«Եթե տարկետումը վերացվի, տղաներն այլևս մոտիվացիա չեն ունենա». Սերոբ Խաչատրյան

10-11-2017
4520 դիտում
«Եթե տարկետումը վերացվի, տղաներն այլևս մոտիվացիա չեն ունենա». Սերոբ Խաչատրյան

«Մեդիլաբի» հարցերին պատասխանում է կրթության հարցերով փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

- Պարո՛ն Խաչատրյան, ուսանողներն արդեն քանի օր է` բողոքի ակցիաներ են անցկացնում՝ ընդդեմ տարկետման իրավունքը սահմանափակելու։ Նրանք նշում են, որ սա հարված է հասցնելու գիտությանը, կրթական համակարգին։ Ձեր մոտեցումը նախագծի վերաբերյալ։

- Միանշանակ ասել դրական է կամ բացասական, ճիշտ չէ, և կարծում եմ` տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություն կարող է ունենալ։ Ոմանց համար սա հնարավորություն կլինի, ոմանց համար՝ ավելի վատ։

Սկսենք կրթությունից։ Այս որոշումից ամենաշատը տուժելու են ավագ դպրոցները, ինչի մասին, ի միջի այլոց, չեն խոսում։ Սովորական ավագ դպրոցներում, գյուղերում, մարզերում, բազմաթիվ տղաներ կան, որոնք սովորում են, որ ընդունվեն տարկետման տեղերը։ Նրանք անգամ 3 տարի մասնավոր պարապում են, նաև դպրոցում են լավ սովորում, որ այդ արտոնությունից օգտվեն։ Հիմա եթե տարկետումը վերացվի, այդ տղաներն այլևս մոտիվացիա չեն ունենա, որովհետև գիտեք` այսօր բուհ ընդունվելու համար 7,5-8 միավորն էլ բավարար է, ու բացի 1-2 ֆակուլտետից, մնացած տեղերում մրցույթ չկա։ Եթե 7,5 միավորով ուսանող են դառնում, էլ ի՞նչ իմաստ ունի 3 տարի փող ծախսել, լավ սովորել։ Այսինքն` հիմա կրթության նախարարությունը պետք է մտածի նոր մոտիվացիա գտնելու մասին։ Այս իմաստով նախագծի ընդունումը բացասական կլինի։

Մյուսը բարձրագույն կրթությունն է. փաստորեն այս ծրագրով առաջարկվում է, որ այդ տղաները երեք տարի շաբաթ օրերը գնան դասերի, որպեսզի սպա դառնան ։ Այստեղ էլ որոշակի խնդիր կա, որովհետև մենք գիտենք, որ տղաների մեծ մասը 3-4-րդ կուրսում աշխատում է։ Հիմա փաստորեն, նրանք պետք է աշխատեն, համալսարանում սովորեն, շաբաթ օրերն էլ գնան ռազմական ինստիտուտ դասերի։ Այսօր բարձրագույն կրթության վիճակն առանց այդ էլ բարդ է, ավելի կվատանա։ Գումարած դրան՝ մարզերի երեխաները համարյա հնարավորություն չեն ունենա տուն գնալու։ 5 օր համալսարանում են լինելու, շաբաթ օրերը` ռազմական ինստիտուտում դասի են, մնում է միայն կիրակին, ու, ասենք, Սյունիքի մարզից եկած ուսանողը ստիպված է լինելու տուն գնալ միայն Նոր տարուն և ամառային արձակուրդին։

- Այս ամենը հաշվարկված չի՞ եղել օրինագիծը մշակելիս, ոտքի վրա արված քա՞յլ է։

- Կարծում եմ՝ միգուցե նման բաները չեն հաշվարկվել, որովհետև նման բաները պետք է կրթության ոլորտի մարդիկ բարձրացնեն։ ՊՆ-ին այնքան էլ չի հետաքրքրում՝ ուսանողը աշխատո՞ւմ է, թե՞ ոչ, սովորո՞ւմ է, թե՞ ոչ, տուն գնալո՞ւ է ծնողներին տեսնելու, թե՞ ոչ։ Եթե փորձեմ ընդհանուր ասել, այս բարեփոխման իմաստը հետևյալն է. ասում է՝ առաջ ես թողնում էի տղաների որոշակի խմբի շրջանցել բանակը և ուղիղ մտնել աշխատաշուկա, եթե գիտության գծով են գնում։ Հիմա ՊՆ-ն կրթությունից դեպի շուկա ուղիղ ճանապարհը փակում է, ասում՝ դու պետք է գաս ծառայես, հետո նոր արդեն կարող ես զբաղվել գիտությամբ։

