«Ամենավտանգավոր դիրքը հենց դա է` երբ դու ոչ մի բանով կախված չես իշխանությունից». Հրանտ Թոխատյան

18-11-2017
1717 դիտում
«Ամենավտանգավոր դիրքը հենց դա է` երբ դու ոչ մի բանով կախված չես իշխանությունից». Հրանտ Թոխատյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է դերասան Հրանտ Թոխատյանը:

- «Մեա կուլպա 1»-ը 15 տարի շարունակ մնում է բեմի վրա: Ինչո՞վ է նրա երկարակեցությունը պայմանավորված, բացի այն, որ Վարդան Պետրոսյանի մոնոներկայացումներն ու ա՛յս ներկայացումն են, որ ուղիղ խոսում են մեր իրականության, հենց մե՛ր մասին:

- Կարծում եմ` այդ տիպի ներկայացումների մասին խոսելիս նշվում է հենց դրանց բովանդակությունը, այլ ոչ դերասանական խաղը կամ բեմադրությունը: Երբ գնում են Վարդան Պետրոսյանի մոնոներկայացմանը, գնում են ասելիքը լսելու, ոչ թե Վարդանի խաղը տեսնելու: Այս տիպի ներկայացումներում իմ, Վարդանի, Սամսոնի, մյուսների խաղը երկրորդ պլանում է: Ու երբ ասելիքը քո սրտից է, քեզ անհանգստացնում է, դու բեմից զրուցում ես այնպես, ինչպես ես և Դուք հիմա խոսում ենք: Ուղղակի ներկայացման պարագայում զրուցակիցներդ 700-ն են:

- Ներկայացումն ավելի շատ հարցե՞ր է առաջադրում, թե՞ տալիս է պատասխաններ:

- Թատրոնն իրավունք չունի պատասխաններ տալու, որովհետև ինչպիսին էլ դրանք լինեն, միևնույն է` միակողմանի, անձնավորված կստացվեն:

- Ի՞նչ հարցեր եք տալիս:

- Ինչո՞ւ է այսպես: «Մեա կուլպայի» դեպքում փորձում ենք հարց բարձրացնել, թե որքանով ենք արժանի պահանջելու մեր հողերն առանց ինքնամաքրվելու: Արդյոք մեզնից յուրաքանչյուրը զգո՞ւմ է իր մեղքը: Մենք պատրաստ ենք միմյանց մեղադրելու, ամենամեծ մեղքերը բարդելու որևէ մեկի վրա, միայն թե ինքներս մեզ չդիտարկենք մեղքի տիրույթում: Ներկայացման ժամանակ, ամենասուր քննադատական կտորները խաղալիս, երբ նայում եմ դահլիճին, մարդիկ նայում են կողքինին: Հազվադեպ, երբ մեկն իջեցնի աչքերը, ընդունելով, որ դա նաև իր մասին է: Մանավանդ իշխանական վերնախավի մարդիկ անմիջապես կողքի նստածին են նայում կամ` կողքինի հետ քչփչում, ու ես գիտեմ` հաստատ գտել է քննադատության թիրախին, ու դա հաստատ ինքը չէ, այլ մեկ ուրիշը:

- Մի քանի օր առաջ Վահե Դավթյանի հետ էի զրուցել, այսքան տարիների իմ զրուցակիցներից նա միակն էր, որ իր մեղքի բաժինն էր տեսնում այսպիսի Հայաստան ունենալու գործում: Բայց ես նրան հակադարձեցի, որ արդար չէ, ճիշտ չէ, երբ քաղաքացին մի ամբողջ համակարգի սխալների ու տապալումների մեջ իրեն է մեղավոր տեսնում: Ահա, ինչո՞ւ պիտի շարքային քաղաքացին մեղքի մեծ բաժին իր վրա վերցնի, երբ կան քաղաքական-տնտեսական-մշակութային հարցերով կոնկրետ պատասխանատուներ, ղեկն իրենց ձեռքը վերցրածներ, որոնք հետևողական փչացնում են այդ նույն հանդիսատեսին` ՀՀ քաղաքացուն, սեղմում են նրա կյանքի օղակը, բոլոր պայմաններն ստեղծում են երկրից հեռանալու համար:

