«Այս ամենն արվում է, որպեսզի բանակը լինի հզոր, կանոնակարգված, գիտությանը վնաս հասցնելու փորձ չենք կատարում». Վահրամ Բաղդասարյան

20-11-2017
3421 դիտում
«Այս ամենն արվում է, որպեսզի բանակը լինի հզոր, կանոնակարգված, գիտությանը վնաս հասցնելու փորձ չենք կատարում». Վահրամ Բաղդասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

-Պարո՛ն Բաղդասարյան, հնարավո՞ր է՝ իշխանություններն ընդառաջ գնան «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների պահանջներին և քննարկումների արդյունքում նրանց պահանջները ներառեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում:

- Մենք շատ հստակ պայմանավորվել ենք երիտասարդների հետ: Ընդ որում, պետք է ասեմ, որ բավական պատրաստված տղաներ են նրանք: Պայմանավորվածության համաձայն կլինի կլոր սեղան, բանավեճի մեջ արդեն այդ ամենը պարզ կլինի:

- Նրանք սպառնում են, որ եթե իրենց պահանջները չկատարվեն, դարձյալ փողոցային պայքարի մեթոդին կդիմեն:

- Սպառնալիքներով մեզ հետ չի կարելի խոսել: Պետք է լինեն համոզմունքներ:

- Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում տարկետման իրավունքի սահմանափակման շուրջ ծագած այս աղմուկը:

- Պարզապես պետք է մեր ուսանողների հետ բացատրական աշխատանք տանել: Այս օրենքը կանոնակարգված օրենք է, որը ոչ միայն ամրապնդում է մեր բանակը, միտված է մեր անվտանգությանը, այլ նաև գիտության ասպարեզում հաջողություն ու հեռանկար ունեցող որևէ երիտասարդ չի կարող գիտությունից զերծ մնալ: Եվ կան նաև այդ միջոցները, որով նման երեխաներին կօժանդակեն, կառաջնորդեն: Այսինքն՝ գիտության ջիղ ունեցող երիտասարդները չեն զրկվում տարկետման իրավունքից: Դրա համար համապատասխան չափորոշիչներ ամրագրված են:

- Մարդկանց մոտ արդարության պակասի զգացում կա: Ասում են՝ միևնույն է, եթե անգամ տարկետումը վերացվում է, պաշտոնյաների տղաներն այլ ճանապարհով կխուսափեն ծառայությունից:

- Ո՛չ, պետք է զինվել հավատով, և սա հենց այդ սոցիալական հավասարության պայմաններն ապահովող ատրիբուտներից մեկն է: Պարզապես մենք պետք է վերահսկողություն սահմանենք, որ իրոք այդ արդարությունը լինի: Նախկինում դա անվերահսկելի էր, հիմա մենք դարձնում ենք վերահսկելի: Բոլորի համար պետք է ստեղծել հավասար պայմաններ: Եթե մենք դա չկարողանանք իրագործել, իր իմաստը կորցնում է այս ամեն ինչը: Այս ամենն արվում է, որպեսզի մեր բանակը լինի հզոր, կանոնակարգված, և որևէ անգամ մենք մեր գիտությանը վնաս հասցնելու փորձ չենք կատարում: Կարող եք նայել վիճակագրությունը, թե 1990-ական թվականներից մինչև այսօր ուսման հետ կապված տարկետում ստացողներից քանիսն են գիտնական դարձել:

- Բայց միևնույն է, սոցիալական արդարության հարցը չի լուծվում երկրում: Պաշտպանության ոլորտի նոր օրենքները ի զորու կլինե՞ն փոփոխություն մտցնելու: Արդեն իսկ այդ օրենքներով սոցիալապես անապահովներին առաջարկվում է որոշակի գումարի դիմաց առաջնագիծ ծառայության գնալ:

- Բնականաբար, նախկինում վերահսկողությունը թույլ էր, չկար վերահսկողություն: Չէինք կարողանում որևէ ձևով վերահսկել, իսկ ճիշտ վերահսկողության ու հետևողականության պայմաններում այս օրենքով այդ արդարությունը, ինձ թվում է, առավելագույնս կպահպանվի:

- Նախկինում ի՞նչն է խանգարել վերահսկել, որ, օրինակ, պաշտոնյաներն իրենց տղաներին չազատեն ծառայությունից:

- Եթե մեկը պաշտպանական թեզ է ներկայացնում, որը բավական գրագետ գրված է, մենք ի՞նչ կարող ենք իմանալ՝ այդ թեզը գրել է տվյալ ասպիրանտը, թե՞ գրել է մեկ ուրիշը և տվել է նրան: Ես 1995 թվականից տարբեր դոկտորական խորհուրդների անդամ եմ եղել, և ես տեսնում էի այդ թեզերի որակը: Դրանք պարզապես պատրվակ էին բանակից խուսափելու համար, ոչ թե պաշտպանական թեզ էին, որպեսզի դառնային գիտնական կամ մեր գիտությանը որևէ օգուտ բերեին: Բայց շատ գրագետ գրված էին: Ես օպոնենտ եմ եղել 100-ից ավելի դեպքերում, 20-ից ավելի պաշտպանական թեզերի ղեկավար եմ եղել: Մինչև չէի ուսումնասիրում՝ նրա գիտելիքները համապատասխանո՞ւմ են, չէի վերցնում այդ թեզը: Բայց դա անվերահսկելի գործընթաց է. երբ մարդը թեզը ներկայացնում է, դու որևէ պատճառ չունես այդ թեզը չընդունելու: Դա ամբողջ աշխարհում կարող է լինել, որ միջնորդությունը, կոռուպցիոն ռիսկերը միշտ շատ են եղել: Իսկ այս օրենքով բացարձակապես կրճատվում են կոռուպցիոն ռիսկերը:

- Այսինքն՝ եթե տարկետումը վերացվում է, պաշտոնյան չի՞ փորձելու իր տղային այլ ճանապարհով ազատել բանակից:

- Բնականաբար, այս օրենքով և մեր քաղաքական կամքի դեպքում, ինձ թվում է, այդ դեպքերը կհասցվեն նվազագույնի: Բայց պետք է օրենքն աշխատի, նոր մենք դրա արդյունքները տեսնենք: Վերջիվերջո, մինչև աչքովդ չես տեսնում, դրա մասին եզրահանգումներն ավելորդ են: Բայց համոզված եմ՝ օրենքը բավական հաջողված է, բավական փոփոխություններ կատարվել են:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am