«Միայն զզված լինելն ու դրա համար փողոց դուրս գալը հարց չի լուծում». Ռուբեն Մեհրաբյան

06-12-2017
2322 դիտում
«Միայն զզված լինելն ու դրա համար փողոց դուրս գալը հարց չի լուծում». Ռուբեն Մեհրաբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

- Պարո՛ն Մեհրաբյան, Հայաստանում թանկացումների հերթական ալիքն է, բայց հասարակությունը չի դժգոհում, չի ընդվզում, փողոցային պայքարի չի ելնում: Ինչո՞ւ են մարդիկ հաշտվում այս իրավիճակի հետ:

- Ի վերջո, ամեն ինչ ենթարկվում է որոշակի հասարակագիտական օրինաչափությունների: Այսօր ընդվզելն ինքնին ինքնանպատակ չէ, նկատի ունեմ փողոցային պայքարը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանը բավական դինամիկ ժամանակահատվածում է գտնվում, շատ գործընթացներ այսօր նույնիսկ տեսանելի էլ չեն: Լավ, եթե մարդիկ դուրս գան փողոց, դրանից դրական իմաստով ի՞նչ է փոխվելու: Բայց մյուս կողմից տեսնում ենք, որ ունենք կառավարություն, որը ոչ միայն թերանում է իր կառավարման ֆունկցիաներում, այլև ընդհանրապես չի կատարում դրանք: Մենք Եվրամիության հետ ստորագրել ենք համաձայնագիր, բայց ունենք վարչապետ, ով ասում է՝ Արևմուտքում օրակարգ չունեմ, և մեկ անգամ չի եղել այնտեղ: Երկրորդ` հաշված շաբաթներ են մնում այն բանին, երբ ԱՄՆ-ի Կոնգրեսում կներկայացնեն, այսպես կոչված, Կրեմլյան զեկույցը, որով կառանձնացնեն 7 կատեգորիա, որով նպատակային սահմանափակումների ու պատժամիջոցների կենթարկեն Ռուսաստանին: Շատ հնարավոր է, որ դա լինի քրեական զենքով, որովհետև խոսքը կազմակերպված հանցավորության և փողերի լվացման մասին է, ընդ որում, միջազգային մասշտաբների: Բացի դրանից, նախատեսված են նաև երկրորդային պատժամիջոցներ, այսինքն՝ ավտոմատ կարող են պատժամիջոցների ենթարկվել այն ընկերությունները կամ սուբյեկտները, որոնք այդ ցուցակի սուբյեկտների հետ որևէ կապ կունենան: Իսկ Հայաստանում, մենք տեսնում ենք, որ նրանք են:

- Այսինքն՝ իրավիճակը վատանում է, իսկ Հայաստանում հասարակությունը կարծես հաշտվում է ստեղծված իրավիճակի հետ:

- Ո՛չ, ես համաձայն չեմ, որ հասարակությունը հաշտվել է, ուղղակի հասարակությունն ինչ-որ տեղ բնազդով սպասողական վիճակում է: Այո՛, հասարակությունը դիմադրում է, դա խուլ դիմադրություն է: Մենք հասկանում ենք, որ հիմա բավական դրամատիկ ժամանակահատվածում ենք ապրում, և փողոց դուրս գալը պարզապես չի կարող ինքնանպատակ լինել:

- Մարդիկ կարծես պայքարի մեթոդ են ընտրել արտագաղթը. եթե հիասթափվում են` հեռանում են երկրից, դուք նման միտում տեսնո՞ւմ եք:

- Ես համաձայն չեմ դրա հետ: Ես չեմ տեսնում , որ այդ միտումը մեծ է: Մարդիկ, ամեն մեկն իր չափով, փորձում է դիմադրել այս ամենին: Այո՛, մարդիկ այսօր սպասողական վիճակում են, թե ինչքա՛ն կտևի դա` դժվար է ասել: Մարդիկ զգում են, որ կտրուկ շարժումների դեպքում այս հարցերն ավելի լուծելի չեն դառնա:

