«Հայաստանի վարչապետն կլինի այն անձը, ով կունենա Ռուսաստանի դաբրոն և չի ունենա Արևմուտքի վետոն». Արմեն Բադալյան

07-11-2017
2665 դիտում
«Հայաստանի վարչապետն կլինի այն անձը, ով կունենա Ռուսաստանի դաբրոն և չի ունենա Արևմուտքի վետոն». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ: Եթե վերլուծում ենք նախորդ մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը և իրականում առկա իրավիճակը, վարչապետին հաջողե՞ց դրական փոփոխություն կատարել երկրում:

-Ո՛չ, փոփոխություններ նա արեց, բայց ոչ դրական: ՊՈԱԿ-ները միավորեց, մարդիկ կրճատվեցին, հաջորդ տարվա բյուջեով ևս 5500 մարդ կկրճատվի, գները բավական բարձրացան: Այսինքն՝ փոփոխություններ իրականացրեց, բայց դրանցից հասարակությունը տուժեց: Որևէ դրական փոփոխություն չի եղել: Դրական փոփոխությունների համար կան մի քանի ցուցանիշներ: Մենաշնորհները վերացե՞լ են. դա կարելի է ստուգել՝ համեմատելով Հայաստանում ու Վրաստանում լայն սպառման ապրանքների գները: Հայաստանում տարբերությունը շատ մեծ է, գների բարձրացում կա, ինչը նշանակում է, որ մենաշնորհները չեն վերացել: Երկրորդ` մենք տեսանք, որ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցան խայտառակ խախտումներով: Չմոռանանք, որ ՀՀԿ-ն այդ ընտրություններում հանդես էր գալիս վարչապետի դեմքով, և այդ ընտրությունները եղան ամենախայտառակը վերջին 25 տարիների ընթացքում: Այսինքն՝ այստեղ ևս որևէ դրական փոփոխություն չեղավ: Երրորդ` նոյեմբերի 5-ին տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, բայց մենք տեսանք, որ այդ ընտրություններն ընդհանրապես վերածվել են խայտառակ միջոցառման: Այսինքն՝ քաղաքական բնագավառում նույնպես փոփոխություն չեղավ:

Մենք տեսնում ենք կադրային հետևյալ քաղաքականությունը, որ գրեթե բոլոր կադրերը պահպանվեցին: Ընդամենը մի քանի մարզպետներ ու նախարարներ գնացին, բայց թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության, թե՛ ՏԻՄ կազմերը նույնն են: Այսինքն՝ կադրային բնագավառում նույնպես դրական փոփոխություններ տեղի չունեցան:

Չորրորդ` վարչապետը խոստացել էր, որ մեծ ներդրումներ էին արվելու տնտեսությունում, բայց մենք տեսանք, որ որևէ էական ներդրում չի եղել, մարդիկ չեն տեսել, որ բացվեց այսինչ ձեռնարկությունը, այսքան աշխատատեղ ստեղծվեց:

- Ներդրումների թվեր են ներկայացնում:

- Դե, Խորհրդային Միությունն էլ էր թվեր ներկայացնում, հետո երկիրը պայթեց: Մենք պետք է տեսնենք, որ այսինչ ժամանակահատվածում այսինչ գործարարը ներդրում կատարեց, աշխատատեղեր ստեղծվեցին: Բայց դա չկա:
Հաջորդը` մենք տեսնում ենք, որ Կարեն Կարապետյանի օրոք արտաքին պարտքը նույն արագությամբ աճում է, ինչպես նախորդ վարչապետների օրոք: Այսինքն՝ այս ուղղությամբ ևս որևէ հաջողություն չկա: Դրան գումարենք նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հարցը: Մենք տեսնում ենք, որ Կարեն Կարապետյանը նախորդ մեկ տարվա ընթացքում Եվրամիության և ոչ մի երկրի կողմից հրավեր չստացավ և այցեր չիրականացրեց ԵՄ անդամ երկրներ: Հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներ այցելեց, Վրաստան ու Իրան, քանի որ մեր հարևան երկրներն են: Այսինքն՝ Հայաստան-Եվրոպա-Արևմուտք կապերի հարցում ոչ մի առաջընթաց չկա, էլ չենք խոսում Չինաստանի, Ճապոնիայի, Վիետնամի հետ հարաբերությունների մասին: Իսկ այդ երկրները բավական զարգացած են և տնտեսապես չեն զիջում Եվրամիությանը:

- Մեկ տարի առաջ շատ քննարկվեց վարչապետի իմիջը: Ի՞նչ փոփոխություն է կրել այս ընթացքում այդ իմիջը:

- Նա մեկ տարի առաջ որպես մենեջեր ներկայացավ: Կար այն պատկերացումը, որ նա դեռևս նոր է, կսովորի և կամաց-կամաց քաղաքական կոստյում կհագնի: Իսկ իրականում մենք տեսանք, որ ոչ մի քաղաքական կոստյում էլ չհագավ, ավելին, մենեջերից ավելի ցածր կարգավիճակ ունի այսօր: Եվ եթե նկատեցիք, իր վերջին ասուլիսի ժամանակ լրագրողների քաղաքական հարցերին վարչապետը խուսափում էր պատասխան տալ:

Այսինքն՝ եթե ամփոփում ենք, կարող ենք ասել, որ Հայաստանն այս մեկ տարվա ընթացքում ոչ մի բնագավառում առաջընթաց չի ունեցել, միայն հետընթաց:

- Նկատեցիք, որ վարչապետը խուսափում է քաղաքական հարցերին ուղիղ պատասխանելուց: Գուցե պատճառն այն է, որ իր ապագան անորո՞շ է, չգիտի, թե հաջորդ տարվա ապրիլից հետո շարունակելո՞ւ է որպես վարչապետ աշխատել, թե՞ ոչ:

- Եթե կա անորոշություն, հենց քաղաքական գործիչը մյուսներից տարբերվում է նրանով, որ անորոշությունը փորձում է իր քաղաքական գործունեությամբ դարձնել որոշակիություն: Քաղաքական գործիչը մենեջերից տարբերվում է նրանով, որ նա չի նստում ու սպասում, թե տնօրենների խորհուրդն իր պաշտոնավարումը կերկարացնի՞, թե՞ ոչ: Քաղաքական գործիչն ինքը պետք է ստեղծի նախադրյալներ, պայմաններ, ռեսուրսներ, որպեսզի իր գործունեությունը երկարացնի, իր գործունեության հիմքը դնի և ինքը որոշի, թե իր պաշտոնավարությունը երկարացվելո՞ւ է, թե՞ ոչ: Ա՛յ հենց դա է խնդիրը, անորոշություն կա այնքանով, որ ինքը որևէ բանով իրեն չդրսևորեց: Երկրորդ` եթե անգամ անորոշություն կա, նա չպետք է նստի ու սպասի, պետք է գործի: Եվ հենց այդտեղ է երևում քաղաքական գործչի աշխատանքը: Իսկ ինքը նստած սպասում է չգիտես ինչի: Գուցե սպասում է, որ ապրիլի 9-ից հետո, երբ գործող նախագահի լիազորությունները կդադարեն, իրեն կկանչեն Մոսկվա ու կասեն՝ քեզ նշանակում ենք Հայաստանի վարչապետ, ինքն էլ ուրախ-ուրախ կգա ու վարչապետություն կանի: Չեմ կարծում, որ այդպես կլինի:

- Ընդհանրապես այս փուլում իշխող ՀՀԿ-ում է անորոշություն, թե ով կլինի հաջորդ վարչապետը: ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գովքն են անում, ասելով, թե նա անփոխարինելի ղեկավար է: Ի՞նչ է կատարվում:

- Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների այդ գոռում-գոչյուններին, դրանք որևէ մեկի վրա չեն ազդում, որովհետև իշխանությունը ձևավորվում է երկու տարբերակով: Հզոր ու ժողովրդավար երկրներում հասարակությունն է ձևավորում իշխանությունը, իսկ Հայաստանի նման երկրներում, որոնց ինքնիշխանության մակարդակը բավական ցածր է, հասարակությունը որևէ ազդեցություն չունի իշխանության ձևավորման գործընթացի վրա, իշխանությունը ձևավորում են արտաքին աշխարհաքաղաքական կենտրոններից: Եվ անկախ նրանից, թե ՀՀԿ-ականներն ինչ կասեն, իրենք չեն որոշում, թե ով է լինելու վարչապետը: Հայաստանի վարչապետն այս պահին կլինի այն անձը, ով կունենա Ռուսաստանի դաբրոն և չի ունենա Արևմուտքի վետոն:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am