«Լուռումունջ կործանվում են` իրենց հետ կործանելով նաև երեխաներին». Լալա Մանուկյան

06-12-2017
1101 դիտում
«Լուռումունջ կործանվում են` իրենց հետ կործանելով նաև երեխաներին». Լալա Մանուկյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Լալա Մանուկյանը:

- Տիկի՛ն Լալա, երբ Ձեզ գտա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, զարմացել էի, թե ինչպես կարող է մեկ մարդը մի ամբողջ համակարգի աշխատանք տանել` մարդ-բարեգործություն, մարդ-սոցապ նախարարություն: Ինքներդ հազար հոգս ունեք, բայց դա չի խանգարում, որ զբաղվեք հարյուրավոր աղքատների հագուստի, հացի, վառելիքի, բուժման հարցերով: Չեմ հիշում ուրիշ դեպք, երբ իմ հարցազրույցն սկսեմ զրուցակցիս այսպիսի գովական խոսքեր ուղղելով, բայց ասածս չափազանցություն չէ: Ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում սկսեցիք զբաղվել բարեգործական աշխատանքների համակարգմամբ:

- Տարիներ առաջ «Կենդանի մատյան» բլոգում ընկերներիս հետ դրամահավաք արեցինք մի հիվանդ բալիկի համար, ու հաջողվեց բուժումն իրականացնել: Այդ մի հաջողված դեպքը ռեալ շուռ տվեց հոգեբանությունս: Ես հասկացա, որ կարելի է օգնել անելանելի վիճակում հայտնված ցանկացած մեկին: Ու հետզհետե անվստահ փորձերս դարձան ավելի պինդ, որովհետև հավաքվեց բարի մարդկանցից կազմված մի ուժեղ թիմ, որ ոչ մի ջանք չէր խնայում իրենց առջև դրված նպատակն իրագործելու համար:

- Անապահով, խնդիրներ ունեցող ընտանիքնե՞րն են Ձեզ գտնում, թե՞ Դուք կամ թիմի անդամները:

- Նախկինում, երբ բացառապես առողջական խնդիրներով էի զբաղվում, լինում էր, որ ես էի պատահաբար հանդիպում հիվանդ մեկին: Լինում էր, որ համացանցում էի կարդում իրենց մասին: Նաև շատ են եղել դեպքերը, որ մեկը մյուսից տեղեկանալով` ուղիղ մեր տուն են եկել` հիվանդի ձեռքը բռնած: Բայց հիվանդներով զբաղվելը շատ պատասխանատու գործ էր. նաև` հոգեբանորեն անասելի ճնշող: Ես հետզհետե դադարեցի բարդ հիվանդություն ունեցող մարդկանց ճակատագրի մեջ խառնվել` օգնել դրամահավաքի, կլինիկա ու բժիշկ ընտրելու հարցում: Մտածեցի, որ պակաս կարևոր չէ երեխաների համար տաք հագուստ ու սնունդ հայթայթելը, քանի որ թերսնվելուց են գլուխ բարձրացնում շատ հիվանդություններ: Մտածեցի` ավելի ճիշտ է, որ օգնես շատ թե քիչ նորմալ սնվեն, տաք հագուստ ու տաք ձմեռ ունենան, գուցե այդպես կանխարգելվեն բազում հիվանդություններ, քան թողնես հիվանդանան ու աստղաբաշխական թվեր ծախսես դրանց դեմն առնելու համար:

- Տարեվերջին, անշուշտ, ՀՀ կառավարությունը կհրապարակի սոցիալական ճգնաժամի հաղթահարման մասին տվյալներ, կլինեն հակադարձող հրապարակումներ այն մասին, որ ոչինչ էլ չի հաղթահարվել: Բայց, ըստ էության, ամենալավ հաշվարկված ու վերլուծած հոդվածը չի կարող տալ սոցիալական չհաղթահարված ճգնաժամի իրական պատկերը: Հարցս այսպես ձևակերպեմ` ՀՀ քաղաքներում ու գյուղերում շա՞տ կան կիսաքաղց երեխաներ:

