«Կառավարության նոր ծրագրերով առաջնագծում չեն հայտնվի պաշտոնյաների զավակները, և բեռը դարձյալ կընկնի սոցիալապես անապահովների վրա». Ավետիք Իշխանյան

08-11-2017
3901 դիտում
«Կառավարության նոր ծրագրերով առաջնագծում չեն հայտնվի պաշտոնյաների զավակները, և բեռը դարձյալ կընկնի սոցիալապես անապահովների վրա». Ավետիք Իշխանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

- Պարո՛ն Իշխանյան, կառավարության անդամները հայտարարում են, թե պաշտպանության ոլորտի օրենդրական փոփոխություններով փորձում են արդարության ու հավասարության հարցը լուծել: Ի՞նչ եք կարծում, այս փոփոխություններով «արտոնյալները» կզորակոչվե՞ն բանակ:

- Այն իրավիճակը, որ Հայաստանում կան արտոնյալների խավ և ընտրովի արդարադատություն, անպատժելիություն, այդ օրենքով չէ, որ պետք է վերանա: Այդ ամենը վերացնելու համար նախևառաջ իշխող վերնախավի մտածողության փոփոխություն պետք է կատարվի, որին պետք է հաջորդեն դատաիրավական համակարգի անկախացումը և մյուս քայլերը: Իսկ զուտ խոստումներ տալը, թե սրանից հետո լինելու է այսպես, բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու և այլն, անօգուտ է: Ես մեջբերեմ Վահան Տերյանի բանաստեղծություններից մեկից մի հատված՝ «Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսե՛լ, ես քո երգը վաղուց եմ լսել»: Եվ այս փոփոխությունները ես այդ համատեքստում եմ դիտարկում:

- Իսկ ի՞նչ նպատակ ունեն իրականում այդ օրենսդրական փոփոխությունները:

- Այդ օրենքով ուղղակի մի շատ պարզ բան է արվելու՝ բանակի համալրումն են ապահովելու: Իսկ իրականում նույն արտոնյալները մնալու են արտոնյալ, պարզապես գուցե ձևերը փոխեն: Գուցե ավելի քողարկված դառնան այդ դեպքերը, ներկայացնեն, թե իբր պաշտոնյայի որդին ծառայել է բանակում, բայց իրականում, թե որտե՛ղ է ծառայել այդ պաշտոնյայի տղան, դա արդեն լրագրողական հետաքննությունն էլ դժվար թե պարզի: Իրականում այդ վիճակը շարունակվելու է: Բայց ամենավտանգավորն այն է, որ սրանով մեծագույն հարված է հասցվում կրթությանը: Ես չեմ ուզում դավադրությունների տեսությանը հավատալ, բայց երբեմն մարդ մտածում է, որ գուցե սա հատուկ է արվում, որովհետև անկիրթ ու տգետ մարդկանց կառավարելը հեշտ է: Եվ այն բացատրությունը, որ մարդիկ ձևական են ուսումը շարունակում՝ բանակ չգնալու համար, շատ հետաքրքիր է: Փոխանակ դա ուղղեն, այնպես անեն, որ բուհերի տված կրթությունը համապատասխանի անհրաժեշտ չափանիշներին, նման արդարացումներ են ներկայացնում, թե իբր դա ձևական բնույթ է կրում: Այսինքն՝ ընդունում են կրթության ոլորտում իրենց ձախողումները և այդ ձախողումները վերացնելու փոխարեն բերում են այս օրենքը: Այս նախաձեռնությունը որևէ քննության չի դիմանում:

- Մտավախությության կա, որ այս օրենսդրական փոփոխությունների հետևանքով կարող է ավելանալ արտագաղթը, մարդիկ իրենց տղա երեխաներին կփորձեն ավելի մեծ թափով տանել երկրից: Այդ ռիսկը տեսնո՞ւմ եք:

- Ես դրանում համոզված եմ: Մարդիկ արդեն շատ ավելի վաղ կսկսեն մտածել արտագաղթի մասին, քան հիմա, երբ հաճախ իրավիճակից ելնելով են հապշտապ որոշումներ կայացնում: Հիմա մարդիկ հաճախ կսկսեն մտածել արտագաղթի մասին, դրանում ես համոզված եմ:

