Տղե՛րք, չե՞ք նկատում, որ բանակը ձեզնից զզվում է…

24-11-2017
2881 դիտում
Տղե՛րք, չե՞ք նկատում, որ բանակը ձեզնից զզվում է…

Բանաստեղծ Ավագ Եփրեմյանը պատմում է ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնություններին մասնակցած կապանցի հայտնի ֆուտբոլիստ Գրիգոր Համբարձումյանի մասին, որը կյանքի վերջում նաև մարզիչ էր։ Այս մարդն իր ֆուտբոլիստներից մեկի` գնդակի հետ անվարժ հնարքներից նյարդայնացած ասում է. «Լսի՛ր, դու չե՞ս տեսնում, որ գնդակը քեզնից զզվում է»։

Safesoldiers.am կայքում կան խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ոչ ամբողջական ցուցակը` 1024 մահվան դեպքից միայն 304-ն են հրադադարի ռեժիմի խախտման զոհ։

Միայն 100-ը ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերն են։ Մյուսները բառի բուն իմաստով խաղաղ պայմանների զոհեր են։ Խաղաղ պայմաններում զոհվում են առ այսօր, ոմանք այսօր` գուցե հենց այս պահին, իրենց բաժին հոգեկան շեղումն են «ձեռք բերում»։ Նրանցից ոչ մեկը չի կարող իր կյանքի պատմությունը ներկայացնել Վիգեն Սարգսյանին ու բանակի մյուս կորիֆեյներին ու ասել՝ տղե՛րք, չե՞ք նկատում, որ բանակը ձեզնից զզվում է։

Նրանք բանակի բարդակը ցույց տալու ուրիշ ճանապարհ չգիտեն, քան՝ սպանվելը։ Նրանք չեն կարող ասել՝ տղե՛րք, բանակի բարդակը նրանից չէ, որ դուք անպատասխանատու եք, այլ նրանից է, որ դուք և զինված ուժերն անհամատեղելի են։

Բացառված չէ, որ բանակի ղեկավարությունը բանաստեղծություններ էլ է գրում, կամ, ասենք, հերոսական երգերի բառեր։ Որովհետև ի՞նչ տարբերություն, թե որտեղ եք անհամատեղելի։

Հիմա տեսեք` սրանք տղաներ էին, որոնք չհասցրեցին դառնալ անբարոյական։ Ասենք, կարող էին, չէ՞, ապրել ու դառնալ մշակույթի նախարար։ Կամ՝ մի քիչ էլ մեծանալ ու դառնալ երիտհհկական։ Շատ «ընդունակություններ» կարող էին ցուցաբերել այս զոհերը։ Բայց նրանք այլ առաքելություն ունեին՝ ցույց տալ, որ բանակի անվան տակ սարսափելի բաներ են կատարվում։

Այնպես չէ, որ բոլորը պետք է զոհվեն խաղաղ պայմաններում, որպեսզի իրավիճակ փոխվի։ Այդ դեպքում նույնիսկ իրավիճակ փոխելու կարիք չի լինի։

Չի կարելի խաղաղության կենցաղը չյուրացրած պետությունը դնել «ազգ-բանակ» դոկտրինի տակ, որովհետև հասկանալի չէ, թե ինչո՛ւ ենք ընդհանրապես ապրում՝ հատկապես մեր կյանքը զոհելու համա՞ր։ Խաղաղ պայմաններում զոհերի մեծ թիվը խիստ «հասկանալի» մի բանի մասին է՝ սովորեք, որ մահն անխուսափելի է, որպեսզի պատերազմում մեռնելը մեծ տրագեդիա չսարքեք։

Հարցն այն է, թե ինչո՞ւ այդ տրագեդիան որևէ կերպ չի վերաբերվում բանակի ղեկավարությանը։ Ինչո՞ւ են «Հանուն գիտության զարգացման» բանակում ծառայած տղաների տարկետման օգտին փաստարկները վիճարկում բանակում չծառայած և իրենց որդիներին բանակից փախցրած պաշտոնյաները։

Իրականում այստեղ հարց չկա, հենց նրանք են վիճարկում, որովհետև բանակից փախչելը գին ունի։ Բոլորն ամեն գնով պետք է հավերժացնեն իշխանությունը, որը, իսկապես էլ 20 տարի չի փոխվում։ Հիմա արդեն կարիք չկա մարդու անհնազանդությունը կոտրել Երևանի փողոցներում, կարելի է կոտրել «ազգ-բանակ» դոկտրինով, հլը տեսնենք` ինչի՞ն է ընդդիմանում, եթե ինքն էլ է ազգ-բանակի մեջ, իշխանությունն էլ։

Երեք օր առաջ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հետմահու մեդալներ տվեց հակատանկային ականի վրա պայթած երեք հայորդու։ Սա վիճակված է խաղաղ պայմաններում զոհվող գրեթե յուրաքանչյուր հայի։ Այդ մեդալները անպատասխանատվության վրա նետված արևի ճառագայթներն են, որոնք կուրացնում են աչքը։ Զոհերը կան, կան նաև մեդալները։ Որոնք երբեք թույլ չեն տա, որ խաղաղությունն ունենա իր պատասխանատվությունը։

Մհեր Արշակյան

MediaLab.am