Ես քո մորը մամա չեմ ասելու. «Ալամեզոն» Բլոգ

18-11-2017
7312 դիտում
Ես քո մորը մամա չեմ ասելու. «Ալամեզոն» Բլոգ

- Ես քո մորը մամա չեմ ասելու,- դեմքի հնարավորինս լուրջ արտահայտությամբ ասեցի ես ապագա ամուսնուս դեռ մի քանի տարի առաջ:

Ժորդանի հոնքերը վերև բարձրացան.

- Ինչի՞, պատրաստվում էիր ասել ու փոշմանե՞լ ես,- կատակեց,- կա՞մ ով է քեզ ստիպում, նույնիսկ չեմ էլ հասկանում՝ ինչ թեմա է:

Բացատրեցի.

- Դե, մեզ մոտ ամուսնանալուց հետո ընդունված է, որ աղջիկը պիտի սկեսրոջը մամա ասի։

- Ա՛յ քեզ տարօրինակ սովորություն, ամուսինն ու կինը մե՞կ մայր ունենան:

- Դե չէ, մայրը մենակ տղայինն է,- փորձեցի պարզաբանել: 

- Բա էլ իմաստը ո՞րն է՝ հենց էնպես ուրիշին կոչել ամենաթանկ բառով:

Եվ իսկապես, ինչ մի տարօրինակ բան է։ Դեռ հնում, հասկանալի է, գիտեինք, որ 12-13 աղջկան հարս էին տանում, տան մեծին մամա էին ասում, մայրը տան աղջկական մասի գլխավորն էր: Հիմա ժամանակները փոխվել են, բայց դեռ հարսանիքից հետո միջնադարյան արարողակարգը շատ վայրերում չի փոխվել՝ կուսությունը ստուգել, կարմիր խնձոր տանել, ամբողջ ցեղով անհամբեր սպասել, թե երբ է հարսը իր մեջ ըմբոստությունը կոտրելու ու ասելու սկեսրոջ համար այդքան բաղձալի «մամա»-ն, որ սկեսուրը, միսիան ավարտած, հպարտ-հպարտ ման գա…

Երբ հարցում արեցի էջումս՝ ո՞վ է իր սկեսրոջը դիմում մամա, անսպասելի 400-ից ավելի պատասխան ստացա։ Ընդհանրապես, պարզվեց միայն 10%-ն է սիրով ու գիտակցելով սկեսրոջը մամա ասում, մնացածը ստիպված՝ գլուխը կռվից ազատելով է ասում։ Ոմանց բախտը բերել է, որ սկեսուրը չի ստիպում։ Ամենաանկեղծը նրանք էին, ով նամակով գրեցին, որ իրենց ստիպել են… Սա էլ ընտանիքում հոգեբանական բռնության մի տեսակ է, որը նվաստացնում է հարցը կարևորող աղջիկներին։ Ինձ պիտի մամա ասես, ինձ ենթարկվես, տունը դու մաքրես, ճաշը դու եփես, հասցրու կողքից ամուսնուդ պահել, երեխային պահել, ինձ պահել, բա ինչի՞ ենք հարս բերել, բա հո ես ու աղջիկս չե՞նք անելու… Շատ ժամանակ հայկական Մոխրոտի տարբերակն է։

Հանուն արդարության պիտի նշեմ. ախր, հայերենում մի նորմալ բառ էլ չկա սկեսրոջը փոխարինելու ու մամա չասելու համար։ «Տիկինը» դեռ ընդունված չի, անունով ՝ հարգալից չի, «ծյոծյա»-ն էլ խորթ է մեր ականջին, դե, «տոտա»-ն էլ ահավոր էժան ժարգոն է։ Զարմանալի է, մեր գեղեցիկ հայերենում մի սիրուն բառ չի՞ գտնվել։

Ֆրանսիացիների բախտը գիտեք ոնց է բերել էդ առումով. 

Belle-mère - սկեսուր, զոքանչ, անգամ ձեր կամ ամուսնու խորթ մորը կարող ենք դիմել այսպես։ Բառացիորեն չի կարելի թարգմանել, բայց եթե փորձենք, կստացվի՝«գեղեցիկ մայր»... Միգուցե ֆրանսիացիների մոտ էլ հնում այս խնդիրը եղել է, բառը փոխել են, ու պրծավ գնա՞ ց :))))

Նույնն էլ մնացածը՝ Beau- père - սկեսրայր, խորթ հայր, աներ, Belle -soeur - տալ, տեգոր կին: Դե իսկ հարսը և փեսան, տրամաբանորեն, Belle-fille և beau-fils (կրկին բառացի՝ սիրուն դուստր և սիրուն որդի):

Այս տարբերակը, իհարկե, չի օգտագործվում որպես դիմելաձև, սկեսրոջս դիմում եմ անունով ՝ Դոմինիկ, և դա նորմալ է էստեղ։ Ընդհանրապես, երջանիկ եմ, որ էստեղ տենց թեմաների մեջ չեն խորանում։ Հայաստանում էլ միգուցե ժամանակի ընթացքում փոխվի, որովհետև անգամ նրանք, ովքեր ինքնակամ և սիրով սկեսրոջը մամա են ասում, անկեղծացան, որ հեչ չէին ցանկանա, որ իրենց աղջիկները ուրիշներին մամա ասեն: Դե, իսկ փեսայի թեման շրջանցեմ. շատերի համար կնոջ մայրը «մայր» չի։ 

Ընդհանրապես, երեխային սկեսրոջ անուն տալը, սկեսրոջը «մամա» կոչելը հեչ էլ ջերմ հարաբերությունների երաշխիք չի, մի բան էլ հակառակը՝ շատ է խանգարում, երբ լինում է մարդու կամքին հակառակ և ստիպողաբար։ Փոխարեն կարելի է անունով դիմել, ինչպես, օրինակ՝ ֆրանսիացիների մոտ, բայց այդ անվան մեջ այնքան սեր ու ջերմություն դնել, որ դիմելաձևը երկրորդական դառնա։ 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog