«Ամեն հասարակ բանից կեղտոտ լվացքը հանելու են, փռեն փողոցում, բոլորին ցույց տան». Ալիկ Սարգսյան

04-11-2017
3316 դիտում
«Ամեն հասարակ բանից կեղտոտ լվացքը հանելու են, փռեն փողոցում, բոլորին ցույց տան». Ալիկ Սարգսյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

- Պարո՛ն Սարգսյան, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ականները խնդրահարույց են համարում «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Պատճառաբանվում է, թե ՀՀԿ-ն պահպանողական կուսակցություն է, և անթույլատրելի է այլ անձանց միջամտությունը ընտանիքներին: Ինչի՞ն են դեմ ձեր կուսակիցները:

- Օրենքում կան դրական նշույլներ, կանխատեսումներ՝ հետագայում մեր ապրելակերպին որևէ կերպ չվնասող: Բայց կան նաև կետեր, որոնք փոփոխության ու վերանայման կարիք ունեն: Այս պահին աշխատում ենք և՛ հանձնաժողովներով, և՛ խմբակցությունով: Թույլ տվեք ես դրան մի քիչ ավելի ուշ անդրադառնամ:

- Օրինակ՝ դուք ինչի՞ն եք դեմ:

- Օրինակ՝ անունին, սկսենք հենց այստեղից: «Ընտանեկան բռնություններ» բառակապակցությունը ես չեմ ընդունում: Ես չգիտեմ, թե այս վիճակագրական տվյալները որտեղից և ոնց են վերցրել ու տվել մնացած կառույցներին, թե մեր մոտ էսքան դեպքեր կան: Ինձ թվում է՝ այդ դեպքերը վերաբերում են մեր հասարակության մաս կազմող ինչ-որ 0,1 տոկոս մարդկանց, որոնք, իրոք, երևի թե ենթարկվում են ընտանեկան բռնության, բայց մնացած ընտանիքներին դա չի վերաբերում: Ես էլ եմ այս հասարակության անդամ: Ցանկացած օրենք ամեն մարդ փորձում է իր վրայով ինչ-որ ձև անցկացնել, հասկանալ համապատասխանելիության վիճակը, թե ինչքանով ինքը որևէ կերպ կառնչվի այդ օրենքին: Ինձ և մնացած հազարավոր մարդկանց, որոնց ընտանիքներին ճանաչում եմ, այս օրենքը չի առնչվում:

- Գուցե դուք չենք առնչվում, բայց փաստ է, որ ընտանեկան բռնության դեպքերը բավական տարածված են:

- Ես ասում եմ՝ դրանք իմ կարծիքով շատ քիչ են: «Բռնություն» բառը տեղին չէ, չասենք «ընտանեկան բռնություն», էդ «ընտանեկան» բառին իմ ընկալումն այսօր չի համապատասխանում: Ես չեմ հասկանում` ինչ է «ընտանեկան բռնությունը»: Մեր հասարակության լայն խավին դա հասկանալի չէ: Մի քանի մասնավոր դեպքերով բերենք դա սարքենք ընդհանրացված օրենք և փորձենք մեր ազգային բնութագրի շրջանակներում դա տեղավորել` անթույլատրելի է:

- Ձեր ասածից ստացվում է, որ հայ տղամարդիկ չե՞ն ծեծում իրենց կանանց, հոգեբանական բռնության չե՞ն ենթարկում:

- Կարող է մեկ, երկու, տասը կամ քսան դեպքեր լինեն, բայց դա ընդհանրապես վերագրել բոլորին, հայ ընտանիքին` հարիր չէ: Հոգեբանական ու տնտեսական բռնությունն էլ, ճիշտը որ ասեմ, ինձ համար էս պահին հասկանալի էլ չէ, ես պետք է յուրացնեմ: Ի՞նչ ասել է հոգեբանական ու տնտեսական բռնություն:

- Օրինակ՝ կա դեպք, երբ ամուսինը կնոջը սպառնում է, թե կհանի նրա աչքերը, կկտրի ականջները, դա հոգեբանական բռնություն չէ՞:

- Հետո, դա ի՞նչ էր, հոգեբանական բռնությո՞ւն: Իսկ այդ օրենքի ժամանակ ի՞նչ պիտի անեն:

- Եթե օրենքը լինի, կկանխարգելեն, որպեսզի սպառնացող ամուսինը ֆիզիկական հաշվեհարդար չտեսնի կնոջ հետ:

- Ի՞նչ պետք է անեն, կվերցնեն ու կնոջը կտանեն ինչ-որ ապաստարան, որից հետո 100 մետր սահման կչափեն, մետրով կսահմանեն, կասեն՝ ամուսինդ եկավ, 100 մետրից ավել չի կարա մոտենա: Է՞դ եք ուզում: Էն, ինչը ծայրահեղություն է պարունակում իր մեջ, ինձ մտածելու տեղիք է տալիս: Այս օրենքը ծայրահեղության էլեմենտներ է պարունակում, լուրջ վերամշակման կարիք ունի:

- Դուք նախկին ոստիկանապետ եք եղել, քի՞չ են եղել դեպքեր, երբ ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է իրավապահներին: Իսկ ոստիկանները, որպես կանոն, այսօր չեն արձագանքում նման դիմումներին, ինչը նաև օրենսդրական բացի հետևանք է:

- Համեմատած էն մյուս դեպքերի` այդ դեպքերը շատ ավելի քիչ են եղել: Եվ մեր այսօրվա օրենքները լրիվ նախատեսում են էն բոլոր գործողությունները, որոնցով մենք կկանխարգելենք այս բոլոր հանցագործությունները: Եվ այնպես չէ, որ այդ նոր օրենքով մենք կկարողանանք վերացնել «ընտանեկան բռնություն» կոչվածը:

- Օրինակ՝ ո՞ր օրենքով կարող ենք կանխարգելել: Քրեական օրենսգիրքն է գործում այդ դեպքերում, բայց արդեն այն ժամանակ, երբ անձը բռնության է ենթարկված լինում:

- Ցանկացած օրենքով կա էդ կանխարգելումը: Մեր Քրեական օրենսգիրքը վերցրեք ու կարդացեք, բոլոր դեպքերում ինչ-որ միջոցառումներ արվում են:

- Այդ դեպքում ինչո՞ւ իրավապահները պատշաճ արձագանք չեն տալիս այդ դեպքերին:

- Ես չգիտեմ՝ ամուսինը կծեծի, հարևանը կծեծի թե հայրը, եթե նա ունի համապատասխան վնասվածք և բողոքի առիթ, որ արդեն պետք է պարզաբանվի, ոստիկանությունն անպայման արձագանքում է:

- Այսինքն՝ հարցը հասնում է ֆիզիկական բռնությանը, ծեծից կամ սպանությունից հետո են միայն իրավապահներն արձագանքում: Իսկ այս նոր օրինագիծը միտված է կանխարգելելուն, որպեսզի բանը չհասնի ծեծելուն ու սպանելուն:

- Չէ՛, չեն ծեծում: Այսինքն՝ ցանկացած մարդ, դա կլինի ամուսինը թե հայրը, հասկանում է, որ եթե ոտնձգություն ցուցաբերեց, երեխային վնասեց, կնոջը վնասեց, դրա համար դատապարտվելու է: Ո՞վ է թույլ տվել, որ հայրը տղային ծեծի: Հիմա էս օրենքը փորձում է հենց բռնությունների այս մասն առանձնացնել, դա սարքել առանձին օրենք, ընտանեկան բռնություններ: Հիմքը դրված է կանխարգելում, հիմա ուսումնասիրենք, թե ինչքանո՛վ է արդիական այդ կանխարգելումը և ինչքանո՛վ կտարածվի մեր հասարակության մեջ:

- Տեսակետ կա, որ գուցե ՀՀԿ-ականները տանն իրենց կանանց ու երեխաներին բռնությունների են ենթարկում, դրա համար են դեմ այս նախագծին:

-Կներե՛ք, դա հիմար տեսակետ է: Չեն բողոքում ՀՀԿ-ականները, ես ինքս ՀՀԿ անդամ եմ, եթե մի հարց եմ բարձրացնում, դա նշանակում է, որ ես բողոքո՞ւմ եմ: Գեղեցիկ կլինե՞ր ձեզ համար, որ ուղղակի գայինք ու քվեարկեինք, ոչ մի բանից էլ չխոսեինք:

- Մյուս նախագծերի դեպքում ինչպե՞ս են գալիս ու սուսուփուս քվեարկում:

- Այս օրենքը շատ կարևոր է, դա վերաբերում է բոլորիս, մեր մտածողությանը, մենթալիտետին, ազգային բնութագրին:

- Դա ո՞րն է, որ ամուսինը պետք է պարտադիր ծեծի՞ կնոջը:

- Չկա նման բան: Մեր ընտանիքները հազարավոր տարիներ ապացուցել են մի բան, որ հայոց ընտանիքն աշխարհի ամենաամուր ընտանիքներից մեկն է: Հիմա մենք փորձում ենք ինչ-որ մնացած տեղերի փորձը բերել ու ուղղակի կիրառել մեր երկրում, դա հնարավոր չէ: Այս օրենքը լուրջ մշակման կարիք ունի, որին բոլորս լծված ենք:

- Կբացատրեք` ո՞նց կարող է այս օրենքը խարխլել ձեր նշած ավանդական ընտանիքը:

- Այս օրենքում կետեր կան, որոնք ընդամենն ավելորդ ինտրիգ կստեղծեն և, ինչու չէ, հաճախ կվնասեն ընտանիքների հետագա պահպանմանը: Ամեն հասարակ բանից կեղտոտ լվացքը հանելու են, փռեն փողոցում, բոլորին ցույց տան, մի հասարակ վիճաբանությունը սարքելու են դրոշ ու այդ ընտանիքը վարկաբեկեն ու հասցնեն լուծարման եզրին: Ես դրան կողմնակից չեմ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am