«Սերժ Սարգսյանն ինքն էլ է ասել, որ պատրաստ է հողերը հանձնելու, խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի վերցնում». Արա Պապյան

23-11-2017
3825 դիտում
«Սերժ Սարգսյանն ինքն էլ է ասել, որ պատրաստ է հողերը հանձնելու, խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի վերցնում». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

- Պարո՛ն Պապյան, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց նկատո՞ւմ եք և ինչպե՞ս եք գնահատում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքվում և Երևանում արած հայտարարությունները:

- Չէ՛, որևէ առաջընթաց չեմ տեսնում: Լավրովն ինքն էլ ասաց, որ առանձնապես հույս չկա, թե հիմնախնդիրն արագ կլուծվի: Նա ասաց, որ փաստաթղթերը սեղանին են, պետք է ի մի բերվեն, որ բոլորի համար ընդունելի տարբերակ լինի: Բայց հասկանալի է, որ դա բոլորի համար ընդունելի չի լինի, որովհետև Ադրբեջանը բացառում է որևէ տեսակի զիջում իր կողմից: Այսինքն՝ նա ուզում է, որ մենք զիջումներ անենք: Եվ մեր իշխանությունը տվել է այդ զիջումներին իր համաձայնությունը: Բայց անգամ դրանով հանդերձ մենք չենք լսում հայտարարություն Ադրբեջանի կողմից, որ ասի. «Ա՛յ, դուք պատրաստ եք այս յոթ շրջանները վերադարձնել, ես էլ պատրաստ եմ Ղարաբաղին տալ անկախություն»: Ինքն ասում է՝ սա տվեք, հետո թող գաղթականները գան, հետո կտեսնենք` կամարտահայտությունը քանի տարի հետո կլինի, թե չի լինի, բայց իրենց կարգավիճակը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Այսինքն՝ երբ ինքն ասում է՝ Ադրբեջանի կազմում` նշանակում է հարցն արդեն փակ է:

- Լավրովն ի՞նչ ուղերձներ ուղղեց իր այցերի ժամանակ:

- Երբ Լավրովը Բաքվում նշեց, որ ցանկալի է, որ Ադրբեջանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցի, դա էր հիմնական մեսիջը: Ես կարծում եմ, որ հիմա Մոսկվան մի բանի վրա է աշխատում՝ Ադրբեջանին համոզել, գայթակղել և դարձնել ԵԱՏՄ անդամ: Դա է իր ծրագիրը: Հիմա, թե ի՛նչ կվճարի դրա դիմաց Մոսկվան Բաքվին, բնական է, վճարման միջոցը միայն Ղարաբաղն է, այլ բան չկա, դա ուրիշ հարց է: Եվ Մոսկվան պատրաստ է դրան գնալու: Պարզապես կարծում եմ` այստեղ միակ խնդիրն այն է, որ Ադրբեջանը պնդում է՝ նախ տվեք, հետո ես կտամ համաձայնությունս:   Իսկ ռուսներն էլ, իմանալով, որ ադրբեջանցիները հայտնի քցող են, ասում են՝ չէ՛, դուք սկզբում տվեք ձեր համաձայնությունը, մտեք ԵԱՏՄ, հետո արդեն վճարը կստանաք: Այսինքն՝ այստեղ սակարկությունը գնում է, թե ի՛նչ պետք է վճարեն Եվրասիական տնտեսական միության համար: Դա է, ուրիշ հարց չի քննարկվում:

- Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Ռուսաստանի դիրքորոշման փոփոխություն նկատվո՞ւմ է այս փուլում:

- Ո՛չ, իմ կարծիքով, ուղղակի Ռուսաստանը հույսը կտրել է, որ ինչ-որ բան կկարողանան պարտադրել կա՛մ Հայաստանին, կա՛մ Ադրբեջանին: Եթե մինչև իսկ Ռուսաստանին հաջողվի Հայաստանի ղեկավարությանը, ինչպես Սերժ Սարգսյանն ասաց, ցավոտ լուծումների բերել, ինքը հասկանում է, որ հայ հասարակությունն այդ ցավոտ լուծումները կարող է և չընդունել: Եվ, ամենայն հավանակությամբ, չի ընդունի: Այսինքն՝ նրանք հասկանում են, որ Հայաստանը Սերժ Սարգսյանով չի սահմանափակվում: Եվ ինքը հասկանում է, որ կան բաներ, որ այս ժողովուրդը միավորվում է այդ հարցերի շուրջ: Դրանցից մեկն ազգային արժանապատվության հարցն է, որը վեր է տնտեսական շահից: Մյուսն Արցախի հարցն է, որն էլի ազգային արժանապատվության հարց է, որովհետև արյունը ջուր չի դառնում: Թափված արյունն ուրանալ չի լինի, դա այդքան հեշտ չէ, բա այդ արյան պատասխանն ո՞վ պետք է տա:

- Օրերս Թուրքիայի նախագահ Էրդողանը ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ բարձրացրել է «հինգ շրջանների հարցը», բայց Պուտինը կարծես ընթացք չի տվել: Ինչ-որ բա՞ն է փոխվում:

- Դրան հակառակ ռուսական «Կոմերսանտը» երեկ մի հոդված էր հրապարակել, որի հեղինակ լրագրողը Լավրովի հետ եղել էր Բաքվում: Եվ նա, վկայակոչելով Լավրովի պատվիրակության անդամներից մեկին, նշել էր, որ Երևանն ու Բաքուն տվել են իրենց համաձայնությունը հինգ շրջանները հանձնելու վերաբերյալ: Սերժ Սարգսյանն ինքն էլ է ասել, որ պատրաստ է հողերը հանձնելու և տալիս է: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը չի վերցնում: Այդ տալու դիմաց Մոսկվան Ադրբեջանից բան է պահանջում: Ասում է՝ դու սրա դիմաց կասես, որ ԵԱՏՄ ես մտնում: Եվ սա շատ ցավալի է, որ մեր իշխանությունները, առանց հանրաքվեի, նման որոշում են կայացնում: Ես կարծում եմ՝ հանրաքվեն միակ լուծումն է նման հարցերի դեպքում: Ամեն մեկս մեր տառապանքի բաժինն ունենք այս հիմնախնդրի մեջ, ամեն մեկն իր չափով կորուստ է ունեցել այս պայքարի մեջ:

Իշխանությունները միշտ հարցնում են՝ դու ի՞նչ ես արել Արցախի համար, բայց երբ գալիս է հողերը տալու ժամանակը, մարդկանց չեն հարցնում՝ իսկ ո՞րն է քո կարծիքը: Այդպես չի լինում՝ իրավունքներն ու պարտականությունները միասնական են լինում: Եթե Հայաստանի ժողովուրդն իր զավակներին տալիս է, որ գնան Հայաստանի մի մաս հանդիսացող Արցախը պաշտպանելու, ուրեմն նույն Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի նաև, թե ինչ պետք է արվի Արցախի հետ, ոչ թե մի քանի հոգի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am