«Սիրելիներս վաղուց չկան». Արա Ղևոնդյան

01-12-2017
600 դիտում
«Սիրելիներս վաղուց չկան». Արա Ղևոնդյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է իմպրեսիոնիստ Արա Ղևոնդյանը:

- Դուք հիմնականում նկարում եք գեղեցիկ ծաղիկներ` ծաղկամաններում, ես շատ եմ սիրում նայել նրանց: Դուք Ձեզ իմպրեսիոնիստ համարո՞ւմ եք:

- Ես` այո՛, բայց հարց է, թե իրենք կհամարե՞ն... Ախր, շատ եմ սիրում իմպրեսիոնիստներին ու իմպրեսիոնիզմը:

- Իմպրեսիոնիստներից հատկապես ո՞ւմ կարծիքն է կարևոր, կոնկրետ ումի՞ց է կախված Ձեզ` իրենց շարքերն ընդունել-չընդունելու հարցը:

- Սիրելիներս վաղուց չկան, ուր է թե լինեին... (ժպտում է - Մ.Բ.):

- Մոնե՞, Մանե՞, Դեգա՞, Սիսլե՞յ...

- Մոնե, ինձ համար նա Աստղ է:

- Ինչո՞ւ հատկապես նա:

- Դեռահաս տարիքում, երբ առաջին անգամ տեսա Մոնեի ծովը, քարացա. ծփում էր:

- Դրանից հետո՞ ինչ-որ բան որոշեցիք:

- Չէ՛, սերը մնաց, իհարկե, որոշելու խնդիր չկար, «սերը սրտում դաս էի սերտում»:

- Արա՛, իհարկե, կարելի է բացել վիքիպեդիան և այնտեղ կարդալ, թե ինչ է իմպրեսիոնիզմը, բայց ինձ Ձեր բանաձևումն է հետաքրքիր` ի՞նչ է իմպրեսիոնիզմը:

- Գիտենք, որ հիմքում «տպավորություն» բառն է: Իմ կարծիքով` դա վերաբերմունք է, նկարչի տեսանկյուն, դիտակետ, սեր:

- Լուսանկարչության ի հայտ գալը համընկավ բնության պատկերային մեկնաբանության ավարտին: Նոր նկարչությունը այլևս ոչ թե մեկնաբանում էր Աստծո ստեղծած աշխարհը, այլ ստեղծում զուգահեռը` սկզբունքորեն տարբեր: Ըստ Ձեզ` ինչպե՞ս փոխվեց իմպրեսիոնիզմի խնդիրը լուսանկարչության հետ:

- Ինչ վերաբերում է գյուտին, հակառակը, դա ստիպեց ստեղծագործողներին ազատվել էդ բոլոր ոչ ստեղծագործական բաներից, որոնք ստիպված էին անել: Գիտությունը զարգացավ, հիմա էլեկտրոնիկայով հնարավոր է ֆանտաստիկ խորություններ ստանալ, վարվել հնչյունի հետ ինչպես ուզում են: Բայց ակուստիկ գործիքը դրանից ավելի շահեց, կարծում եմ:

- Վերջերս Մոսկվայում հայ իմպրեսիոնիստների ցուցահանդես էր, տեղյա՞կ եք:

- Դե, հատուկ չեմ տեղեկացվել, համացանցում գտա ու դիտեցի մի քանի գործ:

- Եվ ի՞նչ կարծիք ունեք ժամանակակից իմպրեսիոնիստների գործերի մասին:

- Մարինա՛ ջան, էստեղ պիտի զսպեմ խոսելու ցանկությունս. ես տեսաբան չեմ, կարող եմ դատել որպես նկարիչ: Ախր, նկարիչ լինելն էլ Աստծո տված կոչում է: Ամեն ստեղծագործող իր գործն է անում, ես չեմ կարող իրատեսորեն խոսել:

- Իմպրեսիոնիստ ընկերներ ունե՞ք:

- Մեր քաղաքում (Վանաձորում - Մ.Բ.) եղել են ու կան լավ նկարիչներ, կարոտում եմ նրանց, որոնք արդեն մեզ հետ չեն: Նրանք մեծ շուք ու հմայք էին տալիս տարին երկու անգամ կազմակերպվող հաշվետու ցուցահանդեսներին, նրանց հատկացվող «պատերը» դատարկ են կարծես ու` կմնան: Իսկ ինչ վերաբերում է «իզմ»-երին, դա թողնենք տեսաբաններին:

- Վանաձորում, անգամ` Երևանում սալոններ չկան, բայց ընկերներով չե՞ք հավաքվում արվեստանոցներում, չե՞ք քննարկում միմյանց գործեր:

- Երևանի կյանքին տեղյակ չեմ, գիտեմ, որ մասնավոր պատկերասրահներ կան, Վերնիսաժ, կյանքը եռում է` մերի հետ համեմատ... Երբեմն ընկերներ են այցի գալիս, կարոտներս առնում ենք իրարից, զրուցում: Հանդիպումից հետո նկարիչը գնում ու իր անելիքն է անում իր ձևով, դա խոսքերից էլ լավ է: Դիմացինի արած-զգացածը քննարկելն անօգուտ բան է:

- Լուսահոգի Սերգեյ Մալցևն իր նկարների վաճառքի մասին խոսելիս ասաց, որ դրանք գնում են մեծահարուստներն ու ցավով ավելացրեց. «Նրանք գնում են իմ կանանց, իմ քարերը, իմ ամպերը, իմ հողը»: Դուք է՞լ եք դժվարությամբ բաժանվում Ձեր նկարներից: Ովքե՞ր են Ձեր նկարների գնորդները: Եվ ընդհանրապես, ինչպե՞ս եք կարողանում կազմակերպել Ձեր նկարների վաճառքը:

- Դաժան հարց է: Գիտեք, էնպես է ստացվել, որ նոր կտավից աշխատում եմ չբաժանվել այնքան ժամանակ, մինչև չսպառվի, չսպառվի նրանից բխող էներգետիկան (էս բառն ասելիս լուսահոգի Սարուխանն ամեն անգամ հումորով ասում էր` «Էլի էներգետիկայից խոսեց»): Հեշտ եմ բաժանվում մեծ մասից: Մի շրջան որոշ կայուն կառույցներից էին գալիս, գնում-տանում, պատահել են նաև հավաքածուների տերեր: Հիմա համացանցում եմ փորձում մի բան ստեղծել, մի հուսալի ալիք գտնել, գոյատևել, եվրոպացի մի մենեջերի հետ եմ բանակցում... Էս ամենը հեչ, նկարելն է լավ: Տհաճ է խոսել էս ամենի մասին, ոնց որ խոսես սիրո, զգացմունքի տված օգուտների մասին:

- Իհարկե, կներեք, որ նորից չոր կոմերցիայից հարց պիտի տամ, բայց հետաքրքիր է` տեղական գալերեաների հետ չե՞ք համագործակցում:

- Երևանի ընկերներս զբաղվել են, փորձել են համագործակցություն ստեղծել ինձ համար: Ուղիղ ասեմ` որոշ գալերեաներում տարել ցույց են տվել, հավանել են, բայց ասել են մի ֆանտաստիկ նախադասություն` «Լավ նկարչություն է, բայց ընդունել չենք կարող, մեզ պիտի ասվի»: Նկարիչներին հայտնի է, թե ինչ-ոնց է արվում սա, անգամ Վերնիսաժն ունի իր «օրենքները»: Հեքիաթային կլիներ, որ էս պուճուր-մուճուր բաների փոխարեն զարգանար արվեստաբանությունը, լինեին իսկական արտ-էքսպերտներ, եղանակը նրանք ստեղծեին, «ասողը» լինեին բարձր պրոֆեսիոնալները և իրենց ձեռքը վերցնեին այդ ամբողջ քաղաքականությունը, որը երկրինն է, ժողովրդինը: Ինչպես ամենուր, էդտեղ էլ` մենաշնորհներ են` պայմանավորված «նրանցով»: Հրաշալի երիտասարդներ կան, որոնք կարող էին լրջորեն խորանալ արվեստաբանության մեջ: Չկա, հասկանո՞ւմ եք, չկա նրանց պահանջարկը:

- Կոնկրետ ո՞ր գալերեաներն են եղել:

- Սոցցանցերի իմ գրառումները վկա` վախի հարց չկա, որ չեմ ասում, ուղղակի անուններ տալ չեմ սիրում, երևույթն է կարևոր:

- Ապշելու բան է եղել` նկարների ցուցադրությամբ, վաճառքով և դրանից իր շահույթն ունեցողի համար ի՞նչ տարբերություն, թե ով է նկարների հեղինակը:

- Հենց ամբողջ հարցն էլ դա է, որ կա՛. համաշխարհային արտում, պետություններում, անգամ մի փոքրիկ քաղաքում էլ կլինի: Մի քեֆ-ուրախության սեղանին մեկին բրդում են կենացով, մյուսին ոտնատակ տալիս:

- Ինչի՞ց է Ձեր սիրտն ուրախանում:

- Անհամաչափ զարկերից, անսպասելիից, բարության ակտից: Բարություն ասացի` չեմ կարող չնշել «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի անունը: Էդ մարդն ամեն Աստծո օր մեզ սոցցանցում զեկուցում է, որ էլի մի քանի անտուն ընտանիք փրկվեց դաժան ցրտից, մի քանի երեխա կհաճախի դպրոց: Ո՞նց կարող է չուրախանալ մարդու սիրտը:

- Ձեր ընկերների մասին կարոտով եք խոսում, նրանցից շատերը մեզ հետ չեն, ցավոք: Չգիտեմ` հնարավո՞ր է լցնել, ասենք, Լևոն Խեչոյանի թողած դատարկությունը: Հիմա ո՞ւմ հետ է Ձեր զրույցը:

- Լևոնի հետ, Հրաչի հետ (Լևոն Խեչոյան, Հրաչ Սարուխան - Մ.Բ. ): Նրանք կան, էդ ե՛ս չկամ: Ու գիտե՞ք, երբեք չի լքել էն զգացողությունը, որ տիեզերական ուժերն ինձ ընծա մատուցեցին, որ պիտի շփվեմ ուժեղ անհատականությունների հետ ու... Էդ զգուշավորության զգացումը միշտ է հետապնդել, զգացողություն, որ կարծես գործ ունեմ հազարամյակների պատմություն ունեցող, թող ներվի ասել` կավե սափորի հետ. այն իմ ձեռքերում է, ու պիտի պահպանեմ էդ մեծ պատասխանատվությունը, էդ տիեզերական Ընծայի զգացողությունը:

- Դուք հաճախ սրամիտ պատմություններ եք պատմում լոռեցիների միամտության մասին, իրո՞ք կարծում եք, թե դուք` վանաձորցիք, միամիտ եք: Ես իմ կյանքում դեռ միամիտ լոռեցու չեմ հանդիպել:

- Լոռին միայն Վանաձորը չէ, Կուրթանն է, Բոզգեղը, Դսեղը, Ղամըշկուտը: Ինչպես Հայաստանը Երևանը չէ` էդ էլ ասենք (ժպտում է - Մ.Բ.): Լոռեցիք զուլալ են, զուլալ:

- Զուլալությունը միամտությու՞ն է:

- Գիտե՞ք` սիրածի համար կյանքը զոհողին էլ կարող ենք միամիտ ասել, ընկերոջը խոստում տված ու մինչև օրերի վերջն էդ խոստումը պահողին էլ: Եսիմ, մանկուց էլ չեմ ըմբռնել էդ բառի իմաստը, հա՛, մեկ էլ, երբ նախագահ Լևոնն ասաց այդ բառը, թե`«ըմբռնումով մոտեցեք», էդ ժամանակ էլ չհասկացա:

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am