- Այսինքն՝ մարդիկ զգուշանո՞ւմ են ընդվզումներից:

- Այո՛, որովհետև մարդիկ հասկանում են, որ գործ ունեն սուբյեկտների հետ, ովքեր այլևս որևէ օգուտ չեն կարող տալ, բայց վնաս կարող են տալ: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ այդ վնասներից խուսափելու համար գուցե հիմա ճիշտ կլինի ինչ-որ ձևով «դադար» վերցնել: Ով չգիտի, որ կառավարությունն իր տեղում չէ, իշխանությունն իր տեղում չէ, բոլորը գիտեն, բայց սպասողական վիճակում են:

- Իսկ ընդդիմությունը տեղո՞ւմ է:

- Ընդդիմադիրներն էլ իրենց ռեսուրսի ու քանակի համապատասխան անում են այն, ինչ կարող են:

- Ուկրաինայում լարված իրավիճակ է, Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին հեղափոխություն անելու մասին է խոսում: Ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

- Դա հեղափոխություն չէ, ավելի շատ ապակայունացում է, ինչը բացարձակ չի բխում ուկրաինական պետության շահերից: Սա նաև ցույց է տալիս այնտեղի իշխանության ուղղակի թուլությունը, ռազմավարական մտածողության բացակայությունը: Եվ սա կապ չունի պետության ու հասարակության շահերի հետ: Սաակաշվիլին Ուկրաինայում է, բայց նա ուկրաինացի չէ և չի ընկալվի որպես այդպիսին:

- Դուք բացառո՞ւմ եք ուկրաինական դեպքերի անդրադարձը Հայաստանի վրա, որ այստեղ էլ կարող են ընդվզումներ լինել:

- Ես ոչինչ չեմ բացառում: Եթե Հայաստանի իշխանությունը շարունակի նման արհամարհական ձևով վերաբերվել այս խիստ մտահոգիչ միտումներին, որը կա տնտեսության մեջ, ապա դժվար է ասել, թե այս ամենն ինչո՛վ կարող է վերջանալ:

- Այսինքն՝ չնայած հասարակությունը սպասողական վիճակում է, բայց Հայաստանում էլ կարող է լինել պայթյունավտանգ իրավիճակ:

-Այո՛, և դա ամենևին էլ ոչ մեկի շահերից չի բխելու՝ ո՛չ իշխանության, ո՛չ քաղաքացիների, ո՛չ պետության: Այո՛, Հայաստանի շահերից է բխում տոտալ բարեփոխումների անցկացումը: Ընդ որում, դա պետք է լինի հասարակական համախմբման պայմաններում: Սա է մեր միակ ճանապարհը, իսկ մնացած ճանապարհները կա՛մ վատն են, կա՛մ շատ վատը:

- Հետևաբար, իշխանությունը պետք է զգաստանա՞:

- Այո՛, իհարկե: Եվ այստեղ ես կարևորում եմ և՛ քաղաքացիական հասարակության, և՛ մամուլի, և՛ ընդդիմության դերը: Եվ նաև կարևոր է, որ մենք ոչ թե իրար վրա քար գցենք, այլ խոսքներս մեկ անենք, որպեսզի հասկանանք, թե ի՛նչ ենք ուզում: Մեր զարգացման համար մենք պետք է շատ ավելի իմաստալի պահանջներ ձևավորենք մեր մեջ: Պետք է աշխատեն ինստիտուտները, պետական մտածողությունը: Պետք է նպատակ լինի՝ ինչի համար դուրս գալ փողոց, ամեն տեղ դուրս են գալիս փողոց, բայց դուրս են գալիս, որ ի՞նչ անեն. այ սա՛ է խնդիրը: Միայն զզված լինելն ու դրա համար փողոց դուրս գալը հարց չի լուծում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am