- Անկախությունից հետո Հայաստանում իշխանության եկան մտավորականներ: Ցավոք, հետագայում նրանցից ոչ բոլորը մնացին: Նրանք, համոզված եմ, շատուշատ գրքերից բացի կարդացել էին նաև Լենինի քաղաքականության մասին: Ի՞նչ արեց Լենինը. նա սկսեց վերացնել մտավոր ընտրախավին` իր կողքին պահելով տրոցկիստներին, բուխարիներին, Ստալինին: Իսկ Ստալինն ավելի առաջ գնաց` հասկանալով, որ եթե իր կողքին լինեն, այսպես ասենք՝ անասունները, շատ ավելի հեշտ կլինի կառավարել և վերահսկելի պահել իրավիճակը: Նա իր այդ ընտրությունն արդարացնում էր նրանով, թե ստեղծել է հզոր տնտեսություն, բայց` առանց հոգևորի: Հոգևորը ճամբարներում էր:

- Բայց առաջին իշխանությունը մտավորականներին արտաքսել, քշել կամ հեռացրե՞լ է:

- Վանոն ու Վազգենն իմ ընկերներն էին: Ավելի մոտ էի Վազգենի հետ, քան` Վանոյի, բայց, այսպես թե այնպես, շփումը միշտ եղել է: Անկախության հռչակման տարիներին մեզ տրվեց մաքուր թուղթ, որտեղ մենք կարող էինք հզոր պատմություն գրել: Բայց մեզնից յուրաքանչյուրն առավ իր գրիչը, հարձակվեց այդ թղթի վրա և խզբզեց:

- Պարո՛ն Թոխատյան, Դուք արդար չեք, որովհետև համակարգային տապալումների, մեղքը հենց նույն համակարգի գործունեության մեջ տեսնելու հարցի շուրջ խոսելիս հիշատակում եք միայն երկու անուններ, որոնցից մեկն սպանված է, մյուսը` արտաքսված:

- Երևի միտքս լավ չձևակերպեցի: Երբեք չեմ մեղադրել նրանց: Եթե նրանք լինեին մարդիկ, որոնց չեմ ճանաչել, այստեղից-այնտեղից ընդհանուր կարծիքներ հավաքելով` գուցե ինձ թույլ տայի ավելորդություններ ասել: Բայց քանի որ ես անձամբ ճանաչում էի նրանց, գիտեմ, որ ո՛չ Վանոն, ո՛չ Վազգենը չէին փորձի մտավորական մարդուն արտաքսել իշխանությունից: Յուրաքանչյուր հեղափոխություն, կատակլիզմ առաջ է բերում նստվածքը` հետ մղելով սերուցքը: Մեր պարագայում էլ այդպես եղավ, իսկ Վանոն ու Վազգենը չէին կարող դրա դեմ միայնակ պայքարել:

Վանոն կարողացավ կարգուկանոն հաստատել երկրում` մաքրելով գողական աշխարհից, ասֆալտի ֆիդայիներից. կարծում եմ՝ դրա համար նա ստանձնեց ոստիկանապետի, հետո` քաղաքապետի պաշտոնները: Վազգենը փորձեց երկրաշինությամբ զբաղվել: Բայց բոլոր հարցերը չէին կարող ժամանակին ու ճիշտ լուծել: Ու ստորինը` նստվածքը, այնքան սեղմեց, որ ստվեր գցեց անգամ նրանց վրա: Բոլորը, այդ թվում՝ Վանոն ու Վազգենը, ունեին իրենց պլյուսներն ու մինուսները: Բայց մենք նրանցից հետո ավելի խարիզմատիկ տղերք չենք ունեցել իշխանության մեջ:

Վազգենն իր հետևից մահապարտներ էր տանում սահման: Մենք ապրիլին էլ մահապարտներ ունեցանք: Բայց նրանք ինչ-որ մեկի հետևից չգնացին: Նրանք հանունի հետևից գնացին: Հետո եկավ Ռոբերտ Քոչարյանը, մի մարդ, որին հիմնականում գիտեին որպես ԼՂ նախագահի: Նրա անվան շուրջ լեգենդներ էին պտտվում. նա այն մարդն է, որ իր ընտանիքը չի հեռացրել ռմբակոծվող Ստեփանակերտից, նա ռմբակոծության ժամանակ նստել է իր կաբինետում և չի իջել նկուղ:

- Նույն բաները Սերժ Սարգսյանի մասին են ասում` նա իր ընտանիքը չի հանել ռմբակոծվող Ստեփանակերտից: Բայց արդյոք մի ամբողջ պետություն` իր քաղաքացիներով, պիտի հատուցեն այդ «սխրանքի» համար: Այդ մարդիկ, գալով իշխանության, այդպես էլ չհասկացան, որ պատերազմը պատերազմ է, կյանքը` կյանք, պետության կառավարումը` բոլորովին ուրիշ գործ: Նրանք, ըստ էության, դարձան ռազմական խունտա:

- Պատերազմում անգամ արյուն թափած մարդը ոչ մի իրավունք չուներ մոտենալու երկրի կառավարման գործին: Չի՛ կարելի:

- Ուստի, «մեա կուլպայի» սլաքը պիտի ուղղել դեպի վերև, ոչ թե ներքև:

- Վերևն առանց ներքևի չի լինում:

- Դա միֆ է, որ տարիներ շարունակ լցրել են մեր գլուխները` դուք եք ծնել իշխանություններին, ժողովուրդն արժանի է իր իշխանությանը...

- Արժանիի մասին չեմ խոսի, բայց որ նրանք մեզնից են եկել, դա փաստ է: Հո օդի՞ց չեն եկել այդ մարդիկ: «Մեա կուլպա 2»-ում մի քանի անգամ մենք մեզ թույլ տվեցինք բեմից շատ ուղիղ մեղադրել ժողովրդին:

- Պարո՛ն Թոխատյան, ով հրապարակից ձայն է տվել, ժողովուրդը գնացել է: Ձեզ ժողովուրդը իրեն մեղադրելու համար չի՞ հակադարձել:

- Իրականում շատ հետաքրքիր վիճակ է. ստեղծագործող մարդիկ խնդիր չունեն իրենց ստեղծագործությունը, իրենց միտքը ներկայացնել հանրությանը: Խոսիր ինչ ուզում ես: Խնդրեմ: Բայց բեմից, գրքից, կտավից դուրս քեզ էնպես են ներկայացնում, որ քեզ սիրող հանդիսատեսն էլ է քեզնից երես թեքում: Ինքս իմ մասին այնքան վատ բաներ եմ կարդացել, որ քիչ էր մնում հիասթափվեմ ինձնից: Բայց չէ՞ որ դա միայն ես չեմ կարդում, դա կարդում է նաև իմ հանդիսատեսը:

- Ձեզ ուղղված հիմնական մեղադրանքն այն է, որ ընդունեցիք իշխող կուսակցության համագործակցության առաջարկը` դառնալով ՀՀԿ ավագանու անդամ: Ի՞նչ տվեց Ձեզ այդ պաշտոնը: Ինչո՞ւ ընդունեցիք այդ առաջարկը:

- Ինձ դա բացարձակապես ոչինչ չտվեց: Գնացի, որովհետև մտածում էի, որ եթե լինեմ հարց որոշող խմբում, կարող եմ իրավիճակ փոխել: Պարզվեց` ոչինչ չեմ կարող անել: Երբեք չեմ օգտվել այն հանգամանքից, որ ավագանու անդամ եմ: Ի՞նչ կարող էր այն ինձ տալ: Ինչ պետք է եղել` ինքս եմ ստեղծել: Դրա համար իմ կոլեգաները նեղվեցին, երբ ասել էի, թե հնարավոր չէ որևէ բան փոխել ավագանու անդամ լինելով: Ես բացատրեցի, որ խոսքն իմ մասին է: Գուցե իրենք կարողանո՞ւմ են մի բան անել: Համենայն դեպս, ինձ չի հաջողել: Դրա փոխարեն նոր ներկայացում կանեի:

- Երբ ավագանու անդամ էիք, փորձե՞լ եք շատ ուղիղ ձևով առաջին դեմքին ասել, որ այսպես հնարավոր չէ շարունակել:

- Ո՛չ որպես ավագանու անդամ: Երեք նախագահներին էլ հրավիրել եմ իմ ներկայացումներին: Միայն Սերժ Սարգսյանն է եկել: Ռոբերտ Քոչարյանը չէր եկել, որովհետև թատրոն չի սիրում: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, այդ տարիներին «Խաթաբալադան» էինք խաղում, չէր եկել զբաղվածության պատճառով: Բայց եկել էին Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը: Երկուսի համար էլ շատ կարևոր էր այդ ներկայացումը, թեպետ կարծիքներ կային, որ այդ ներկայացումներում` «Խաթաբալադա 1»-ում և «Խաթաբալադա 2»-ում, արծարծվում էին նրանց կերպարները:

- Իսկ Սերժ Սարգսյանն ի՞նչ է Ձեզ ասել ներկայացումից հետո:

- Բավականին հավանել էր: Միայն Նապոլեոնի` բանակին վերաբերող հատվածին համաձայն չէր: Նա ասում էր, որ բանակում փոփոխություններ կան: Պատասխանեցի, որ զինվորներին նվաստացնելու հարցը ակտուալ է, և այդ կտորը կլինի այնքան ժամանակ, մինչև չասեն` դե լավ, ինչ հին բաներ եք խոսում: Մենք ո՛չ առաջինն ենք, ո՛չ վերջինն աշխարհում, որ քաղաքական պամֆլետ ենք բեմ բարձրացնում: Դրանք տարիների ընթացքում անընդհատ հղկվում են, թարմացվում են, խմբագրվում: Եվ ցավալին այն է, որ նույն թեման 15 տարի խաղում ենք, ու մեկ բառ անգամ չի փոխվել այս տարիների ընթացքում: Նորմալ չէ, որ քաղաքական պամֆլետը 2002 թվականից ի վեր չի հնանում:

- «Սասնա ծռերի» գործողություններից հետո, երբ Հաց բերողի պայծառ կերպարը ի հայտ եկավ, Շահեն Հարությունյանն ու մի խումբ երիտասարդներ հացադուլ և դասադուլ էին անում Ազատության հրապարակում: Դուք գնացել էիք երիտասարդների մոտ և օգնել լուծելու կենսական նշանակության մի քանի հարցեր: Խոսակցություններ եղան, որ այդ դեպքից հետո Ձեր և Սերժ Սարգսյանի հարաբերությունները փչացան, Ձեզ չներվեց այդ արարքը:

- Իմ հարաբերությունները ցանկացած մարդու հետ, անկախ զբաղեցրած պաշտոնից, հիմնվում են ոչ նրա զբաղեցրած պաշտոնի համար: Ես հիմա էլ կարող եմ ծանոթանալ կողքի սեղանին նստած տղաների հետ և նորմալ շփվել: Ես ունեցել եմ իմ շրջապատը` շատ կոնկրետ մարդիկ, որ ինձ հոգեհարազատ են: Մնացած ծանոթ մարդիկ, համաձայն չլինելով իմ այս կամ այն դիրքորոշմանը, կարող են այլևս չշփվել ինձ հետ, բայց դա իմ կյանքում ոչինչ չի փոխում: Կարծում եմ` նրանց կյանքում նույնպես: Դրանից իմ ներկայացումները վատը կամ լավը չդարձան, բեմը չփակվեց իմ առաջ: Բայց ամենավտանգավոր դիրքը հենց դա է` երբ դու ոչ մի բանով կախված չես իշխանությունից: Դու անկառավարելի ես, պարզ չէ, թե ի՛նչ կանես: Եվ հենց դրա համար սևացնող ակցիա է կազմակերպվում մարդու դեմ՝ «Ծախված մտավորական» խորագրով: Դա կազմակերպվում է:

- Կարծում եք` դա հատո՞ւկ է կազմակերպվում Ձեր դեմ:

- Այո՛, որովհետև հիմք չեմ տեսնում, թե ինչո՛վ եմ ծախված:

- Որովհետև համագործակցել եք իշխանության հետ, որովհետև վարում եք իշխանական ամենամեծ նախագծերից մեկը` Համահայկական հիմնադրամի դրամահավաքը:

- 20 տարի է՝ վարում եմ այդ նախագիծը, բայց երբեք չեմ վճարվել դրա համար: Ու ես հպարտ եմ, որ վարում եմ, և նույն հպարտությամբ վարելու եմ նաև այս անգամ, որովհետև այդ փողով կաթիլային ոռոգման համակարգ է կառուցվելու: Ես անհարմար չեմ զգում մեր հայրենակիցներից գումար խնդրել:

- Ճի՞շտ եք համարում այդ գործը: Լավ, ինչքա՞ն կարելի է սփյուռքին դնել միայն փող տվողի դերում: Դրանով նա տե՞ր է դառնում երկրին, սփոփվո՞ւմ է, Հայաստան և սփյուռք հարաբերությունները շահո՞ւմ են փող տվող-փող ստացող դիրքից:

- Համաձայն եմ: Բայց այլ հնարավորություններ տրված չեն, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները գան և Հայաստանում ներդրումներ անեն: Խանգարում են այդ մարդկանց: Նրանք էլ են վտանգավոր, որովհետև սփյուռքի բիզնեսմենն էլ է անկախ, ուստի` անկառավարելի: Նրան տնտեսական ճնշումից բացի ուրիշ ոչ մի բանով չեն կարող վախեցնել: Դրա համար էլ բոլոր պայմաններն ստեղծվում են, որ սփյուռքից եկած ներդնողը թողնի ու գնա: Հասկանո՞ւմ եք` եթե հիմա չկառուցվի ու չնորոգվի այդ դպրոցը, հիվանդանոցը, ճանապարհը, այգին, կտուժեն ՀՀ քաղաքացիները: Այն, ինչ կառուցվում է ու նորոգվում, մնայուն է:

- Բայց Դուք նպաստում եք նախագծած սցենարին` թող սփյուռքի ակտիվը մնա այնտեղ, ես այստեղ կլինեմ ցարը, դուք ուղարկեք փողը, ես ճանապարհ կկառուցեմ, մի բան կանեմ:

- Բայց Դուք մոռանում եք, որ երեխայի համար անհրաժեշտ է այդ դպրոցը, հիվանդի համար անհրաժեշտ է հիվանդանոցը, կառուցված ճանապարհով բոլորս երթևեկում ենք: Ես հասկանում եմ՝ ի՛նչ եք ասում, և շատ լավ գիտակցում եմ: Ես էլի եմ գնալու և փող եմ ուզելու իմ ընկերներից մանկական դրամատիկական թատրոնի համար, որովհետև 1 միլիոն դոլար ես կարող եմ միայն թղթի վրա գրել, ես իմ կյանքում այդքան գումար չեմ աշխատի: Բայց ես ներկայացրել եմ այդ ծրագիրը և պիտի անեմ` աղաչելով, համոզելով: Սխա՞լ եմ անում, ուզվո՞ր եմ դառնում:

- Դա ուրիշ բան է, Դուք պետություն չեք:

- Ես երկու դեպքում էլ անձնավորված եմ մոտենում: Եվ ինձ համար կարևոր է, որ դպրոցը, ճանապարհը, հիվանդանոցը, ծերանոցը կան: Ես պատրաստ եմ էլի այդ փողն ուզել հանուն ինչ-որ կարևոր բանի կառուցման:

- Դա ոչ պետական մտածողություն է:

- Հնարավոր է, համաձայն եմ, հնարավոր է... Չեմ վիճում:

- Համաշխարհային կինո կամ թատերական դեմքերից ո՞ւմ հետ կուզեիք շփվել: Այսպես ասեմ` ո՞ւմ հարցեր ունեք տալու:

- Ես այսօր կուզեի բեմ բարձրանալ Խորեն Աբրահամյանի հետ: Վահրամն ավելի շուտ գրեց «Ծերունին ու սովը», քան`«Ժանգոտ բանալին»: Իմ ընկեր Վարդան Պետրոսյանի բախտը բերեց, որովհետև նա հասցրեց ներկայացում խաղալ Խորեն Աբրահամյանի հետ: Ես` ո՛չ: Ա՛յ, դրա համար ցավում եմ:

- Իսկ համաշխարհային դեմքերի՞ց:

- Իսկ ես Խորեն Աբրահամյանին ոչ պակաս համաշխարհային դեմք եմ համարում: Նա բարձր կլասի դերասան էր: Մենք ունեցել ենք դերասաններ, որոնց հնարավորություն չտրվեց մինչև վերջ արտահայտվելու: Ահա թե ինչու չեմ սիրում խաղացանկային թատրոնը: Կարծում եմ՝ Մհեր Մկրտչյանը մինչև վերջ չբացահայտվեց: Ես կարծում եմ, որ Արմեն Խոստիկյանին էլ չտրվեց այդ հնարավորությունը. նա կարող էր հրաշք դրամատիկ դերասան լինել: Նաև` Կարպ Խաչվանքյանին չտրվեց այդ հնարավորությունը, մարդիկ միայն «Տաքսի-տաքսի»-ն են հիշում: Նրանք կիրթ դերասաններ էին, զարգացած մարդիկ էին: Աշխարհի ամենաառաջադեմ բեմերը կերազեին այդպիսի դերասաններ ունենալ: Նրանց բացակայությունն ահռելի է մեր բեմի վրա: Նրանց փոխարինող շատ քիչ մարդ կարելի է նշել:

-Դուք նախաձեռնել եք հիմնել մանկական դրամատիկական թատրոն: Դա ահռելի աշխատանք է: Ինչպե՞ս եք պատկերացնում` հնարավո՞ր է մենեջերական աշխատանքը համատեղել բեմի հետ:

- Իհարկե հնարավոր չ է: Դրա համար էլ մենեջմենթով կզբաղվեն մենեջերները: Կլինեն պրոֆեսիոնալ մենեջերներ, շինարարներ. ես այդ գործերին չեմ խառնվի, որովհետև չեմ հասկանում:

- Իսկ մոտավոր պատկերացում ունե՞ք` ինչպիսին է լինելու թատրոնի մշակութային ծրագիրը:

- Առաջին հերթին կարևորում եմ դպրոցը, որտեղ կդասավանդեն լավ մասնագետներ, որպեսզի երեխաները սիրեն թատրոնը, ընկալեն և գիտելիքներ ունենան: Հետո իրենք կորոշեն` գնա՞լ այդ ուղղությամբ, թե՞ ոչ: Լինելու է նաև փորձարարական բեմ: Իմ երազանքներում այդպես եմ պատկերացնում: 99 տեղանոց դահլիճ կա, այնտեղ երեխաները բեմ կբարձրանան, իսկ ուշ ժամերին այն կտրամադրվի երիտասարդ ռեժիսորներին, որոնք կարող են այնտեղ իրենց ուզած բեմադրություններն անել: Եվ ուզում եմ սցենարիստների դպրոց լինի, որպեսզի երեխաները սովորեն դրամատուրգիա: Ինձ այդ շենքը տրվել է ընդամենը 10 տարով: Գիտե՞ք ինչքան մարդ է ինձ ասում. «Դու հիմար ես, չե՞ս մտածում, որ 10 տարի հետո կարող է գալ մի ուրիշ մարդ և ասել. «Բարև Ձեզ, շնորհակալություն, բայց հիմա ես եմ դպրոցի տնօրենը»: Ես դա շատ լավ գիտակցում եմ, բայց ավելի կարևորում եմ մանկական դրամատիկական թատրոն ունենալու գաղափարը:

Հարցազրուցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am