«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի ԵՄ համաձայնագրից բխող քաղաքական բարեփոխումները». Արմեն Բադալյան

30-11-2017
3936 դիտում
«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի ԵՄ համաձայնագրից բխող քաղաքական բարեփոխումները». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, կան տեսակետներ, որ Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրն ստորագրելով՝ Սերժ Սարգսյանը պարզապես ցանկանում է լուծել 2018 թվականին իր իշխանության շարունակականության հարցը: Ի՞նչ կապ եք տեսնում այս գործընթացների միջև:

- Եվրամիության հետ կնքված համաձայնագրի ու 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանում իշխանության ձևավորման գործընթացի միջև ոչ մի ընդհանուր բան չեմ կարող գտնել: Այսինքն՝ անկախ նրանից, Հայաստանի իշխանությունները կստորագրեի՞ն այդ համաձայնագիրը, թե՞ ոչ, ՀՀ իշխանությունների ձևավորման գործընթացը, այսինքն` թե ով է լինելու վարչապետը, այսպես թե այնպես որոշվելու է աշխարհաքաղաքական կենտրոնների համաձայնությամբ կամ միմյանց հակադրվելով: Աշխարհաքաղաքական ուժեր ասելով՝ նկատի ունեմ Ռուսաստանը և Արևմուտքը:

Երկրորդ` չի կարելի նույնականացնել համաձայնագրի կնքման գործընթացը և 2018 թվականի ապրիլից հետո իշխանությունների ձևավորման գործընթացը: Սրանք տարբեր գործընթացներ են, մեկը մյուսից չի բխում: Այսինքն՝ եթե գործող նախագահը ստորագրեց համաձայնագիրը, դա չի նշանակում, որ նա Եվրամիությունից անպայման դրսից կստանա վարչապետ դառնալու լեգիտիմությունը: Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, երբ այս կամ այն երկրի ղեկավարը շատ լավ համաձայնագրեր է կնքել Եվրամիության այս կամ այն անդամ երկրի հետ, սակայն կարճ ժամանակ անց հենց նույն Եվրամիության երկրի կողմից ենթարկվել է բռնությունների: Դրա լավագույն օրինակը Լիբիան է, երբ դրա ղեկավար Քադդաֆին բավական մեծ շուքով ընդունելության արժանացավ Փարիզում, բայց կարճ ժամանակ անց այդ նույն ֆրանսիական ռազմական ինքնաթիռները ռմբակոծում էին Քադդաֆիի ավտոմեքենաների շարասյունը:

- Հանրության մոտ իր վարկը բարձրացնելու համար Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր նման քայլի գնալ:

- Հանրության մոտ վարկանիշ բարձրացնելու որևէ խնդիր չկա, որովհետև Հայաստանում հանրությունը ոչինչ չի որոշում: Ընտրություններն անցնել են, նախագահի ընտրարշավ այլևս գոյություն չունի: Առավել ևս, որ Հայաստանում ոչ թե ընտրություններ, այլ ընտրական միջոցառումներ են անցկացվում, որոնց ժամանակ գումարներ են բաժանվում: Այսինքն՝ հանրության մոտ վարկանիշ բարձրացնելու խնդիր իշխանություններն ընդհանրապես չունեն: Կան տեսակետներ, որ Սերժ Սարգսյանը ստորագրեց այս համաձայնագիրը և միակ գործիչն է, ում հետ Եվրամիությունը կարող է գործունեություն իրականացնել: Ասում են, թե իբր Սերժ Սարգսյանն ստացավ Եվրամիության լեգիտիմությունը: Բայց այս գործոնները միմյանցից չեն բխում. Եվրամիությունը շատ հանգիստ կարող է գործող նախագահի հետ կնքել այդ համաձայնագիրը, բայց ապրիլին այլ քաղաքական գործչի վրա խաղադրույք կատարել:

- ՀՀԿ-ն իր ձեռքբերումն է համարում այս համաձայնագրի կնքումը, ՀՀԿ-ական գործիչները հայտարարում են, թե Սերժ Սարգսյանն է այն գործիչը, որի օրոք «և՛-և՛»-ի քաղաքականություն է իրագործվում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

- Սա բացարձակապես ՀՀԿ հաղթանակի հետ ոչ մի կապ չունի: Սա Եվրամիության դիվանագիտության հաղթանակն է, որովհետև Եվրամիությունը նպատակ ունի Հարավային Կովկասում տարածելու իր ազդեցությունը: Հարավային Կովկասում նրանց համար ամենաբարդ հարցը Հայաստանն է, որովհետև Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, և ռուսական կապիտալն այստեղ բավական ներկայացված է:

Եվրամիությունը 2013 թվականին փորձեց ճակատային գրոհով վերցնել Հայաստանը` չհաջողեց, որովհետև Ռուսաստանն այդ գործընթացը կանխեց: Այն ժամանակ գործող նախագահը ենթարկվեց Ռուսաստանի իշխանությունների ճնշմանն ու մեկ գիշերվա մեջ փոխեց իր որոշումը: Եվ դրանից հետո Եվրամիությունը փոխեց իր մեթոդաբանությունը, այսինքն՝ փորձեց արդեն ոչ թե գրոհով վերցնել Հայաստանը, այլ քաղաքական մասով վերցնել:

Այսինքն՝ փորձեց իրեն միավորել Հայաստանի քաղաքական համակարգի հետ և դրա միջոցով ազդել տնտեսության վրա: Նախորդ դեպքում հակառակն էր` Եվրամիությունը փորձում էր սկզբում տնտեսությունը վերցնել, միավորել իրեն ու դարձնել ժողովրդավար՝ դրանով ազդելով քաղաքական համակարգի վրա: Հետևաբար, կարող ենք ասել, Եվրամիությունը հիմա հասել է այն նպատակին, որը 2013-ին դրել էր: Դրա համար էլ սա հենց Եվրամիության հաղթանակն է:

Երկրորդ` սա «և՛-և՛»-ի քաղաքականություն չէ: «Այն դեպքում կլիներ «և՛-և՛», երբ Հայաստանը, մնալով միայն որպես ՀԱՊԿ-ի անդամ, չլիներ ԵԱՏՄ-ի անդամ և Եվրամիության հետ կնքեր Ասոցացման համաձայնագիր, եթե ոչ տնտեսական, ապա գոնե քաղաքական մասով: Այսինքն՝ լիներ համագործակցություն ՀԱՊԿ-ի հետ, բայց քաղաքական ինտեգրումը` Եվրամիության հետ:

- Այս փուլում շատ է հնչում նաև հարցը, թե ինչո՞ւ այս անգամ Ռուսաստանը չխոչընդոտեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը:

- Որովհետև Ռուսաստանը տեսավ, որ այս համաձայնագրում տնտեսական կետեր չկան: Տարբեր պատճառներ կան. առաջինն այն է, որ սա տնտեսական փաստաթուղթ չէ, քաղաքական է, և Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարի ԵՄ համաձայնագրից բխող քաղաքական բարեփոխումները, որի արդյունքում կարող է նաև ժողովրդավարական դառնալ տնտեսությունը: Նրանք հույս ունեն, որ Հայաստանը կձախողի: Ասում են՝ գնա ստորագրիր, միևնույն է, դու անողը չես: Բայց Ռուսաստանն այս հարցում սխալվում է, որովհետև Եվրամիությունը կստիպի, որ Հայաստանը կատարի այդ համաձայնագիրը: Որքան Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանի իշխանություններին, հավասարաչափ ճնշման լծակ ունի արդեն Եվրամիությունը:

Երկրորդ` եթե Ռուսաստանը փորձեր երկրորդ անգամ ճնշել, որ Հայաստանը հետ կանգներ այս համաձայնագրից, դա նշանակում էր նախադեպ ստեղծել Արևմուտքի համար. եթե Ռուսաստանը կարող է ճնշել ու հասնել իր ուզածին, ճնշումների կարող է ենթարկել նաև Արևմուտքն ու հասնել իր ուզածին:

Երրորդ` երկրորդ անգամ ճնշումը խիստ բացասական ռեակցիա կարող էր առաջացնել Հայաստանի հասարակության շրջանում: Իսկ եթե դրան գումարենք այն, որ ռուսական զենքի միջոցով տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, Ադրբեջանին վաճառվող զենքով սպանվեցին մեր զինվորները, և Արևմուտքը սա կարող էր շատ լավ խաղարկել, ապա Ռուսաստանն ի դեմս հայ հասարակության ձեռք կբերեր լրացուցիչ թշնամիներ: Ուղղակի այս անգամ Ռուսաստանը փորձեց խուսափել, առավել ևս, որ Ռուսաստանը չի փորձում Եվրամիությանը ևս մեկ անգամ հակադրվել՝ կապված պատժամիջոցների հետ:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am