- Կառավարությունը նաև նոր ծրագրեր է դնում շրջանառության մեջ՝ «Ես եմ», «Պատիվ ունեմ», որոնցով փորձում է գումարի դիմաց համալրել առաջնագծում ծառայողների թիվը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ծրագրերին:

- Նախ` առաջնագծի հետ կապված մի շատ կարևոր խնդիր կա այսօր: Ես ազգ-բանակ հայեցակարգը հետևյալ կերպ կպատկերացնեի, որ ինչպես շատ քաղաքակիրթ երկրներում է, պաշտոնյաների զավակները սովորեին ռազմական ակադեմիայում, ստանային սպայական կոչում և ծառայեին առաջնագծում: Դա եղել է ավանդույթ բոլոր նորմալ պետություններում, որ վերնախավի օրինակով են մարդիկ առաջնագիծ գնացել, անհարմար է եղել չծառայելը: Ա՛յ դա կլիներ ազգ-բանակ, որ իրենց օրինակով ցույց տային, իսկ մյուսներն էլ հետևեին վերնախավի օրինակին:
Ես դարձյալ վստահ եմ, որ այս ծրագրերով առաջնագծում չեն հայտնվի պաշտոնյաների զավակները, առաջնագծի բեռը դարձյալ կընկնի սոցիալապես անապահովների վրա, որոնց խոստանում են 5 մլն դրամ: Ընդամենը սա՛ է, փորձում են այդ գումարով գայթակղել անապահով խավին:

- Այս օրենսդրական փոփոխությունների քննարկումներից պարզ դարձավ, որ Գևորգյան ճեմարանում սովորողները դարձյալ ազատվելու են ծառայությունից: Այս արտոնությունն ինչպե՞ս եք գնահատում:

- Նախ` այդ հոգևոր ծառայություն կոչվածը, որը կա բանակում, սխալ է: Համացանցում տեսա, թե ինչպես են զինվորներին ստիպում խաչը համբուրել՝ ինչ-որ երկաթի կամ փայտի կտոր: Սրանով հօդս է ցնդում իրենց հռչակած ազգ-բանակ գաղափարախոսությունը: Ազգը չի նշանակում Հայ առաքելական եկեղեցի: Խղճի ազատությունն այն է, որ մարդիկ կարող են լինել նաև աթեիստ: Եվ տվյալ դեպքում խոսք չի կարող լինել ազգ-բանակի մասին, երբ բոլորին համարում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Այդ հոգևոր ծառայություն կոչվածն արդեն իսկ հակասում է ազգ-բանակ հայեցակարգին: Սա խտրական վերաբերմունք է նույն ազգի տարբեր շերտերի նկատմամբ:

Երկրորդ` իսկապես, այսօր բանակից խուսափելու ամենալավագույն ձևը Գևորգյան ճեմարան ընդունվելն է, որովհետև Հայ առաքելական եկեղեցին փաստորեն օրենքից դուրս է: Երբ նրանք խոսում են, իրենց խոսքով, աղանդների դեմ, նրանց հիմնական թիրախը Եհովայի վկաներն են, ովքեր հրաժարվում են բանակում ծառայելուց: Եվ հետաքրքիրն այն է, որ երբ Եհովայի վկաները բանակից հրաժարվելու համար բանտերում տառապում էին, այսօր էլ երեք տարի այլընտրանքային ծառայություն են անցնում, նրանց դեմ խոսողներն այն մարդիկ են, ովքեր ընդհանրապես Հայաստանի Սահմանադրությունից դուրս են: Հայաստանի Սահմանադրությամբ մենք՝ քաղաքացիներս, ունենք երկու պարտավորություն, մնացածը մեր իրավունքներն են: Այդ պարտավորություններն են` հարկեր վճարելը և բանակում ծառայելը կամ այլընտրանքային ծառայությունը: Եվ այդ մարդիկ ընդհանրապես օրենքից դուրս են, որովհետև ո՛չ հարկեր են վճարում, ո՛չ էլ ծառայության են գնում: Ահա ձեզ ազգ-բանակ հայեցակարգ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am