«Բացառված է, որ Երևանը ստորագրեր այս համաձայնագիրը՝ առանց Մոսկվայի թույլտվությունն ու համաձայնությունն ունենալու». Հայկ Ա. Մարտիրոսյան

29-11-2017
3690 դիտում
«Բացառված է, որ Երևանը ստորագրեր այս համաձայնագիրը՝ առանց Մոսկվայի թույլտվությունն ու համաձայնությունն ունենալու». Հայկ Ա. Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք գնահատում նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ Գործնականում, ըստ Ձեզ, այն ինչպե՞ս է ազդելու մարդկանց կենսակերպի վրա։

- Բնականաբար, դա լավ իրադարձություն էր: ԵՄ-ի հետ համագործակցությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: Սակայն ակնկալել, որ այն կազդի հայաստանցիների կենսամակարդակի վրա՝ սխալ է: Ամեն դեպքում առաջիկայում դրա հետևանքները քիչ տեսանելի կլինեն, եթե ընդհանրապես լինեն: Սա ավելի շուտ հռչակագրային տիպի համաձայնագիր է, որով պահպանվում է կամուրջը Եվրոպայի հետ: Մի տեսակ քաղաքական վերակենդանացման փաստաթուղթ է, որը բարակ պորտալարի դեր է կատարում: Մեծ ակնկալիքներ ունենալ սրանից, ցավոք, իմաստ չունի:

- Հայտնի է, որ այս համաձայնագիրը չի պարունակում տնտեսական բաղադրիչ։ Այնուամենայնիվ, որքանո՞վ այն կարող է նպաստել մեր տնտեսության դիվերսիֆիկացմանը։ Կա՞ նման հնարավորություն, թե՞ ոչ։

- Կարող է, եթե քաղաքական կամք լինի: Բայց եթե լիներ քաղաքական կամք, մինչ այդ ստորագրումն էլ Հայաստանում տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեին: Հայաստանի տնտեսությունը դասական մոնոպոլիստական տիպի տնտեսություն է՝ միջնադարյան ֆեոդալիզմին բնորոշ հատկանիշներով և կապիտալիզմի ոչ քաղաքակիրթ, այլ՝ վայրի տարբերակով: Դա տոքսիկ մի խառնուրդ է, որից ազատվելու համար որևէ նման համաձայնագիր չի կարող հիմք հանդիսանալ, եթե մինչ այդ չի եղել քաղաքական կամք: Սա առկա իրավիճակը մի փոքր բարելավելը քաջալերող համաձայնագիր է, ոչ թե՝ արմատական փոփոխություններ ենթադրող կամ, առավել ևս, պարտադրող: Սա, ցավոք, այնքան էլ պրակտիկ համաձայնագիր չէ:

- Ընդհանրապես համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունները Հայաստանը որքանո՞վ է ի զորու լինելու կատարել: Տեսակետ կա, որ իշխանությունը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է։

- Այդ տեսակետները ճշմարտության մեծ չափաբաժին ունեն: Ինչպես արդեն նշեցի, սա հիմնականում քաղաքական փաստաթուղթ է՝ առանց կոնկրետ և՛ խիստ պահանջների, և՛ կատալիզատորների: Դա նման է այն ամուսնություններին, որտեղ ո՛չ սեր կա, ո՛չ սեռական կյանք կամ համատեղ կենցաղ, բայց որը հարսանեկան խնջույք և եկեղեցի է պահանջում: Խնջույքից և եկեղեցուց հետո որքանո՛վ է այդ ամուսնությունը նման ամուսնության՝ ամենակարևոր խնդիրն է: Ամենայն հավանականությամբ, իշխանությունը չի կարողանա հավատարիմ մնալ փաստաթղթի ոգուն, որովհետև չի ուզենա անել այն ամենը, ինչն ըստ դրա ենթադրվում է: Հետևաբար, տեքստը հիմնականում թերևս կմնա թղթի վրա:

- Որքանո՞վ է հասարակությունը տրամադրված կյանքի կոչելու այս համաձայնագիրը, որքանո՞վ է հասարակությունը, ըստ Ձեզ, ոգևորված։

