«Պետությունը դայակներին բերում է հարկային դաշտ ու կտրուկ նվազեցնում նրանց մաքուր աշխատավարձերը». աջակցությու՞ն, թե՞ խորամանկություն

16-11-2017
4698 դիտում
«Պետությունը դայակներին բերում է հարկային դաշտ ու կտրուկ նվազեցնում նրանց մաքուր աշխատավարձերը». աջակցությու՞ն, թե՞ խորամանկություն

Դայակների աշխատավարձը համաֆինանսավորելու կառավարության նախաձեռնությունն իրականում նպատակ ունի մանկահասակ երեխա ունեցող կանանց օգտագործելով՝ դայակներին հարկային դաշտ բերել:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց կանանց հիմնախնդիրներով զբաղվող ակտիվիստ Աննա Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ քանի որ այլ միջոցներով դայակներին հարկային դաշտ բերելը գրեթե անհնար կլիներ, հետևաբար, աջակցության համատեքստում են դա փորձում անել, ցույց տալով, թե իբր դրական քայլ են կատարում:

«Այնպես չէ, որ այս նախագիծն իրականում ուղղված է կնոջն աջակցելուն, որովհետև եթե այդպես լիներ, աջակցությունը զգալի կլիներ: Այս նախագիծը կարող է ազդել դայակի ծառայությունների թանկացման վրա և բերել ավելի մեծ ծախսերի, որը կինը պետք է կատարի: Այսինքն՝ կանայք ուղղակի օգտագործվում են, որպեսզի հարկային դաշտ բերվի աշխատողների մի խումբ, որը մինչև օրս գործել է ստվերում»,- «Մեդիալաբին» ասում է Աննա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դրանով առաջարկվում է, որ անձը, ով գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և որոշել է ժամկետից շուտ վերադառնալ աշխատանքի, պետության կողմից կարող է աջակցություն ստանալ՝ երեխայի խնամքի կազմակերպման համար դայակին վճարելու նպատակով: Մայրն արդեն համարվելու է գործատու: Պետությունը պատրաստ է դայակի աշխատավարձի 50 տոկոսը, բայց ոչ ավելին, քան նվազագույն աշխատավարձն է՝ 55 հազար դրամը, փոխհատուցել: Այդ մայրերի համար այլևս չի վճարվի 18 հազար դրամ երեխայի ամսական նպաստը:

Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի խոսքով՝ դայակներն այս օրենքով բերվելու են հարկային դաշտ:

«Եթե դայակը ստանում է 100 հազար դրամ աշխատավարձ, ապա հարկը՝ 25 հազար դրամը, վճարելու է ինքը կամ գործատուն՝ մայրը: Այդ 25 հազարը վճարելուց հետո նա պետությունից կստանա 55 հազար դրամ փոխհատուցում»,- ասում է նա, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ օրենքի առկայության դեպքում էլ դայակները կարող են խուսափել հարկային դաշտ գալուց:

Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով` այս փոփոխությունը միտված է ծնելիության խթանմանն ու ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Սակայն մասնագետներն արդեն մտահոգություն են հայտնում, որ իրականում պետության աջակցությունը չնչին է և այլ նպատակ է հետապնդում:

Աննա Նիկողոսյանը հաշվարկ է արել և պարզել, որ այս փոփոխությունը որևէ օգուտ չի բերելու երիտասարդ մայրերին: Ըստ նրա՝ դայակներն ամբողջական դրույքով աշխատելու դեպքում այսօր ստանում են միջինը 100-110 հազար դրամ աշխատավարձ.

