«Սարգսյանի խոսքը՝ կոռուպցիան քաղցկեղ է, ասվում է դրսի համար, մաքուր իմիտացիա է, կեղծ ու ձևական». Ժաննա Ալեքսանյան

09-12-2017
6065 դիտում
«Սարգսյանի խոսքը՝ կոռուպցիան քաղցկեղ է, ասվում է դրսի համար, մաքուր իմիտացիա է, կեղծ ու ձևական». Ժաննա Ալեքսանյան

ՄԱԿ-ի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը հռչակվել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Իրավապաշտպանները նկատում են, որ Հայաստանին ԵՄ-ի կողմից տարիներ շարունակ կոռուպցիայի դեմ պայքարի համար միլիոնավոր դոլարներ են հատկացվել, սակայն որևէ արդյունք չի գրանցվել։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ տարիներ շարունակ քաղաքական կամք չի դրսևորվել կոռուպցիան հաղթահարելու համար, իսկ հանրապետության առաջին դեմքը միայն խոսքեր է շռայլել.

«Նրա վերջին ելույթն էլ, որ կոռուպցիան քաղցկեղ է, ասաց այն բանից հետո, երբ ԵՄ-ի հետ ստորագրվեց համաձայնագիրը, և, որքան ես տեղյակ եմ, այդ համաձայնագրում առաջնահերթ հարցը կոռուպցիայի դեմ պայքարն է։ Այնպես որ, եթե մինչև հիմա չեն արել, հիմա պիտի անեն, որովհետև չանելու դեպքում կզրկվեն այն գումարներից, որը ԵՄ-ն նախատեսնում է ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասաց իրավապաշտպանը։

Եթե ԵՄ-ն կոռուպցիայի դեմ պայքարում արդյունք չտեսնի, Ժաննա Ալեքսանյանի խոսքով, ֆինանսավորումը չի շարունակի, ինչպես չշարունակեց Ուկրաինայում, ուստի անհնար է համաձայնագիրն անտեսել և ոչինչ չանել։

Հարցին՝ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցող վերջին կադրային փոփոխությունները, մասնավորապես ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի՝ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի պաշտոնից ազատվելը որքանո՞վ կարելի է դիտարկել կոռուպցիայի դեմ պայքարի մաս, հաշվի առնելով, որ գեներալի անունը նշվում էր բանակի հաշվին հարստացածների ցուցակում, Ժաննա Ալեքսանյանը նկատեց, որ Հայկազ Բաղմանյանը միայն բանակի հաշվին չի հարստացել, նա Սերժ Սարգսյանի շրջապատից է.

«Մենք գիտենք, թե կրիմինալի ինչպիսի մեծ փոթորիկ էր Հայկազ Բաղմանյանի շուրջ։ Հիշում եմ՝ ժամանակին Վազգեն Սարգսյանը նրան հեռացրել էր, Քոչարյանը հետ բերեց, և այդպես նա սերտաճեց իշխանության հետ։ Ես չեմ կարծում, որ սա կապ ունի կոռուպցիայի հետ։ Նրանք աստիճանաբար հրաժարվում են կրիմինալից, եթե հիշենք Լիսկայի դեմքը։ Իհարկե, նրանցից որևէ մեկը կատարած հանցագործությունների համար չի պատժվում, և այստեղ խոսել կոռուպցիայի դեմ պայքարի մասին և որպես խորհրդանիշ Հայկազ Բաղմանյանին նշել, նրա օրինակը ամեն դեպքում շատ ցցուն է, իսկ այն, ինչ նախարարն ասաց՝ թերացումները և այլն, այդ բառերն անհամատեղելի են Հայկազ Բաղմանյանի հետ, երբ մարդն ընդհանրապես տարիներով օրենքից դուրս է եղել, և հանկարծ նրանք թերացում տեսան։ Սա ուղղակի հումորի ժանրից է։ Տեսեք՝ Միհրան Պողոսյանին վերադարձրին ի շրջանս յուր, այնքան անտրամաբանական, անկանխատեսելի է այս իշխանության քայլերը»,- նկատեց իրավապաշտպանը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ Հայաստանն այս համաձայնագրով ստանձնել է պարտավորություններ, և ինչ-որ քայլեր պետք է արվեն.

«Հանրությունն ինքն էլ պետք է մասնակցի կոռուպցիայի դեմ պայքարին և ներքևից, պետք է ակտիվանան նաև հասարակական կազմակերպությունները։ Պետք է ամեն ինչ անել, որ պարտավորությունները կատարեն։ Եվ այսօրվա վիճակը, որ տեսնում եմ, ես չեմ պատկերացնում, որ հնարավոր է դա վերափոխել, կամ իշխանությունն ընդունակ է փոփոխություն անելու։ Մենք ունենք Վրաստանի օրինակը, թե ինչպես Սաակաշվիլին կարողացավ երկիրն իրոք տանել փոփոխությունների։ Սերժ Սարգսյանը, չեմ կարծում, որ պատրաստ է և ուզում է փոխել, իմիտացիոն ինչ-որ քայլեր կանեն, բայց այստեղ այնքան խորացած է կոռուպցիան։ Չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանը կգնա նման քայլերի, երբ ասում է՝ կոռուպցիան քաղցկեղ է, նա ասում է դա դրսի համար, սա մաքուր իմիտացիա է, կեղծ և ձևական»,- ասաց իրավապաշտանը, ապա հավելեց, որ կուզեր՝ իշխանությունները մի քիչ սիրեին երկիրը և այդքան չհոշոտեին ու չբզկտեին։

Մանե Հարությունյան

Medialab.am