«Միայն տարկետման հարցով ուսանողության ըմբոստությունն արդարացված չէ». Ռուբեն Բաբայան

22-11-2017
3269 դիտում
«Միայն տարկետման հարցով ուսանողության ըմբոստությունն արդարացված չէ». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։

- Պարո՛ն Բաբայան, տարկետման իրավունքի պահպանման համար պայքարող ուսանողներն ի վերջո համաձայնեցին իշխանությունների հետ կլոր սեղանի մասնակցել։ Շատերը դա համարեցին փոխզիջում և դրական քայլ, մյուսները համաձայն չէին զիջման գնալուն։ Ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին, և, ընդհանրապես, ինչո՞ւ Հայաստանում չի կայանում քաղաքացիական հասարակությունը, ո՞րն է խնդիրը։

- Ես չգիտեմ` ինչո՛ւ չի կայանում քաղաքացիական հասարակությունը, եթե որևէ դեղատոմս ունենայի, անպայման կառաջարկեի։ Ինչ վերաբերում է երիտասարդությանը, կարծում եմ՝ կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է առաջին հերթին հետաքրքրեն երիտասարդությանը։ Խոսքը նախ այն մասին, է թե ինչպիսի պետություն ենք մենք կառուցում։ Այնպիսի տպավորություն է, թե մեր ուսանողները ստերիլ գիտնականներ են, և որևէ հարց, բացի գիտությունից, նրանց չի հետաքրքրում։ Այդպես չպետք է լինի, որովհետև համալսարանները և ուսանողությունը բոլոր երկրներում եղել են ազատամտության կղզյակներ, և բոլոր առաջադեմ գաղափարները դուրս են եկել հենց այդ շրջանակներից։ Եթե ուսանողությունը ցույց տար, որ ակտիվորեն զբաղված է երկրի առջև ծառացած հարցերով՝ կեղծված ընտրություններ, մենաշնորհներ, խոսքի ազատություն, մարդու իրավունքներ և այլն, նրանց ըմբոստությունն այդ շարքում բնական կընկալվեր ։ Իսկ հիմա նրանց ընդվզումն այնքան էլ հավատ չի ներշնչում, քանի որ միայն տարկետման հարցով ուսանողության ըմբոստությունն այնքան էլ արդարացված չէ։ Մենք ընդհանրապես խնդիր ունենք մեր ամբողջ երկիրը փոխելու, այդ թվում նաև` բանակը։

- Կարծում եք՝ շատ ավելի ընդգրկո՞ւն հարցեր պետք է բարձրացվեին։

- Ցավոք, այն, ինչ հիմա քննարկվում է, ենթադրում է, որ ամեն ինչ պետք է մնա նույն տեղում։ Այնպիսի տպավորություն է, որ նախկին համակարգը մեզ բոլորիս բավարարում է։ Սովորաբար քարոզվում է, որ բանակն ամենակայացած կառույցն է, բայց ես կարծում եմ, որ առաջին հերթին հենց բանակը պետք է փոխվի։ 2016-ի ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ այն արժեքային համակարգը, որի վրա կառուցվում է բանակը, մեր երկրի համար անընդունելի է։ Ի վերջո, հայկական բանակը, երբ լուրջ վերլուծում ես, թե ինչպես է կառուցված, ինչպես է գործում, տեսնում ես, որ խորհրդային բանակի մի մասն է՝ իր գաղափարախոսությամբ, իր կազմակերպչական ձևերով։ Հայաստանն այս տեսակի բանակ ունենալու իրավունք չունի, որովհետև խորհրդային բանակը, ապա` ռուսական բանակը, սովորաբար կանգ չէր առնում մարդկային զոհերի առջև։ Նրանց բոլոր հաղթանակները հիմնականում տեղի էին ունենում զոհերի առջև չկանգնելու գնով հարցերը լուծելով։

