի պաշտպանության խնդիրներից։ Սա մեր պետության ողնաշարը ջարդող հիմնական չարիքներից մեկն է։

Մանե Հարությունյան

MediaLab.am