«Եթե պետությունը տալիս է դայակի կեղտոտ աշխատավարձի կեսը, որը չի կարող գերազանցել 55 հազար դրամը, ապա դա նշանակում է, որ դայակի առավելագույն աշխատավարձը կլինի 110 հազար դրամ։ Նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ կստացվի 110.000 – 25.300 - 5500 - 1000 = 78.200 դրամ մաքուր աշխատավարձ: Այսինքն՝ պետության կողմից տրվում է 55 հազար դրամ, բայց դրանից 31.800-ը հետ է վերցվում (պարտադիր կուտակային վճարը ներառյալ)։ Սա նշանակում է, որ պետությունն ամսական ընդամենը 5200 դրամ է ավելի վճարում, բայց փոխարենը դայակներին բերում է հարկային դաշտ ու կտրուկ նվազեցնում նրանց մաքուր աշխատավարձերը՝ ոմանց կտրելով նաև նպաստներից»,- ասում է Աննա Նիկողոսյանը:

Մասնագետի խոսքով՝ խոսքը մինչև 31 տոկոս հարկի մասին է, և ստացվում է, պետությունն իր տված առավելագույնը 55 հազար դրամի մեծ մասը հարկերի տեսքով հետ է վերցնում: Այսինքն՝ պետությունն ինքն իրեն է աջակցում այսպիսով:

«Եթե մենք ապրեինք այնպիսի պետությունում, որտեղ մարդիկ իշխանությունների հանդեպ վստահություն ունենային, հնարավոր է, որ սա դիտվեր որպես դրական քայլ, երբ մի խումբ մարդիկ ստվերից հանվում և հարկային դաշտ են բերվում: Բայց հաշվի առնելով այն ծայրաստիճան անվստահությունը, որը հիմա գոյություն ունի այս իշխանությունների նկատմամբ, բնական է, որ ես դրական միտում չեմ կարող տեսնել այս ամենի մեջ»,- ասաց Աննա Նիկողոսյանը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն այս մեխանիզմը դրական է գնահատում, բայց ասում է, որ պայմանները բարենպաստ ու գրավիչ չեն: Մտավախություն կա, որ մայրերը կարող են չօգտվել պետության այս առաջարկից, քանի որ աջակցությունը չնչին է:

«Իմ հաշվարկներով՝ երբ հանում ենք հարկերը, ապա տեսնում ենք, որ պետության տված առավելագույն գումարի՝ 55 հազարի մեծ մասը վերադառնում է հետ հարկերի տեսքով, չնչին ու սիմվոլիկ մասը, որը կարող 10 հազարի չափ կազմել, որպես խրախուսական աջակցություն` տրվելու է մայրերին»,- «Մեդիալաբին» ասում է Լենա Նազարյանը:

Նրա խոսքով՝ պետությունը հաշվարկ է արել, և թեև դայակների ֆինանսավորման հարցում մի փոքր գումար կորցնում է, բայց շահում է այն տեսանկյունից, որ մայրերը գնում են աշխատանքի ու հարկեր են վճարում:
«Պետությունը մոր ստացած աշխատավարձի հարկերից է շահում, շահագրգռված է, որ մայրերն աշխատեն ու հարկ վճարեն»,- ասում է նա:

Պատգամավորի խոսքով՝ աջակցության այս չափը բավարար չէ: Երբ այս ծրագիրը համեմատում ենք պետության առաջարկած այլ ծրագրերի հետ, հատկապես զինվորականներին վերաբերող ծրագրերի հետ, տեսնում ենք, որ դրանց համեմատ մայրերի աջակցության ծրագիրը աննշան բան է:

«Նույնիսկ այնքան աննշան է այս աջակցությունը, որ ես կասկածում եմ, թե մայրերը հավես կունենան փաստաթղթեր հավաքել, որպեսզի այդ 10-15 հազար դրամն ստանան: Բայց ես համաձայն եմ` պետությունը ոչ թե պետք է նպաստ տա, այլ օգնի մարդկանց, հատկապես կանանց, որպեսզի նրանք աշխատեն: Այս նախագծի լավ կողմերից է այն, որ դայակը հնարավորություն է ունենում գրանցված աշխատող լինել, նրա համար ստաժ կհաշվարկվի»,- ասում է Լենա Նազարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am