«Ընտանեկան բռնության օրինագիծը խաթարում է ընտանեկան անվտանգության իմ քրիստոնեական և պահպանողական պատկերացումները». Էդուարդ Շարմազանով

01-11-2017
3271 դիտում
«Ընտանեկան բռնության օրինագիծը խաթարում է ընտանեկան անվտանգության իմ քրիստոնեական և պահպանողական պատկերացումները». Էդուարդ Շարմազանով

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

- Պարո՛ն Շարմազանով, ՀՀԿ պատգամավորները կտրուկ մերժում են կառավարության նախաձեռնած «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը։ Ինչո՞ւ մեկ գիշերում կուսակցության ներկայացուցիչները մտափոխվեցին։

- Նախ` օրենքն Ազգային ժողով չի էլ եկել, որ ՀՀԿ-ն դեմ կամ կողմ քվեարկի։ Հենց կառավարությունը հաստատել է, մենք սկսել ենք քննարկումները։ Ես օրենքի նախնական տարբերակում տեսնում եմ խնդրահարույց կետեր։ Ֆիքսում ենք մի բան, որ բոլորս էլ բռնությանը դեմ ենք, չկա Հայաստանում նորմալ մարդ, որը բռնությանը դեմ չլինի։

- Այդ դեպքում օրենքի ո՞ր դրույթն է խնդրահարույց։

- Օրենքում նշված չէ, թե ի՛նչ է հոգեբանական բռնությունը, տնտեսական բռնությունը։ Ասենք, աղջիկս 18 տարեկան է, գալիս ասում է՝ գիշերը գնում եմ «Ֆրայդի նայթ», գիշերը տուն չեմ գալու, ես էլ թույլ չեմ տալիս։ Հիմա նա կարող է ասել, որ սա հոգեբանական բռնությո՞ւն է։ Կամ` տղաս ասում է՝ ուզում եմ հաշիշ օգտագործել։ Պատիժը նաև դաստիարակչական միջոց է։ Մեր ընտանիքներում ծնողները երեխաների համար պատասխանատու են։

- Իրավապաշտպաններն ասում են, որ այս աղմուկը բարձրացրել են հանրապետականները նրա համար, որ ավելի թուլացնեն այն կարևոր կետերը, որոնք կան այս նախագծում, մասնավորապես, կանանց տնտեսական իրավունքների մասով։

- Կանանց ի՞նչ տնտեսական իրավունքներ։ Ի՞նչ է եղել կանանց։ Մի քանի օր առաջ էլ հայտնի կին գործիչներից մեկը, որին ես շատ հարգում էի, հարցազրույց է տվել ու ի պատասխան ինձ ասել է, որ այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ իշխանության ներկայացուցիչների կանայք ենթարկվում են տնտեսական ու հոգեբանական բռնության։ Մեկդ զանգեք կնոջս ու հարցրեք` նա երբևէ հոգեբանական ու տնտեսական բռնության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ։ Այսինքն՝ ամեն ինչը նույնականացնել ու Հայաստանի հետ կապելը ճիշտ չէ։ Ես կարծում եմ, որ նախ` ընտանեկան բռնություն չպետք է լինի, այլ պետք է լինի ընտանիքում բռնություն։ Ի վերջո, մենք հազարամյակներով այսպես ենք ապրել, բռնությանը բոլորս էլ դեմ ենք։ Որևէ նորմալ մարդ չի կարող բռնությանը կողմ լինել, բայց այս օրենքի նախագծում կան շատ խնդրահարույց կետեր։

- Այս հարցը քննարկվե՞լ է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում։

- Գործադիր մարմնում առանձին չենք քննարկել։ Առանձին քննարկում ենք արել խմբակցության պատգամավորների հետ։

- Խմբակցությունում բոլո՞րն են դեմ եղել օրենքի նախագծին, թե՞ եղել են այն պաշտպանողներ։