Դա մեզ համար փակուղի է, որովհետև մեր հակառակորդները մարդկային ռեսուրսի տեսանկյունից շատ ավելի հարուստ են։ Կարծում եմ՝ մեր բանակն ուրիշ սկզբունքների վրա պետք է կառուցվի։ Թե որքանո՛վ է տարկետման իրավունքը հանելու մասին օրենքը այդ խնդիրը լուծելու, մտածելու, փորձի վրա տեսնելու հարց է։ Փաստարկը, թե դրանով ուզում են արդարություն հաստատել, այնքան էլ համոզիչ չէ, որովհետև արդարություն կարելի է հաստատել նաև առանց տարկետման իրավունքը հանելու։ Եթե արդարության մեխանիզմը չի աշխատում, միշտ գտնվում են այն շրջանցելու ճանապարհներ, տարկետումը չլինի` այլ հարց կլինի։

Կյանքը թելադրում է, որ մենք շատ բան փոխենք, և առաջին հերթին մեր ուսանողությունը չսահմանափակվի լոկալ հարցերի լուծմամբ, այլ հասկանա, որ հնարավոր չէ փոխել կյանքը` ինչ-որ տեղ մի օղակ փոխելով։ Մենք երկու տարի առաջ տեսանք «Էլեկտրիկ Երևանի» հրաշալի շարժումը, երբ պայքարը սահմանափակվեց միայն մեկ խնդրով ու մարեց։ Մինչդեռ այդ հզոր շարժումը, որը, կարծես թե, կարող էր վերափոխվել, ընդունելով ավելի գլոբալ խնդրի՝ արժեքային համակարգի ձևեր, չկայացավ։

- «Էլեկտիկ Երևանի» դեպքում էլ ունեցանք կիսատ պայքար, կիսատ հաղթանակ։ Ըստ Ձեզ՝ դրա պատճառները որո՞նք են, ինչո՞ւ են այդ շարժումներն այդքան հեշտորեն տապալվում՝ չվերածվելով քաղաքական պայքարի։

- Գուցե ես սխալվում եմ, բայց կարծում եմ, որ մենք ոչ մի կերպ չենք կարողանում պարզապես որոշել, թե մենք ի՛նչ պետություն ենք ուզում ունենալ՝ արժեքային համակարգի տեսանկյունից։ Ինձ թվում է՝ հենց մենք դա որոշենք, հենց մենք փորձենք այդ արժեքային համակարգը, որի կենտրոնում մարդն է, հաստատել առաջին հերթին մեր մեջ, կսկսենք այդ թելադրանքով առաջ շարժվել և պահանջել, որ պետությունն էլ դա անի։ Բայց եթե մենք մեր մեջ այդ արժեքային համակարգը չունենք, ոչինչ չի ստացվի։ Ընդհանրապես, շատերն են խոսում արևմտյան կամ արևելյան քաղաքակրթության մասին։

Դա ներքին հասկացություն է, և եթե, ասենք, դու չորսբոլորդ խոզություն չես անում, կարող ես մաքրություն պահանջել։ Բայց եթե դու ասում ես՝ եկեք մաքրեք, բայց ես խոզի պես եմ ապրելու, երբեք մաքրություն չի լինի։ Ես կարծում եմ` հարցը պետք է գլոբալ դնել։ Արդյոք մենք կառուցո՞ւմ ենք երկիր, որտեղ մարդն է ամենամեծ արժեքը, և բանակն է այդ սկզբունքով կառուցվում, և մենք հասկանում ենք, որ եթե թշնամին անգամ տասնապատիկ ավելի շատ զոհ է տալիս, միևնույն է, մեր մեկ զոհը անձի կորուստ է, և մեր բանակն այնպիսին պետք է լինի, որ այդ մեկ զոհն էլ չլինի։ Իսկ բանակն այդպիսին կարող է լինել, եթե կառուցվում է ուրիշ սկզբունքներով` ինտելեկտի, ժամանակակից մոտեցումների վրա հիմնվելով։

Մենք քանակով ոչ մի հարց չենք կարող լուծել։ Մենք պետք է հասկանանք, որ տնտեսությունը կզարգանա ոչ թե ձևական խոսքով, այլ իսկապես բոլորի համար հավասար պայմաններ ապահովելով։ Իրականում մենք այսօր մաքուր բիզնեսմեններ չունենք, որոնք կկարողանան զարգացնել իրենց բիզնեսն առանց կաշառակերության, առանց հովանավորություն, առանց որոշակի պետական լծակներ օգտագործելու։ Այս ամենը մեկը մյուսի հետ կապված են։ Տեսեք` չկա ազատ ընտրություն, մեծ խնդիր է դարձել հասարակությանը ընտրություն հասկացությունը վերադարձնելը։

