Տիգրանաշեն. երբ մեկ կաթիլ ջուրը կարեւոր է

09-11-2017
3199 դիտում
Տիգրանաշեն. երբ մեկ կաթիլ ջուրը կարեւոր է

Աշխարհագրության ուսուցչուհի Ազատուհի Հովհաննիսյանը 25 տարի է ամեն օր աղբյուրից դույլերով 300 մ ճանապարհ է կտրում` տուն խմելու ջուր տանելու համար։

52-ամյա կինն ապրում է Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում: Այն սահմանակից է Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը: Շուրջ 150 բնակիչ ունեցող Տիգրանաշենում 10-ից ավելի ընտանիք տանը խմելու ջուր չունի։ Գտնվելով գյուղի առավել բարձրադիր մասում, որտեղ ջրի խողովակներ չեն հասնում, այս ընտանիքները զրկված են ջրից արդեն մեկ քառորդ դար։

Կանայք ու աղջիկներն օրական մի քանի անգամ գյուղի կենտրոնում գտնվող միակ աղբյուրից ջուր են կրում տուն, քանի որ տղամարդիկ հիմնականում արտագնա աշխատանքի են կամ զբաղվում են անասնապահությամբ եւ խոտ հավաքելով:

Տիգրանաշենցիների համար տանը ծորակից հոսող մաքուր ջուր ունենալը երազանք է։ Թեև տարիների ընթացքում բազմաթիվ խոստումներ են լսել գյուղում ջրի խնդիրը լուծելու մասին, սակայն դրանք այդպես էլ իրականություն չեն դարձել։ Միակ աղբյուրի ջրի որակը խնդիր է ամբողջ գյուղի համար․ այն չի ֆիլտրվում, երեխաներն այստեղ հաճախ աղիքային վարակներ են ստանում։

Ըստ Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտե՝ Հայաստանում մոտ 580 բնակավայր խմելու ջրի խնդիր ունի:

Հեղինակ՝ Անի Գրիգորյան

Բնօրինակը՝ «Չայ Խանա»