«Պաշտպանության նախարարը թող բանակի կրիմինալ մթնոլորտի առողջացմամբ զբաղվի, ոչ թե նախաձեռնություններով հանդես գա». Ժաննա Ալեքսանյան

10-11-2017
3588 դիտում
«Պաշտպանության նախարարը թող բանակի կրիմինալ մթնոլորտի առողջացմամբ զբաղվի, ոչ թե նախաձեռնություններով հանդես գա». Ժաննա Ալեքսանյան

Ուսանողների համար ակադեմիական տարկետումը վերացնելու փոխարեն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պետք է զբաղվի բանակում մահվան դեպքերի կանխարգելմամբ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով տարկետման սահմանափակման դեմ ուսանողների բողոքի ակցիաներին:

Ըստ իրավապաշտպանի՝ խաղաղ պայմաններում բանակում բազմաթիվ մահվան դեպքեր են գրանցվում, և եթե բանակը համալրելու խնդիր կա, առաջին հերթին պետք է այդ դեպքերը կանխվեն:

«Այդ պատահարների համար մեղավոր է հենց բանակի ղեկավարությունը: Իսկ ի՞նչ է անում պաշտպանության նախարարը՝ բանակում իրավիճակը փոխելու համար: Թող պաշտպանության նախարարը հանրության հետ քննարկի բանակում տիրող մթնոլորտը, թող կրիմինալ մթնոլորտի առողջացմամբ զբաղվի, ոչ թե գիտության մարդկանց տանի և այդ կրիմինալ դաշտ մտցնի»,- «Մեդիալաբին» ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանը ուսանողների պահանջը արդարացի է համարում, նրանք իրավունք ունեն գիտությամբ զբաղվելու, միաժամանակ նկատելով, որ համոզված է՝ պայքարող ուսանողները արդյունքի չեն հասնի, քանի որ «վերևներից» արդեն որոշված է՝ այդ օրենքը պետք է ընդունվի: Նույնիսկ, ըստ Ժաննա Ալեքսանյանի, վտանգ կա, որ ինչ-որ պահի ոստիկանությունը կարող է ուժ կիրառել պայքարող երիտասարդների նկատմամբ:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը: Ըստ նախագծի՝ ակադեմիական տարկետումը վերացվում է, բանակ պետք է զորակոչվեն 18 տարին լրացած բոլոր երիտասարդները: Ուսման համար երիտասարդներին տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե նրանք պայմանագիր կնքեն պաշտպանության նախարարության հետ՝ ռազմական ուղղությամբ կրթություն ստանալու համար: Իսկ ուսման ավարտից հետո այդ անձինք պարտավորվում են երեք տարի ժամկետով ծառայության անցնել բանակում:

Այս նախաձեռնության դեմ արդեն մի քանի օր է՝ դասադուլ ու բողոքի ակցիաներ են անում ուսանողները՝ բերելով իրենց հիմնավորումները: Նրանք ասում են, որ տարկետումից զրկելը վնաս կհասցնի գիտությանը: Բողոքի ակցիաներին միացել են նաև դասախոսներ: Ուսանողներն ավելի վաղ մերժել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպումը, քանի որ հանդիպման ձևաչափի վերաբերյալ նրանց պահանջները չէին ապահովվել: Իսկ նոյեմբերի 9-ին ուսանողներին ընդունել էր վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս հանդիպմանը մասնակցել էին նաև պաշտպանության ու կրթության և գիտության նախարարները:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ուսանողները հրաժարվել էին Վիգեն Սարգսյանի հետ հանդիպելուց, քանի որ պայմանավորվածությունները խախտվել էին, այսինքն՝ ազնիվ խաղի կանոնների բացակայություն կա: Եվ ուսանողները ճիշտ էին վարվել, որ այդ պայմաններում չէին գնացել հանդիպման, քանի որ նրանց համար կարող էր ճնշող մթնոլորտ լինել:

«Երբ վարչապետն ընդունել էր ուսանողներին, նրանց չէին զգուշացրել, որ պաշտպանության և ԿԳ նախարարները նույնպես մասնակցելու են այդ հանդիպմանը: Սա ես անազնիվ վարքագիծ եմ գնահատում: Նրանք չեն էլ կարող հավասարվել այդ ուսանողներին, ովքեր ազնվորեն արտահայտում են իրենց մտքերը և պահում իրենց պայմանավորվածությունները: Իսկ վարչապետը նման անակնկալ էր պատրաստել նրանց համար, այսինքն՝ նրանք լուրջ չեն վերաբերվում այդ երիտասարդներին»,- ասաց իրավապաշպանը:

Ժաննա Ալեքսանյանն ուշադրություն է հրավիրում վարչապետի հետ հանդիպման այն դրվագի վրա, երբ պաշտպանության նախարարն ասել է, որ օրենքն անպայման ընդունվելու է:

«Այսինքն՝ նա ոչ թե երիտասարդների հետ քննարկում էր, լսում նրանց, այլ միանգամից ասաց, որ սա անպայման ընդունվելու է: Ստանձնելով պաշտպանության նախարարի պաշտոնը՝ Վիգեն Սարգսյանը պարտադիր նախաձեռնություններով է հանդես գալիս, պարտադրում է հանրությանը: Բոլորս հիշում ենք, որ նա մաքառում էր 1000 դրամների ծրագրի ընդունման համար, երկրորդ պարտադրանքն էլ այս 140 ասպիրանտներին բանակ զորակոչելն է»,- ասում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով՝ այս իրադարձությունները ցույց են տալիս, որ քաղաքական վերնախավի մոտ արժեքային համակարգի իսպառ բացակայություն կա: Նրանց արժեքային համակարգը միայն փողն է, և բողոքող երիտասարդների հետ բանակցում են հարուստի դիրքերից: Եվ իշխանությունների այս քայլը ցույց է տալիս, որ Հայաստանում գիտությանը մեծ տեղ չի տրվում:

Իրավապաշտպանը նկատում է, որ իշխանությունները, շահարկելով այս թեման, կրկնում են, որ բանակ զորակոչվելը հայրենասիրության ցուցադրություն է:

«Այդ թեման շահարկում են հենց ՀՀԿ-ականները, որոնց զավակներից ոչ ոք չի ծառայել բանակում և չի ծառայելու: Եթե նրանք ընդունեն այս օրենքը, նույն վիճակը շարունակվելու է՝ որևէ պաշտոնատար անձի երեխա չի ծառայելու բանակում: Եվ սա Վիգեն Սարգսյանը շատ լավ գիտի, դա նրա համար ընդունելի է»,- ասում է Ժաննա Ալեքսանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am