«Մեր հասարակությունը, չդիմանալով դժվար ու անարդար կյանքին, փորձում է լքել հայրենիքը, ինչն ամենավտանգավորն է». Գագիկ Համբարյան

05-12-2017
2560 դիտում
«Մեր հասարակությունը, չդիմանալով դժվար ու անարդար կյանքին, փորձում է լքել հայրենիքը, ինչն ամենավտանգավորն է». Գագիկ Համբարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

- Պարո՛ն Համբարյան, Հայաստանում հերթական գնաճի ալիքն է, 2018 թվականի հունվարից նաև նոր թանկացումներ են սպասվում: Հասարակությունը կարծես հաշտվել է սոցիալական խնդիրների հետ, ընդվզում չկա: Ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են մարդիկ անտարբեր:

- Նախ` իշխանություններին հաջողվել է լիովին սեփականաշնորհել քաղաքական դաշտը: Այսինքն՝ հասարակությունն արդեն չի տարանջատում կեղծ ընդդիմությունն իրականից, որովհետև իշխանություններին հաջողվեց հասարակության մեջ սերմանել այն տեսակետը, որ Հայաստանում ընդդիմություն չկա, բոլորն իշխանությունների հաճախորդներն են: Ժամանակին՝ մոտ երկու տարի առաջ, այդ թեզը շատ հաջողությամբ առաջ տարվեց, և հասարակության մոտ այն տպավորությունն է, որ մենք չունենք ընդդիմություն: Հասարակությունը չի վստահում քաղաքական ուժերին, իսկ դրա վառ դրսևորումն այն էր, որ քաղաքական ուժերը չկային «Էլեկտրիկ Երևան», տրանսպորտի դեմ թանկացման ակցիաների ժամանակ, նաև վերջին` տարկետման իրավունքի համար պայքարի ժամանակ ևս քաղաքական ուժեր չկային: Եվ քաղաքական ուժերի դերակատարությունը շատ դեպքերում իրենց վրա են վերցնում հասարակական կազմակերպությունները և ակտիվիստները: Եթե հիմա ևս այս թանկացումների ֆոնին քաղաքացիական հասարակության կողմից ակտիվություն դրսևորվի, ապա համոզված եմ, որ նրանց կհաջողվի ինչ-որ զանգված հավաքել և բողոքել վերջին թանկացումների դեմ:

Երկրորդ և ամենավտանգավոր միտումը, որը նկատվում է մեր հասարակության մոտ, այն է, որ մարդիկ այնքան են հիասթափված, չեն հավատում իրենց հնարավորություններին ու իշխանություններին, որ պայքարի այլ մեթոդ են ընտրել՝ արտագաղթում են: Մարդը Հայաստանում չի հավատում, որ կարող է բողոքների կամ դատարանի միջոցով արդարությունը վերականգնել:

Ես այդ հուսախաբության օրինակը կարող եմ բերել մեր բուհի՝ Շիրակի պետական համալսարանի օրինակով: Ավելի քան երկու ամիս առաջ մենք բաց նամակով դիմել էինք նախագահին ու վարչապետին: Կրթության ու գիտության նախարարությունից եկան, ստուգումներ արեցին բուհում, հիմա ակտ են ուղարկել, այդ ակտում մեր ասածները 90 տոկոսով հաստատված են: Բացի այդ, բացահայտվել են այլ հանցագործություններ, որ համալսարանի ռեկտորը, կոպտորեն խախտելով «Գնումների մասին» օրենքը, այս մեկ տարվա ընթացքում ոչ մի մրցույթ չի հայտարարել: Այսինքն՝ մարդը բուհի գումարների հետ վարվել է այնպես, ինչպես իր անձնական ընտանեկան բյուջեի հետ: Եվ ի՞նչ ենք մենք տեսնում՝ անպատժելիություն: Եվ սա է պատճառը, որ հասարակությունն արդեն հուսահատվում է:

- Այսինքն՝ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառն անարդարությո՞ւնն է:

- Այո՛, հենց անարդարությունն է: Ցավոք, մեր հասարակությունն ընտրել է պայքարի այդ մեթոդը: Ասեմ, թե ինչու է այդպես: Շատ դեպքերում մեր իշխանությունները` ներկայիս թե նախորդ, հասարակության մեջ սերմանում էին այն միտքը, որ ինչքան էլ դժվար լինի, դուք պետք է լռեք, քանի որ մենք ունենք արցախյան հիմնախնդիր և այնպիսի հարևաններ, ինչպիսիք են Ադրբեջանն ու Թուրքիան: Ասում էին՝ եթե դուք ակտիվություն դրսևորեք, և ներքին խժդժություններ լինեն, ապա դրանից կօգտվեն մեր թշնամիները: Մեր հասարակությունը, չդիմանալով այս դժվար ու անարդար կյանքին, փորձում է լքել հայրենիքը, ինչն ամենավտանգավորն է: Բոլոր երկրների համար ամենավտանգավոր միտումն այն է, երբ հասարակությունն ուղղակի հուսալքվում ու արտագաղթում է:

- Իշխանություններին ձեռնտո՞ւ է, որ մարդիկ արտագաղթում են:

- Այո՛: Ժամանակին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում արտագաղթին, իր 32 ատամը բացելով, ծիծաղը դեմքին հայտարարեց, որ շատ լավ է վերաբերվում, որովհետև արտագաղթողները պոտենցիալ հեղափոխականներ են: Ասաց՝ բա հո չե՞նք թողնելու, որ նրանք մնան Հայաստանում և ապստամբություն բարձրացնեն:
Եվ ցավալին այն է, որ այսօր Հայաստանից արտագաղթում են երիտասարդ սերունդը, աշխատունակ տարիքի անձինք ու լավ մասնագետները: Հայաստանում մնում են կանայք, ծերերը, երեխաները, բայց վերջին տարիներին արտագաղթած տղամարդիկ արդեն սկսել են իրենց ընտանիքներն էլ տանել:

- Քանի որ Գյումրիից արտագաղթը մեծ է, դուք ի՞նչ եք նկատում, վերջին տարիներին ի՞նչ միտում է:

- Ես 13 տարի է` աշխատում եմ Շիրակի պետական համալսարանում, իմ աշխատանքի գնալու ճանապարհն անցնում է երկու խոշոր կանգառների կողքով, որտեղից միշտ ժողովուրդն ավտոբուսներով մեկնել է Ռուսաստան: Նախկինում ես նկատում էի մի բան, որ հիմնականում ատագաղթում են տղամարդիկ՝ փոքր պայուսակներով: Վերջին 1,5-2 տարվա ընթացքում ես տեսնում եմ, որ մարդիկ արտագաղթում են անկողիններով և կահ-կարասիով: Եթե մարդը գնում է այստեղից անկողիններով և իր հետ տանում է խոհանոցային պարագաներ, դա նշանակում է, որ նա այստեղից գնում է կա՛մ շատ երկար ժամանակով, կա՛մ ընդմիշտ:

Պետք է նշեմ, որ սա ուղղակի աղետ է մեր քաղաքի համար, որովհետև եթե նախքան 1988 թվականի երկրաշարժը Գյումրիում բնակվել է մոտ 240 հազար մարդ, այսօր լավագույն դեպքում քաղաքում մնացել է 80 հազար մարդ: Դա այն դեպքում, երբ նույն մեծությամբ ադրբեջանական Գյանջա քաղաքի բնակչությունն աճել է՝ հասնելով 310 հազար մարդու, իսկ վրացական Քութաիսը գոնե պահպանել է իր 150 հազար բնակչությունը: Այսինքն՝ նույն մեծությամբ այդ երկու քաղաքներում բնակչության 100 հազարի հոգեբանական շեմը չի պակասել, ինչպես Գյումրիում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am