Այնքան է վարկաբեկված ընտրություն ասվածը, որ այն դարձել է պարզապես 1-2 օրվա գումար աշխատելու պրոցես։ Ու քանի դեռ արժեքային համակարգը, գլոբալ իրավիճակը չփոխելով փորձում ենք լոկալ որևէ ոլորտում փոփոխություն իրականացնել, կարծում եմ` դա հաջողություն չի ունենա։ Ուզում եմ մեջբերել Սալտիկով-Շչեդրինի հանճարեղ խոսքերը. «Նրանք մտածում էին մեկ օր, մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի, թե ինչպես իրենց պետությունում փոխեն ամեն ինչ՝ չփոխելով ոչինչ»։ Մենք հիմա այդ վիճակում ենք, փորձում ենք մեր երկրում փոխել ամեն ինչ՝ ոչինչ չփոխելով։

- ՊՆ-ն նաև հանդես եկավ նոր ծրագրերով՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ», որոնք հնարավորություն են տալիս որպես սպա ծառայել 3 տարի, նաև առաջարկվում է այնպես ծառայել, որ ամսվա մեջ մեկ շաբաթ գտնվել տանը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ծրագրերը։

- Կարծում եմ՝ շատ լուրջ քննարկման հարց է։ Ցավոք, մեզ մոտ բոլոր քննարկումներն ավարտվում են հետևյալ և գուցե արդարացված հարցադրումով՝ վստահո՞ւմ եք, թե՞ չեք վստահում։ Այստեղ վստահության հարց կա։

- Իշխանության նկատմամբ կա տոտալ անվստահությո՞ւն։

- Իհարկե կա։ Եվ առաջնայինը պետք է իշխանությունը վերականգնի այդ վստահությունը։ Իսկ թե ինչպե՞ս` նույն արդարությունը բանակում հաստատելով, որի համար, ըստ իս, տարկետման իրավունքի վերացումը մեծ ազդեցություն չի ունենա։ Ա՛յ եթե արվեին արդարություն հաստատելու մի քանի շատ կարևոր քայլեր, բազմաթիվ դեպքեր կան, երբ մարդը ձևակերպված է, որ ծառայում է բանակում, բայց իրականում չի ծառայում։ Այդ դեպքերը վերացնելո՞ւ են տարկետման իրավունքը հանելով, թե՞ էլի կձևակերպեն, որ ծառայում է բանակում, բայց էլի Երևանի սրճարաններում և փաբերում ման կգան։ Արդարության հաստատման առաջնային մի քանի քայլերը, որ պետք է արվեն, վերաբերում են նաև բարձրաստիճան զինվորականներին։ Ոչ իհարկե բոլոր զինվորականները, ոչ իհարկե բոլոր գեներալները, բայց կան անուններ, որոնց բոլորը գիտեն, որ դղյակներ ունեն և այլն։ Բոլորին էլ հասկանալի է, թե որտեղի՛ց նրանց այդ դղյակները։ Մյուս կողմից` քրեական տարրեր են ներմուծվել բանակ, որոնք բանակը ղեկավարում են քրեական սկզբունքներով։ Դա և՛ Հայաստանի բանակում կա, և՛ Ղարաբաղի։ Երբ դրանք վերացնում ես, ինչ-որ ձևով սկսում է վստահություն ստեղծվել, և քո հետագա քայլերը արդեն որոշակի վստահություն են ներշնչում։ Հիմա շատ հաճախ հայտարարում են՝ մենք վստահ ենք բանակի վրա։ Շատ լավ է, որ վստահ եք, բայց ցույց տվեք այն հիմունքները, որոնց վրա վստահ եք։ Հենց այնպես խոսքերին հավատալը շատ դժվար է։

Մանե Հարությունյան

MediaLab.am