- Ես ինչպե՞ս կարող եմ բոլորի անունից խոսել։ Մարդիկ կան, որ կողմ են, մարդիկ կան, որ դեմ են։ Մարդիկ կան, որ ինձ նման են ու ասում են, որ բռնությունը պետք է դատապարտվի, բռնությունը չի կարելի ողջունել, բայց օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր, որոնք պետք է վերանայվեն կամ պետք է գոնե բացատրություն տրվի, թե ինչ է տնտեսական բռնությունը։ Ասենք, ես աշխատավարձ եմ ստանում, երեխաս ասում է՝ ես Այֆոն հեռախոս եմ ուզում, ես էլ չեմ առնում։ Նա էլ կարող է ասել, որ ես տնտեսական բռնությա՞ն եմ ենթարկում իրեն։ Ընտանիքը, ի վերջո, մեկ ամբողջություն է։ Ես չեմ ասում, որ օրենքը պետք է հետ տարվի։ Պետք է քննարկենք, հիմա չեմ ուզում կանխորոշել ու ասել՝ օրենքը կընդունվի կամ չի ընդունվի, կուժեղացվի, թե կթուլացվի։ Խնդիրը դա չի, խնդիրն այն է, որ մենք պահպանողականներ ենք։ Ես ազատական չեմ։

- Բայց այս օրենքի նախագիծը գրել են արդարադատության նախարարությունում, որտեղ հիմնականում պահպանողական հանրապետականներ են։

- Հանրապետականում էլ կարող են լինել տարբեր կարծիքներ։ Ես Դավիթ Հարությունյանի դեմ ոչինչ չեմ ասում, նա իմ լավ գործընկերն է, ես իրեն շատ հարգում եմ, բայց ինչպես ասում են՝ Պլատոնն ընկերս է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Ես ունեմ իմ ճշմարտությունը, որը բխում է իմ գաղափարից։ Ես չեմ ասում, որ իմ ասածը վերին ատյանի ճշմարտություն է, բայց տնտեսական բռնության, հոգեբանական բռնության հետ կապված, ապաստարանների հետ կապված խնդրահարույց կետեր կան։

- Նաև տեսակետ կա, որ այս ամենը ՀՀԿ-ն բեմադրում է՝ ԵՄ-ից ավելի շատ գումարներ ստանալու համար։

- Ինչի մենակ ՀՀԿ-ն է քննադատե՞լ, հանրապետականներից առաջ, քննարկումների ժամանակ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ շատ ավելի խիստ են քննադատել օրենքի նախագիծը։ Բացեք նայեք, թե լսումների ժամանակ ո՛ր կուսակցությունն է ավելի շատ քննադատել։ Հետո` սա պետք չի կուսակցականացնել, սա ավելի շատ արժեքային խնդիր է, որը պետք է նայենք։

- Իսկ ինչո՞ւ որևէ մեկը «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ դեմ չարտահայտվեց, թեև շատ էին մտահոգիչ դրույթները։

- Որովհետև «Զինապարտության մասին» օրենքը բխում է ազգային անվտանգության ամրապնդման գաղափարախոսությունից, իսկ այս օրենքը նախնական տեսքով չի բխում այն արժեքային համակարգից, որը կա և եղել է մեր քրիստոնեական ավանդական ընտանիքում և այս ձևով խաթարում է նաև ընտանեկան անվտանգության իմ քրիստոնեական և պահպանողական պատկերացումները։

- Հնարավո՞ր է նախագիծն ընդհանրապես մերժվի։

- Չեմ կարող ասել։ Մենք սկսել ենք քննարկումները, ինքս դեռ հեռակա եմ մասնակցում քննարկումներին, կուսակցությունում կան տարբեր կարծիքներ։ Ես չեմ ասում` օրենքը վերցնենք դեն նետենք։ Նախ պետք է ֆիքսվի նպատակը. նպատակ ունե՞նք, թե՞ ասել ենք` պիտի անենք։ Նպատակը ո՞րն է, հայ ընտանիքն ավելի՞ առողջացնել, խաղաղեցնել, թե՞ ավելի խնդիր սարքենք մեր ընտանիքում, որ ամուսիններն ավելի շատ կռվեն, բաժանությունները շատանան։ Ընտանիքը հանրության և պետության հիմքն է, յուրաքանչյուր ընտանիքում էլ կան խնդիրներ։ Ես մի բան գիտեմ, որ մատի ու մատանու արանքը, որը ամուսինն ու կինն են, ինչքան քիչ մտնող լինի, այնքան ավելի լավ։

- Դուք տեսնո՞ւմ եք, որ կա նման նախագծի անհրաժեշտություն։

- Ես բռնությունը դատապարտելու անհրաժեշտություն եմ տեսնում, իսկ թե դա ընտանեկան թե քրեական օրենսգրքով կլինի` քննարկման առարկա է, բայց միևնույն ժամանակ այս օրենքի մեջ տեսնում եմ խնդրահարույց կետեր, որոնց բացատրությունը առ այս պահը ինձ համար բացահայտված չէ։

Մանե Հարությունյան

MediaLab.am