«Հայաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակներն էականորեն տարբերվում են». միջազգայնագետ

06-12-2017
2452 դիտում
«Հայաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակներն էականորեն տարբերվում են». միջազգայնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

- Պարո՛ն Սարգսյան, Հայաստանում հասարակությունը ոչ մի կերպ չի համախմբվում, լինի թանկացում թե կոռուպցիա, մինչդեռ Ուկրաինայում մենք տեսնում ենք, թե ինչպես է հասարակությունն արձագանքում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին։ Ինչպե՞ս եք գնահատում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ է այնտեղ հանրությունն ինքնակազմակերպվում, իսկ մեզանում՝ ոչ։

- Ուկրաինայում իշխանությունը բավական թույլ վիճակում է։ Բոլորս գիտենք, և Ուկրաինայում շատ ծանր իրավիճակ է թե՛ ներքաղաքական առումով, թե՛ արտաքին քաղաքական։ Գիտենք, թե ի՛նչ առճակատում կա Ռուսաստանի հետ, ի՛նչ աջակցություն է ստանում ԱՄՆ-ից և ԵՄ-ից։ Բնական է, որ այստեղ շահագրգիռ կողմեր կան, որոնք Ուկրաինայում իրենց քաղաքականությունը տանում են։ Բնական է, որ նման իրավիճակում հայտնված ժողովուրդը նույնպես դուրս է գալիս պայքարի՝ կանգնելու քաղաքական այս կամ այն ուժի կողմը։ Հայաստանի հետ զուգահեռներ անցկացնել չենք կարող, որովհետև, իրոք, Հայաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակներն էականորեն տարբերվում են։

- Համենայն դեպս, ինչո՞ւ Ուկրաինայում հասարակությունը թանկացումների, կոռուպցիայի դեմ կարողանում է ինքնակազմակերպվել, դուրս գալ պայքարի, իսկ Հայաստանում՝ ոչ։

- Դա գալիս է իրավագիտակցությունից, հավանաբար։ Նույն իրավիճակը կարող էր լինել նախկին խորհրդային ցանկացած հանրապետությունում։ Այսինքն՝ խնդիրն այստեղ միայն Ուկրաինայի և Հայաստանի համեմատությունը չէ։ Պետք է նայել, թե ընդհանուր առմամբ ինչ իրավիճակ է ամբողջ ԱՊՀ-ում կոռուպցիայի մասով, արդյունավետ կառավարման տեսանկյունից։ Բոլոր դեպքերում այն խնդիրները, որոնք ունենք մենք և ուկրաինացիները, բնորոշ են գրեթե բոլոր ԱՊՀ երկրներին։

- Հայաստանը նոյեմբերի 24-ին ստորագրեց ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագիրը։ Ճիշտ է, դա ասոցացման համաձայնագիրը չէ, բայց հաշվի առնելով այն երկրների անցած ճանապարհը, որոնք ասոցացման համաձայնագիր են ստորագրել ԵՄ-ի հետ, կարո՞ղ ենք գնահատել, թե ինչ է սպասում Հայաստանին։ Որքանո՞վ այդ երկրները կարողացան իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, և Հայաստանին դա որքանո՞վ կհաջողի։

- Այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, թե Հայաստանն ինչ դիրք ունի քաղաքական կշռի տեսանկյունից։ Այստեղ չափազանց կարևոր մի քանի շեշտադրում պետք է անել։ Նախ` Հայաստանը միակ ԵԱՏՄ պետությունն է, որ եվրոպացիների հետ նման համաձայնագիր է ստորագրել։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ այն պետությունն է, որ լավ հարաբերություններ ունի և՛ ԵՄ-ի, և՛ ԱՄՆ-ի հետ։ Մենք այս առումով շահեկանորեն տարբերվում ենք ԵԱՏՄ մյուս երկրներից, և սա նույնպես պետք է հաշվի առնենք։ Կարծում եմ՝ եթե կարողանանք ճիշտ կողմնորոշվել, սա լավ հարթակ կարող ենք օգտագործել տնտեսությունը զարգացնելու համար, ինչ-որ առումով խաչմերուկ դառնանք ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։

- Տնտեսական ի՞նչ հնարավորություններ է տալիս համաձայնագիրը։ Որքան էլ նշվում է, որ տնտեսական բաղադրիչը հանված է համաձայնագրից, այնուամենայնիվ, Հայաստանը GSP+ համակարգին է անցել։

- Պետք է հաշվի առնել, որ այս համաձայնագիրը ոչ միայն հնարավորություններ են, այլ նաև նոր ստանձնած պարտավորություններ Հայաստանի կողմից, և մենք սրանից ոչ միայն պետք է դիվիդենտներ շահենք, այլ նաև պետք է որոշակիորեն մեր կողմից դրված խնդիրներ և մեր կողմից ստանձնած պարտավորություններ լուծենք, և սա չափազանց կարևոր է։ Եթե մենք կարողանանք լուծել այդ պարտավորությունները, կարծում եմ, ավելի կանխատեսելի և հետաքրքիր կլինենք եվրոպական բիզնեսի համար, և եվրոպական բիզնեսը կարող է Հայաստանը որպես պլատֆորմ օգտագործել ԵԱՏՄ շուկա մտնելու համար։

- Այսինքն՝ այս համաձայնագիրը շահեկան է նաև Ռուսաստանի՞ն։ Դա՞ է պատճառը, որ Ռուսաստանն այս անգամ բավականին զուսպ պահվածք դրսևորեց՝ չհաշված ռուսական լրատվամիջոցների հակաքարոզչությունը։

- Առաջարկում եմ լուրջ չվերաբերվել ռուսական լրատվամիջոցների հակահայկական տրամադրություններին, դրանք ժամանակավոր բնույթ ունեն ։ Եվ եթե հետևել եք ռուսական մամուլին, արդեն մեկ-երկու օր է` ինչ հակահայկական ծրագրեր եթեր չեն հեռարձակվում, և սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնց չեմ ուզում անդրադառնալ։ Կարևորն այն է, որ Հայաստանը կարողանա ճիշտ կառուցել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, ներդրումներ ներգրավի դեպի Հայաստան և ներկայացնի այդ հնարավորությունը՝ որպես ԵԱՏՄ մուտք գործելու լավագույն հարթակ։

- Արդյունքները ե՞րբ շոշափելի կլինեն, իշխանությունն ի վիճակի լինելո՞ւ է այն կյանքի կոչելու։

- Կարծում եմ՝ լինելու է, և այս ուղղությամբ աշխատանք կատարվելու է, և արդյունքները տեսանելի են լինելու եթե ոչ վաղը-մյուս օրը, այլ մեկ-երկու տարի հետո արդեն շոշափելի արդյունքներ կունենանք։

- Սվիտալսկին նշել է, թե կարևոր է այնպես անել, որ քաղաքացին զգա, որ իր կյանքում նոր բան է տեղի ունենում։ Այդ նոր բանը քաղաքացին զգալո՞ւ է։

- Այո՛, եթե հանվում է վիզայի պարտադիր ռեժիմը, ապա յուրաքանչյուր քաղաքացի դա իր վրա զգալու է, քանի որ առանց վիզայի կարողանալու է իր տեղաշարժի իրավունքն իրականացնել ցանկացած պահի։

Մանե Հարությունյան

MediaLab.am