«Սարգսյանի Մոսկվա կատարած այցով Ռուսաստանը փորձում է ընդգծել, որ Հայաստանն իր վերահսկողության ներքո է գտնում». Փորձագետ

18-11-2017
6275 դիտում
«Սարգսյանի Մոսկվա կատարած այցով Ռուսաստանը փորձում է ընդգծել, որ Հայաստանն իր վերահսկողության ներքո է գտնում». Փորձագետ

Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցով այս փուլում Ռուսաստանը փորձում է ընդգծել, որ Հայաստանն իր վերահսկողության ներքո է գտնում: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Եվ դա ավելի ակնհայտէ դառնում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը ստորագրելու խորապատկերին: Մոսկվան ուղղակի հասկացնում է, որ Երևանը փախչելու տեղ չունի»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նշենք, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա՝ Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի պաշտոնական բացմանը մասնակցելու: Վերլուծաբանները պատահական չեն համարում այս այցը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ այն տեղի է ունենում Հայաստանի և Եվրամիության միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումից առաջ: Հիշեցնենք, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ այս փուլում Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա աչքի չընկավ աղմկոտ որևէ դեպքով, ճնշումներ կարծես նկատելի չեն Հայաստանի վրա: Հարցին՝ հնարավո՞ր է վերջին պահին մեկ գիշերում Ռուսաստանի ճնշման ներքո Հայաստանը դարձյալ փոխի որոշումը և չստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ինչպես 2013 թվականին, վերլուծաբանը պատասխանեց, որ կարծես թե Ռուսաստանն ուղղակիորեն ձեռնպահ է մնում Հայաստանի վրա ճնշում գործադրելուց:
«Բայց անուղղակի ազդեցության վտանգ կա: Թերևս Ռուսաստանի միակ հույսը մնացել է Ադրբեջանը, այն էլ, ինչպես նկատում ենք, Մինսկի խումբը բավական ակտիվացել է և փորձում է կաշկանդել Ադրբեջանին»,- ասաց նա:

Այս օրերին Ռուսաստան էր այցելել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով լրագրողներին ներկայացնելով Ռուսաստան կատարած այցի արդյունքները, ասել էր, որ Պուտինի հետ քննարկել է, այսպես կոչված, հինգ շրջանների վերադարձի հարցը: «Սակայն Պուտինը առանձնապես հույս չի կապում դրա հետ»,- ասել էր Էրդողանը:
Անդրադառնալով այս հարցին՝ Ստյոպա Սաֆարյանն ասում է՝ քանի որ Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջին տարիներին ձևավորվել են շատ յուրահատուկ հարաբերություններ, Ադրբեջանն ապավինում է, որ Թուրքիան կբարեխոսի, և Ռուսաստանը ճնշում կգործադրի Հայաստանի վրա ղարաբաղյան խնդրի հարցում:

«Այս կապակցությամբ ակնհայտորեն կարևոր է դառնում այդ հարաբերություններին հետևելն այն իմաստով, որ, եթե հիշում եք, մինչև Մոսկվա մեկնելը Էդրողանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկագծի բացման ժամանակ հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտությունն իրենց համար բաց, արյունահոսող վերք է այնպես, ինչպես Ադրբեջանի համար: Եվ նա խոստացել էր փաստացի բարեխոսել և խնդիրը քննարկել Մոսկվայի հետ»,- հիշեցնում է Սաֆարյանը:

Բայց, նրա խոսքով, քանի որ երկու կողմերի օրակարգում ավելի կարևոր հարցեր կային, քան Ադրբեջանի հարցն էր, ակնհայտորեն դա Բաքվում բերեց որոշակի հիասթափության: Եվ այդ պարագայում Անկարան սկսեց արդարանալ, թե ինքը խնդիրը քննարկել է, և ահա, կարծես թե, Պուտինն է հուսահատ վիճակում, որ չի կարողանում այդ խնդիրը լուծել:

Այն, որ Էրդողանն այս փուլում բարձրացնում է հինգ շրջանների հարցը, ըստ մասնագետի, վտանգ չկա: «Դրանով ավելի շատ Բաքվին ցույց է տալիս, որ մնում է այդ օրակարգին հավատարիմ, ոչ ավելին: Իսկ հինգ շրջանների հարցում Էրդողանն արդարացավ Բաքվի առաջ, որ ինքը բարձրացրել է այդ խնդիրը, բայց Պուտինը կարծես թե թևաթափ է, տոն չի տվել»,- հավելեց վերլուծաբանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am