Ուսանողները՝ բանակի փնտրված զոհեր

09-11-2017
1963 դիտում
Ուսանողները՝ բանակի փնտրված զոհեր

Տարկետման թեման իհարկե հայոց հարց չի դառնա։ Մեր ուսանողները վաղուց են իրենց դիրքերը զիջել։ Գրեթե ոչ մեկը չունի պատասխանն էն հարցի, թե որտե՛ղ է կառավարությունը սխալ։ Իսկ կառավարությունը սխալը դրել է օրենքի և մեկնաբանությունների հիմքում, երբ ասում է, որ ինքը լուծում է արդարության և սոցիալական հավասարության հարց։ Անհեթեթություն է սա։

Ո՛չ արդարությունը, ո՛չ էլ սոցիալական հավասարությունը բանակային թեմա չեն։ Իրենց էությամբ նրանք հակամետ են բանակին, որովհետև դա նույնն է, որ ասես՝ բոլորը պարտավոր են մեռնել։ Այ սա՛ է արդարությունը։ Իսկ քանի դեռ ոմանք բանակում չեն մեռնում, արդարությունն ու սոցիալական հավասարությունը պետք է բացառել։ Նման բան չկա։ Քրեական մենթալիտետով կառավարվող պետություններում արդարությունն ու սոցիալական հավասարությունը մեդալներ են, որոնք կախում են բոլորի կրծքից այն ժամանակ, երբ նրանք հաց են ուզում։ Էդ բոլորի խնդիրն է մեդալը հացից տարբերելը։

Այն, որ Վիգեն Սարգսյանը չի ծառայել, արդեն վերացրել է սոցիալական արդարությունն ու հավասարությունը։ Ինքը նույնիսկ հիմա չի ծառայում։ Որովհետև ինքը ոչ մեկի մահվան պատասխանատուն չէ։ Ծառայությունը հավասարություն է նաև այս պատասխանատվության մեջ։ Ինքը բոլորին դարձրել է զինվոր 1000 դրամների իր հակասահմանադրական անհեթեթությամբ, ինքը ցույց է տվել, որ պետությունը ոչ մի միջոց չունի զոհի «աչքերի» մեջ նայելու, դեռ մի բան էլ զոհի մահն ուզում է պակաս ցավոտ դարձնել` բոլորին այդ զոհի պարտադիր կարեկից դարձնելով։ «Ազգ-բանակը» չլսված հիմարություն է հենց այն պատճառով, որ ինքը չի իմաստավորում նույնիսկ կարեկցանքը։ Ավելին, ինքը հասկացել է, որ զոհերն այնքան արագ են աճում, որ շուտով ապրողները չեն կողմնորոշվի, թե հատկապես ո՛ւմ դարդը լացեն։ Իսկ հենց չկողմնորոշվեցին, բանակը սպանդանոցից ավելին չի ընկալվի։ Ինքը բոլոր ապրողներին դարձնում է հարկադիր հերոս, իբր ամագ ունեք զոհի «շարունակականության», զոհի «ապրելու» մեջ։ Այսինքն` 1000 դրամանոցների տակ «հարկադիր հերոսի» հայեցակարգն է։

«Ազգ-բանակ» կոնցեպտի մեջ պետության ինտելեկտուալ հրամայականները չկան՝ բոլորը պետք է ծառայեն։ Սա կամբոջական սոցիալիզմի հայկական տարբերակն է՝ բոլորը պետք է թողնեն ուսումը և բրինձ հավաքեն։ Վիգեն Սարգսյանն իրեն Պոլ Պոտ է երևակայում։ Նա նման է այն ընթերցողին, որը կարդում է Ջորջ Օրուելի «1984»-ը և երազում է ոչ թե Օրուելի պես լավ վեպ գրող լինել, այլ կյանք տալ կոնկրետ իր կարդացած այս վեպի իրականությանը, երբ ոչ մեկն անհատականություն չէ։ Սա է ամբողջ «ազգ-բանակը»։ Հիմքում բոլորի պոտենցիալ մահն է՝ համեմված Հայրենիքի մարտահրավերներով, որոնք միշտ լուծվում են իրենց կյանքի վրա իշխանություն չունեցող մարդկանցով։ Իսկ երբ ոչ մեկն անհատականություն չէ, նրա մահով «ոչինչ չի պակասում կյանքում»։

Ուսանողները չեն ուզում ընդհատել ուսումը։ Սակայն ոչ մի ուսանող չի ասում՝ տղե՛րք, էս պետության մեջ դեռ չի վերացել վտանգը, երբ դուք ձեզ պետք եկած ժամանակ բանակը կհանեք սեփական ժողովրդի դեմ։ Ավելին, դա արդեն կարող է արվել օրենքով։ Վիգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը սա գիտեն։ Նման օրենքի պարագայում «ազգ-բանակ» կոնցեպտ սարքելը մեռելի տանը անեկդոտ պատմելու նման մի բան է։ Հասկանո՞ւմ եք, մայրը ուսանող որդուն բանակ է ուղարկում ու մի «լուսավոր» օր տեսնում է, որ որդին «քաղաքական կայունության» հրամայականով Կալաշնիկովի փողը պահել է իր վրա։

Ուսանողները տարկետում են ուզում` բացարձակապես իրավացի լինելու որևէ լծակ չունենալով։ Նույնիսկ վճարովի սովորելն իրավացի չի դարձնում նրանց։ Մինչդեռ վճարովիի իմաստը հենց դա է՝ ես ամեն ինչ եմ պատրաստ անել ուսման համար։ Կա՛մ տղաներին օրենքով արգելեք մինչև 20 տարեկանը բուհ ընդունվել, կա՛մ մի կտրատեք ուսումը։ Ուսանողը չի կարող իրավացի լինել կրթություն ստանալու իր պահանջներում` ռեկտոր ունենալով Արամ Սիմոնյանին։ Արամ Սիմոնյանը հենց իրավացիությունն է։ Որովհետև, եթե նա չի հասկանում, որ ուսումը, անկախ ուսանողի հավակնություններից և ընդունակություններից, չընդհատվող գործընթաց է, ու դեռ դռներ է փակում, որ դասադուլներ տապալի, ու ոչ ոք չի ասում՝ ազատի՛ր համալսարանը քո ներկայությունից, ուրեմն Արամ Սիմոնյանն իրավացի է։

Մհեր Արշակյան

MediaLab.am