Այս որոշումն իր մեջ ունի նաև դրական բաներ, օրինակ՝ ուսման վարձերի փոխհատուցում, սպայական աշխատավարձ, ոմանց համար սա լավ բան է։ Ամենամեծ խնդիրը, որ տեսնում եմ, հետևյալն է. արդյոք մեր բանակը և պաշտպանության ոլորտը կկարողանա՞ն այդ շնորհալի երեխաների կրթական թեզն օգտագործել։ Այսինքն` բանակն ունի՞ այդ կրթական տաղանդը, որ հասկանա` այս տղան շատ լավ անում է այս-այս բաները, եկեք նրան էստեղ դնենք ծառայության, թե՞ էլի գործելու է բաշարել-չբաշարելու սկզբունքը։ Այսինքն՝ հարուստների երեխաները պետք է լավ տեղերում ծառայեն, իսկ այն տղային, որ տեր չունի, բայց ունի գիտական հակումներ, ուղարկեն մի տեղ, որտեղ նա հոգեբանորեն կկոտրվի, և արդյունքում մենք կորուստ ունենանք։ Այստեղ ՊՆ-ն պետք դրսևորի կրթական, հոգեբանական աշխատանքի բարձրագույն մակարդակ, մի բան, որ անգամ կրթական համակարգը չունի։ Այսինքն՝ նույնիսկ մենք՝ դասախոսներս, ուսուցիչներս, չենք տեսնում երեխաների լավ ունակությունները, պատշաճ ձևով չենք օգտագործում նրանց տաղանդները։ Հիմա ՊՆ-ն պետք է անի դա։

- Նշվում է, որ տարկետման իրավունքը սահմանափակելով` սոցիալական արդարությունն է վերականգնվելու։

- Ես չեմ կարծում, որ մենք սրանով սոցիալական արդարությունն ենք վերականգնելու: Հայաստանում մարդիկ բաժանվում են բաշարողների ու անբաշարների: Եվ հիմա այդ բաշարող մարդիկ, որոնք ո՛չ գիտնական են ուզում դառնալ, ո՛չ դասախոս, ուղղակի օգտագործում էին ասպիրանտուրան բանակ չգնալու համար, այսօր այլ բան կգտնեն, օրինակ` կարող են երեխային փոքր տարիքում դուրս տանել Հայաստանից, այլ երկրի քաղաքացիություն տալ ու հետ բերել։

Եթե նայում ենք պաշտոնական վիճակագրությանը, դպրոցներում ունենք մոտ 53 տոկոս տղա աշակերտ, 47 տոկոս աղջիկ, իսկ երբ նայում ենք արտագաղթի տվյալներին` արտագաղթողների 60 տոկոսն է տղա, 40 տոկոսը՝ աղջիկ։ Այսինքն՝ տղերքն ավելի շատ են դուրս գնում։ Հիմա այս օրենքից հետո երկրից դուրս եկող տղաների թիվն ավելի կմեծանա։ Եվ այն մի քանի տասնյակ հոգին, որոնք ասպիրանտուրայի ճանապարհով չէին ծառայում,նրանք էլ կարող են այդ ճանապարհն օգտագործել, որովհետև նրանք, որպես կանոն, ապահով խավից են լինում։ Նրանք կարող են նաև օգտագործել առողջական խնդիրների սողանցքը։ Կարող են այնպես անել, որ այդ երեխան համարվի տաղանդավոր և ծառայի Երևանում։ Հիմա ՊՆ-ն արդյոք կարողանալո՞ւ է դիմադրել այդ ճնշումներին։

- Նկատի ունեք, որ հիմա էլ կարող են տարբեր հիվանդությունների պատրվակո՞վ ազատվել բանակում ծառայելուց։

- Նրանք տարբեր ձևեր կգտնեն, նույնիսկ կարող է առողջական պատճառներով բանակից ազատվելու տարբերակը այդքան չուժեղանա, որովհետև, որքան հասկացա, ուզում են անպայման ֆիքսվի՝ պաշտոնյան ծառայե՞լ է բանակում, թե՞ ոչ։ Այդ բաներից խուսափելու համար կարող են ավելի վատ ճանապարհ ընտրել, ասենք, երեխան համարվի տաղանդավոր և ծառայի Երևանում։ Ո՞վ պետք է իմանա` այդ երեխան տաղանդավո՞ր է, թե՞ ոչ։ Իսկ այն երեխան, որն իսկապես տաղանդավոր է, գիտնական է, նրան կարող են տանել սահմանային զորամաս, ու չգիտեմ, թե հոգեբանորեն ինչ կստացվի նրա հետ։ Նաև պետք է հասկանալ մանկավարժահոգեբանական խնդիրները բանակում, այս օրենքով այդ պատասխանատվությունը շատ մեծանում է։ Կարողանալո՞ւ են դա նրանք անել` չգիտեմ։ Ես շատ կցանկանայի, որ օրենքի նախագծի շուրջ լուրջ քննարկումներ լինեն, միայն էմոցիոնալ հայտարարությունները օգտակար չեն, երբ կողմերն առաջնորդվում են միայն լոզունգներով, իրար չեն զիջում, ու արդյունքում ոչինչ չի փոխվում։

Մանե Հարությունյան

MediaLab.am