- Նախ ասեմ, որ, որպես կանոն, քաղցը համատարած է տնակային ավաններում: Իսկ տնակային ավաններ ու տնակներում ապրողներ շատ կան: Գյուղերում էլ քիչ չեն ծայրահեղ չքավորները: Այո՛, Հայաստանում կիսաքաղց երեխաներ շատ կան: Հիմա էլ քաղցին ցուրտն է ավելացել, որն ավելի անտանելի է հատկապես երեխաների ու տարեցների համար:

- Հիմա եթե իշխանություններին ամենավատ գնահատականները տալով վերևից իջնենք ներքև ու հասնենք անապահով ընտանիքներին, կիսաքաղց երեխաների ծնողներին` նրանք ունե՞ն իրենց մեղքի բաժինը. այդպես լինում է, երբ մարդը խրվում է անհաջողությունների մեջ ու չի կարողանում, ի վիճակի չի լինում հաղթահարման շանս տեսնել, ինչ-որ բան ձեռնարկել:

- Այո՛, նրանք էլ ունեն մեղքի բաժին այնքանով, որ մեծը համակերպվել է, թե ոչինչ փոխել հնարավոր չէ և լուռումունջ կործանվում են` իրենց հետ կործանելով նաև երեխաներին: Հիմնականում շատ խեղճ են: Իսկ այդ խեղճությունը գալիս է ոչ կիրթ լինելուց, համատարած անգրագիտությունից ու երկարատև թշվառությունից: Եվ կառավարությանը ձեռք է տալիս թշվառ ժողովուրդը. նրանց հեշտ է կառավարելը ու շատ էժան է նստում: Զարմանալի չէ, որ էս համատարած թշվառ պայմաններում մարդկանց բարոյականության նշաձողն է շատ իջել: Կարելի է ասել` գետնի տակով է անցնում: Տղամարդը տղամարդ չի, ընտանիքն է լքում, տարիներով կորչում: Կանայք անբարոյականություն չեն համարում իրենց պատահական կապերը, այլ ճակատները պարզ կարող են ասել, որ տուն են պահում: Հարբեցողությունն է շատացել: Ես սա հիմնականում անապահով խավի մասին եմ ասում` ինչը աչքս ֆիքսել է:

- Բարեգործության մյուս երեսն էլ այն է, որ ընչազուրկ ընտանիքների պարագայում այն փափուկ բարձ է դառնում` ինչ-որ մեկը հաց կուղարկի, փայտ կհասցնի, կոշիկ կգտնի... Մի խոսքով, մի կողմից բարեգործությունը մեղքի մեջ թաղված իշխանականի ու մերձիշխանականի համար միջոց է ձեռքերի կեղտը լվանալու համար, մյուս կողմից` նույն անապահով ընտանիքների անգործության: Բարեգործությունը, ըստ էության, չի օգնում մարդկանց ոտքի կանգնելու, չի նպաստում առողջ սոցիալական անձի ձևավորմանը: Փակ շրջան է ստացվում, որտեղ տուժում են երեխաները, հատկապե՛ս երեխաները:

- Հա՛, կա էդպիսի վտանգ, որ սպասում են, թե ո՛վ կօգնի: Ես համոզված եմ` եթե աշխատանք լինի, էս օգնության կարիքը չեն ունենա: Մարդիկ մի տեսակ սովորեցին ձեռք մեկնելուն, խնդրելուն: Երկրաշարժից հետո օգնությունների մեծ հոսքը նոր մշակույթ ձևավորեց, կարծես նոր հոգեբանություն պարտադրեց: Ու էդ մուրացիկի հոգեբանությունը փոխանակ տարիների ընթացքում վերանար, հակառակը` ավելի արմատավորվեց: Տպավորություն ունեմ, որ Հայաստանում գողանում, թալանում, մուրում են բոլոր շերտերը` սկսած վերևներից, վերջացրած ամենաներքևիններով: Մի փոքրիկ խումբ է բացառություն կազմում: Այո՛, երեխաներն են տուժում երկու դեպքում էլ` երբ օգնում ես, և երբ չկա օգնություն: Գաղտնիք չէ, որ շատ չքավոր ընտանիքներ հերթական երեխան ունենում են, որպեսզի կարողանան երեխային հատկացվելիք գումարով խանութում կուտակված ահռելի «նիսիաները» փակել: Սա ողբերգություն է ու հանցագործություն:

- Երբ զրուցում եք այդ մարդկանց հետ, ի՞նչ են նրանք ասում: Օրինակ՝ ընտրություններից առաջ ի՞նչ դիրքից էին նրանք խոսում:

- Ահ, չգիտես ինչու հատուկ հպարտությամբ է մեծ մասն ասում, որ իրենք` որպես «ազնիվ» մարդ, ումից գումար են վերցրել, նրան էլ ազնվորեն ընտրել են: Ինչքան ուզում ես բացատրիր, որ խիղճդ ես վաճառում, որ ամոթ է, երբ պարտադրում են, թե ինչ անես, ում ընտրես: Մեկ է` մարդիկ չեն հասկանում: Շատ թեթևսոլիկ մոտեցում ունեն ընտրությունների հանդեպ: Մատների արանքով են նայում ու չեն հավատում, թե իրենց ձայնը որևէ բան կարող է որոշել:

- Տեսեք, թե որքան մեծ է գայթակղությունը, և որքան հիմնավոր է մեղադրանքն ուղղելը խեղճուկրակությունից իրենց կորցրած այդ մարդկանց: Հնարավո՞ր է ծայրահեղ ու երկարատև աղքատության պայմաններում լինել զգոն, սթափ, ուշիմ: Դուք հանդիպե՞լ եք այդպիսի ընտանիքների:

- Ծայրահեղ ու երկարատև աղքատության պայմաններում զգոն ու սթափ ոչ մեկին չեմ հանդիպել, ցավոք: Չքավորությունը փոխում է մարդկանց հոգեբանությունը, միայն մտածում են օրվա ցամաք հացի մասին: Սթափ հնարավոր է դատել, եթե կիրթ ես, որոշակի գիտելիքներ ունես, կարողանում ես տրամաբանել:

- Ինչպե՞ս է հնարավոր ջարդել այդ անիվը, որտեղ հարյուրավոր ընտանիքներ պտտվում են չքավորության և դրա բոլոր հետևանքներում: Որտեղի՞ց սկսել: Բարեգործությունը, անշուշտ, կենսական նշանակություն ունի այդ մարդկանց համար, բայց ինչ-որ պահից սկսած պետք է փակել այդ շրջանը, եթե անգամ վերևներում` իշխանական շրջանակներում, ձեռնտու վիճակ է այն իմաստով, որ նրանք շարունակում են անխնա յուրացնել ռեսուրսները, մի խումբ մարդիկ աշխատում են սոցիալական ամենաստորին շերտի քաղցը մեղմել` մեղմելով նաև դժգոհության հնարավոր ցնցումները: Հասկանում եմ, որ սա համակարգային փոփոխության հարց է և բնավ ոչ Ձեզ ուղղելու: Բայց, այնուամենայնիվ, իբրև իրավիճակին ներսից ու խորքից տեղյակ մարդու կարծիքն է հետաքրքիր` հնարավո՞ր է առանց պետական-իշխանական միջամտության, հասարակական ինքնօգնության մեխանիզմով նոր բան մտածել` սոցիալական փաթեթ կամ բիզնես նախագիծ, աշխատանք հորինել այդ ընտանիքների համար, դուրս բերել նրանց այդ վիճակից:

- Ես ելք չեմ տեսնում ներկա իշխանությունների օրոք: Իրոք, ելք չեմ տեսնում: Ուղղակի պիտի սիրես հայրենիքդ, պիտի պատասխանատվության զգացում ունենաս, նոր ամեն ինչ իր տեղը կընկնի: Քանի դեռ էս մարդիկ քիչ չի` գողանում են, մի բան էլ գողոնը հպարտորեն ի ցույց են դնում աշխարհին` կողմնակի եկամուտներով ձեռք բերված դղյակներ, արտասահմանում տներ, բիզնեսներ և այլն, ոչ մի լավ բան էս մարդկանց խմբից ես չեմ սպասում: Հենց սկսեցին ամաչել իրենց ապրելու ձևից, իրենք վարքից, այդ ժամանակ կարելի է փոփոխություն ակնկալել: Նույնչափ մեղավոր է հասարակությունը, որովհետև կառավարությունում նստած թալանչիները երկրում ապրող քաղաքացիներով են ուժեղ: Հիմնականում չքավոր խավի օգնությամբ են գալիս իշխանության գլուխ: Սրանք օգտվում են շատերի խեղճությունից, թշվառությունից, օգտագործում են նրանց տգիտությունն ի շահ իրենց: Իսկ տգիտությունը վերացնելու համար կենսամակարդակն է պետք բարձրացնել, նորմալ կրթական համակարգ է պետք: Ինչի՞ մասին է խոսքը, երբ որպես ուսուցիչ դպրոց է մտնում փողով ավարտած մեկը, ու աշակերտներն ամեն անգամ նկատում են նրա անգրագիտությունը: Մի խոսքով, այդ համակարգը վերից վար փոխել է պետք: Ու երկու կողմն էլ` թե՛ մենք, թե՛ նրանք, հայրենիքը սիրելու շատ լուրջ խնդիր ունենք: Շրջանը փակելու պահով համաձայն եմ: Բայց դա էլ ելք չէ, եթե միայն վերցնենք ու փակենք, դադարենք օգնել ու վերևներից չպահանջենք ոչինչ: Իսկ պահանջելը մի հոգով չի լինի: Պիտի ազգովի տեր լինենք մեր երկրին, մեր իրավունքներին, մեր ապագային: Ես սարսափում եմ իմ ապագայից: Ու վստահ եմ, որ շատերն ունեն սարսափի զգացողությունն այս անորոշ վիճակից:

Որոշ ընտանիքների համար արդեն մի տարի է` փորձում եմ աշխատանք հորինել, փորձում եմ որևէ բան գտնել` հիմնականում ձեռքի աշխատանք, որպեսզի մարդիկ կարողանան հյուսելով կամ կարելով իրենց հացը վաստակել: Բայց սա անարդյունք գործ է, որովհետև արածս կարող է օվկիանոսում մի կաթիլ լինել, եթե համակարգված չի ու պետական կամ մեկ ուրիշ աշխատանք չկա: Ու նաև արդյունավետության խնդիր կա, քանի որ պատվիրում ես, որ հյուսեն ու կարեն, դու վարձատրում ես նրանց, բայց ստաբիլ շուկա չես գտնում վաճառելու համար: Այս պահին ձեռնարկել ենք գոբելենի ու կարպետի տեխնիկայով իրեր գործել: Թելերը կան, մի քանի դազգահ կա, բայց գումար չկա գյուղեր գնալու, նկարիչ ուսուցչին վճարելու համար: Միշտ հարակից անսպասելի ծախսեր են ի հայտ գալիս: Բայց ամեն օր հաղթահարում եմ առաջացած խոչընդոտները, ամեն օր այդ ուղղությամբ գոնե մեկ սանտիմետր, բայց վստահ առաջ եմ գնում` հույս ունենալով, որ անպայման արդյունք կստացվի, ու մի քանի ընտանիք կկարողանա իր աշխատանքով հաց վաստակել:

- Ձեզ երբևէ փոխանցե՞լ են խոցելի, անապահով ընտանիքների երեխաների նամակները Ձմեռ պապին: Արդեն ստացե՞լ եք այդպիսի նամակներ: Ընդհանրապես, ի՞նչ են նրանք գրում Ձմեռ պապին: Ո՞ր տարիքից սկսած էլ չեն հավատում հրաշագործ պապի գոյությանը:

- Անցյալ տարի Թալիշից տեղահանված բազմազավակ ընտանիքի երեխաներից մեկը Ձմեռ պապին նամակ էր գրել, տանկ էր ուզել: Ես անսպասելի այցելեցի, ու շատ պատահական ստացվեց, որ իմ տարած տուփի մեջ տանկ կար: Երեխան ուրախությունից կարկամել էր: Էդ պահին ոչ միայն նա, այլ նաև ես հավատացի Ձմեռ պապի գոյությանը: Նամակներ, իհարկե, շատ են գրում Ձմեռ պապին, այդ թվում նաև տարեցներն են գրում` որը դեղ է ուզում, որը` վառելափայտ: Ես այդ նամակներից խուսափում եմ, որովհետև ցավոտ է շատ, ամեն անգամ այդ ցավն իմ միջով է անցնում, մանավանդ, երբ գիտեմ, որ նամակների մեծ մասն անպատասխան կմնա, ռեսուրսները չեն բավականացնի, որպեսզի ընկերներիս հետ միասին բոլորի խնդիրները լուծենք:

Նկարի ընտրությունը՝ Լալա Մանուկյանի

Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի

MediaLab.am