- Հասարակության ոգևորությունն ապշեցուցիչ է: Այն բացահայտում է երկու կարևոր հանգամանք. որ հայաստանցիները ձգտում են դեպի Արևմուտք և մեծագույն հույսեր են կապում Արևմուտքի հետ: Հենց այնտեղ են փաստորեն քաղաքացիները տեսնում ճահճից դուրս գալու ուղիները և երկրի տնտեսական փրկության բանալիները: Երկրորդ հանգամանքը նույն այդ հասարակության՝ քաղաքական խոր անտեղյակությունն է: Առանձին անհատների խմբերի կողմից արտահայտվող հրճվանքն ու հիացմունքը ստեղծում են տպավորություն, թե Հայաստանը ԵՄ-ի անդամ է դարձել, և մի հսկայական փոփոխություն է տեղի ունեցել, երկիրը դարձել է միացյալ Եվրոպայի մաս: Գերռեակցիան ադեկվատ չէ իրականությանը: Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ի հավատավոր անդամ և շարունակելու է ապրել դրա հետ կապված բոլոր պայմաններին և քաղաքական գծին համահունչ: Սա այն համաձայնագիրը չէր, որը քննարկվում էր երկար տարիներ՝ նախքան Հայաստանի ԵԱՏՄ մտնելը: Այս համաձայնագրով հայաստանյան իշխանությունը պլանավորում էր հենց սեփական հասարակությանը ցույց տալ, թե ինքն իրոք երկակի խաղ կարող է խաղալ և միաբևեռ կողմնորոշում չունի: Այլ խոսքով՝ իբրև թե «և՛-և՛»-ն իրականում հնարավոր է: Սա իշխանության համար սեփական վարկը բարձրացնելու դեր խաղաց: Իրականում դա ձեռնտու էր նաև Հայաստանի ռազմավարական ավագ գործընկերոջը: Որովհետև թուլացնում է Հայաստանը կատարելապես վերահսկելու տպավորությունը՝ առանց որևէ ծանրակշիռ և շատ առարկայական փոփոխություններ ենթադրելու: Եվրոպայի համար սա Հայաստանին մեկնված ձեռք էր:

- Արդյոք Ռուսաստանը կխոչընդոտի՞ այս համաձայնագրի կյանքի կոչումը, հաշվի առնելով, թե ինչպես են այս օրերին ռուսական լրատվամիջոցներով հայերին դավաճան և Ուկրաինայի հետևորդ անվանում։

- Իրականում բացառված է, որ Երևանը ստորագրեր այս համաձայնագիրը՝ առանց Մոսկվայի թույլտվությունն ու համաձայնությունն ունենալու: Ուղղակի բացառված է: Ռուսական մեդիայի և մասնագետների առանձին հատվածներ հայերին մեղադրում են «դավաճանության» մեջ, որպեսզի հասկացնեն, որ ամեն ինչ սահման ունի, և եթե հանկարծ մի օր, ինչ-որ անհավանական սցենարով, Երևանը որոշի այլ հարցերում Մոսկվայից սանկցիա չստանալ, իրենց պատասխանն իրոք կոշտ կլինի: Կան և այնպիսի լրատվամիջոցներ և վերլուծաբաններ, որոնք այնքան են տոգորված Հայաստանը վերահսկելու մոլուցքով, որ անգամ այս ոչ հեղափոխական և իրենց կենտրոնի հետ համաձայնեցված քայլն են համարում «դավաճանություն Կոստանդնուպոլսին»: Բայց դա էլ արդեն ինքնագլուխ շովինիստներն են, որոնց կայսերապետական բնազդները զերծ են ինքնազսպման մեխանիզմներից: Իսկ Կրեմլում լուռ են: Վստահ եմ, որ Կրեմլում անգամ ուրախ են այս համաձայնագրի ստորագրումից: Ուրախ են, որովհետև հայաստանյան հասարակությունն ուղղակի էյֆորիայի մեջ է և կարծում է, թե հսկայական ցատկ է կատարվել դեպի տնտեսական կամ քաղաքական փոփոխություններ: Ինչ վերաբերում է Մոսկվայի խոչընդոտելուն, ապա, ո՛չ, Մոսկվան չի խոչընդոտի: Դրա կարիքն անգամ չկա: Երևանում, հայկական կողմի վարած քաղաքականությամբ, ամենայն հավանականությամբ, ամեն բան կշարունակվի այնպես, ինչպես եղել է մինչ հիմա:

Մանե Հարությունյան

MediaLab.am