Հերմինե Նաղդալյան. հանցագործը

14-11-2017
5262 դիտում
Հերմինե Նաղդալյան. հանցագործը

Հանրապետական Հերմինե Նաղդալյանը գործուղման ընթացքում պետբյուջեի հաշվին երկու օրում 2 միլիոն դրամի հեռախոսազրույց է ունեցել: Աստված գիտի` ո՛ւմ հետ: Սպանիչ է նրա պատասխանն այն հարցին, թե վերադարձնելո՞ւ է էդ գումարը պետբյուջե: «Եթե պահանջ լինի...»: Այս կնոջ ունեցվածքը հաշվվում է մի քանի միլիարդ դրամով:

Նկատե՞լ եք` ՀՀԿ-ական ցանկացած գործիչ ամեն հանցագործություն անում է մեկ անգամ: Բայց հանցագործությունները չեն նվազում: Այսինքն` տիկին Հերմինեն մի անգամ քցել է, մի անգամ ապօրինի ճանապարհով Սիսիանում քարի գործ է սկսել: Խոսում են, որ Երևանում նրա ընտանիքի ձեռքից քաշվել են ինչ-որ էլիտար շենքի բնակիչներ:

Այս մարդիկ բոլոր հանցագործությունների հանրագիտարան են: Այս մարդիկ ատում են մեզ: Որովհետև հանցագործությունը հենց հանցանքի մղումը չէ, այլ՝ անափ ատելությունը: Հանցանքի մղումը գայթակղություն է, ատելությունը գայթակղություն չէ, այն դու ես: Բոլոր հանրապետականների վրա ասես պետական պարտավորություն է դրած` երկիրն ատել այնքան, որ պատմություններից անպակաս լինեն:

Հերմինե Նաղդալյանը ատում է Հայաստանը: Եվ, ի դեպ, չի կարող չատել: Իշխանություն ունենալու միակ պայմանն է դա: Մարդ արդեն չգիտի, թե ի՛նչ մտածի Հանրապետականի մասին, որ ինքն իրեն չդավաճանի: Ամբողջ Հանրապետականը գայթակղություն է մարդասպան լինելու:

Ահա թե ինչու հենց Հանրապետականի գոյությամբ է չափվում մեր՝ հայաստանցիներիս քրիստոնեականությունը: Ինչերից ենք մեզ պրծացրել, պրծացնում և դեռ կպրծացնենք: Մենք հրեշտակներ ենք հենց Հանրապետականի ներկայությամբ, առանց Հերմինե Նաղդալյանի և իր կուսակիցների, մենք գուցե մարդ լինեինք, բայց ժամանակները մարդունը չեն՝ հրեշինն ու հրեշտակինն են՝ կենսունակինն ու զոհինը:

Երբ այդ կինը հեռախոսով մսխում էր 2 միլիոն դրամը, ո՞վ է կասկածում, որ երբեք չի մտածել գյուղերում հացի կարոտ այլ կանանց մասին: Երբ նա խոսում է, այսօրվա Հայաստանը փակվում է նրա աչքերի առաջ: Որովհետև բաց աչքերով Հայաստանում կարելի է միայն պապանձվել, որովհետև Հերմինե Նաղդալյանը և Հայաստանը համատեղելի չեն:

Սերժ Սարգսյանը և Հայաստանը համատեղելի չեն: Ահա թե ինչու այս մարդիկ մեր աչքի առաջ ստեղծել են իրենց Հայաստանը, որը լայնորեն լուսաբանում են հեռուստաընկերություններով: Եվ ահա թե ինչու են նրանք անկեղծորեն տարակուսում, որ ոչ իշխանական որոշ լրատվամիջոցներ անդրադառնում են իրենց իրական կերպարին: Ես էլ կտարակուսեի, եթե լինեի նրանցից մեկը:

Չէ՞ որ միայն հանցագործություններով ստեղծված իշխանությունը այլ իրականություն է: Այդ իրականությունում բոլորը հանցագործ են քվոտայով, այդ իրականությունում նրանց կարելի է այն բարբարոսությունը, որը կհանձնարարվի: Դա ուրիշ ոչ մեկի գործը չէ:

Հերմինե Նաղդալյանն այսօր խուսափում էր լրագրողների հետ խոսելուց: Անձամբ ես չեմ կասկածում, որ, ըստ նրա, 2 միլիոն դրամի թեման բարձրաձայնած լրագրողին պետք է ոչնչացնել:

Նրանց ամեն ինչ հաջողել է: Նրանք այսօր ընդդիմություն չունեն, փողոցը հանդարտ է, ամեն ինչ խաղաղ է, նույնիսկ, կներեք շատ հեռու գնալու համար, Արցախից վատ լուրեր չեն լսվում:

Եվ հանկարծ ինչ-որ 2 միլիոն դրամ: Իսկ այն, որ Հայաստանում ընտանիքներ կան, որտեղ ամիսը 30 հազար դրամ չի մտնում, նորմալ է: Սոցապ նախարարը կասի, որ մտածել ենք ամեն ինչ, որ մտնի:

Իշխանությունը հիմա միայն մեկ առաքելություն ունի՝ բթացնել ԶԼՄ-ների զգոնության զգացումը, որովհետև Հայաստանի քաղաքացին այլևս չի զարմանում:

Ահա թե ինչու նա այնքան սիրահոժար էր ընտրություններին վերցնում 10 հազար դրամը: Մնում է, որ իշխանությունը օրը մի քանի հանցագործություն անի, և դա այլևս որևէ մեկին չհետաքրքրի:

Մհեր Արշակյան

MediaLab.am