«Քոչվոր ժողովուրդները սովորաբար գիր չեն ունենում, այս իշխանություններն այդ քոչվորի հոգեբանությունից առանձնապես չեն տարբերվում». Վահրամ Թոքմաջյան

17-12-2017
7392 դիտում
«Քոչվոր ժողովուրդները սովորաբար գիր չեն ունենում, այս իշխանություններն այդ քոչվորի հոգեբանությունից առանձնապես չեն տարբերվում». Վահրամ Թոքմաջյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը:

- Պարո՛ն Թոքմաջյան, տեղեկություններ կան, որ հաջորդ տարվանից ուսուցիչների աշխատավարձը կրճատվելու է 5000 դրամով: Ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս քաղաքականությունը:

- Սա պետական տեռոր է խոցելի խավի նկատմամբ: Ոչ միայն հաջորդ տարի չեն բարձրանալու ուսուցիչների աշխատավարձերը, այլև վերջին 4 տարիների ընթացքում չեն բարձրացել: Ինչպես այս կառավարությունը, նախորդ կառավարությունները ևս այս խավի նկատմամբ զբաղվել են շարքային թալանով ու տեռորով: Բացատրեմ ինչու: Չորս տարի առաջ ուսուցիչների աշխատավարձից գանձվում էր 13 տոկոս եկամտահարկ, 5000 դրամ կենսաթոշակային վճար, որը տալիս էր գործատուն: Հետո ինչ-որ աճպարարությամբ այդ 5000-ը սկսեցին գանձել մեզանից, հետո 13 տոկոս եկամտահարկը դարձրին 18 տոկոս, 18 տոկոսը՝ 24 տոկոս: Դրան գումարվեց պարտադիր կուտակային վճարը: Ստացվում է, որ հիմա ուսուցիչների «կեղտոտ» աշխատավարձի մեկ երրորդը արդեն հարկերն են: Եվ աշխատավարձի չբարձրանալու պայմաններում 100 հազար դրամ եկամուտ ունեցող ուսուցիչը, եթե նախկինում այդ գումարով գնում էր իքս քանակի ապրանք, ապա հիմա մոտ 20 տոկոսով պակաս քանակ է գնելու:

Այսինքն՝ ոչ միայն չեն բարձրացրել ուսուցիչների աշխատավարձը, այլ նաև նվազեցրել են: Ես հասկանում եմ, որ կառավարությունն ունի իր բացատրությունը, այն է՝ ընտրակեղծարարների մեծ մասը, ցավով եմ ասում, հենց կրթության համակարգից են, բայց դա չի նշանակում, որ այդ գործընթացից զերծ մարդիկ ևս պետք է տուժեն: Մյուս կողմից՝ դա չի նշանակում, որ 50-60 հազար դրամ աշխատավարձ ստացող մարզային ուսուցիչը, որը վախենում է կորցնել աշխատանքը և աշխատում է ՀՀԿ-ի համար, պետք է է՛լ ավելի ստրուկի կարգավիճակում հայտնվի: Իրեն տեռորի են ենթարկել, ինքը ստիպված է եղել գնալ այդ քայլին, բայց հիմա նրա ճորտացման աստիճանն ավելի են խորացնում:

- Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում կառավարության վերաբերմունքը կրթության ոլորտի նկատմամբ, ինչո՞ւ է այս կարևոր ոլորտը անուշադրության մատնված:

- Քոչվոր ժողովուրդները սովորաբար գիր չեն ունենում: Այս իշխանություններն այդ քոչվորի հոգեբանությունից առանձնապես չեն տարբերվում: Ինչպես քոչվորներն էին անում՝ ոչխարներն արածեցնում, ռեսուրսները սպառում էին ու թողնում-գնում, հիմա նույն վիճակը Հայաստանում է: Այս մարդիկ վերցրել են երկրում մի տարածք, որի ռեսուրսները հետևողականորեն լափում ու վատնում են, վերջում թողելու են-գնան: Մենք գիտենք, որ անցած տարիների ընթացքում 15-20 մլրդ դոլարի կապիտալ է Հայաստանից դուրս եկել: Այդ մարդի՞կ ինչպես կարող են վերաբերմունք ունենալ կրթության հանդեպ: Ինչպե՞ս կարող է քոչվորը կրթությանը, գիտությանը, մշակույթին կամ արվեստին լուրջ վերաբերվել: Քոչվորը վատ բան չէ, պարզապես ունի իրեն բնորոշ հոգեբանություն: Հիմա ստացվել է այնպես, որ մենք մեզ համարում ենք քաղաքակիրթ ազգ, բայց ամեն ինչ այս իշխանությունների ձեռքին է: Կրթությունը հեռանկարային ոլորտ է, ցանկացած երկիր գիտի, որ կրթության մեջ ներդրում անելով՝ վաղը չի ստանալու արդյունք, ստանալու է 5-10 տարի հետո: Բայց այս մարդիկ բյուջեն պետք է փակեն, նայում են ոլորտները՝ որտեղի՞ց կրճատեն, չեն էլ մտածում՝ ի՛նչ են կրճատում:

- Հիմնավորումն այն է, որ դպրոցներին հատկացվող ֆինանսավորման կրճատման պատճառով է նվազելու մանկավարժների աշխատավարձը: Ի՞նչ տեղեկություն ունեք:

- Ես կես կատակ-կես լուրջ նամակ եմ հղել վարչապետին, խնդրել եմ հաստատել՝ ճի՞շտ է աշխատավարձերի իջեցման մասին տեղեկությունը: Գիտե՞ք ամբողջ ողբերգությունն ինչ է. մենք հիմա պետք է խոսեինք ոչ թե այն մասին, որ 5 կամ 10 հազար դրամով աշխատավարձը կրճատել են, թե ոչ, այլ պետք է խոսեինք այն մասին, թե ինչո՛ւ հետևողականորեն չի բարձրացվում ուսուցչի աշխատավարձը: Պարզ է, ինչո՛ւ չի բարձրացվում: Եթե դու բարձրացնում ես աշխատավարձ, եթե մարդն ապրում է արժանավայել, դու դժվարությամբ ես այդ մարդուն կառավարում քո ցածր ինտելեկտով: Ո՞ւմ են հեշտ կառավարում՝ զրկանքների մեջ եղած մարդուն, ով շատ հանգիստ քո մատի մի շարժումով կվազի: Այսինքն՝ խնդիրն այստեղ այդ  ուսուցիչների 5000 դրամը չէ, գլոբալ ստրկատիրական մոտեցման հարցն է: Եվ ցավալի է, որ Ազգային ժողովում անգամ իրենց արմատական ընդդիմադիր հռչակածներից որևէ մեկի մտքով չանցավ այդ մասին խոսել:

Մյուս կողմից՝ բոլոր կրթական հաստատություններում կան արհմիություններ, դասավանդողներն իրենց աշխատավարձի 1 կամ 2 տոկոսը տալիս են այդ արհմիություններին: Շատ տեղերում չգիտենք, թե այդ արհմիություններն ընդհանրապես ինչո՛վ են զբաղված: Այդ արհմիություններն այսօր պետք է դուրս գային փողոց, փակեին բոլոր փողոցները, վարչապետի, նախագահի ճանապարհները, ասեին՝ եկե՛ք, պարոնա՛յք, ձեր տված փողով փողոցում Նոր տարի անենք:

- Այսինքն՝ դուք համարում եք, որ իշխանությունների կողմից կրթության ոլորտի նկատմամբ այս վերաբերմունքը ծրագրված քաղաքականությո՞ւն է:

- Այլ կերպ հնարավոր չէ մտածել, հատկապես վերջին իրադարձությունների ֆոնին, երբ ՀՀԿ-ական գործիչներն այսքան անկեղծացան: Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում. Հայաստանը հետևողականորեն աղքատացել է, և արտագաղթ ու արտագաղթ: Դժգոհներին ինչպե՞ս պետք է զսպեն, պետք է միայն հացի փող տան, կակայի նման հացը ցույց տան, որ ինքը վախենա անգամ այդ կակայից զրկվելուց և այլ ելք չունենա, քան ենթարկվելը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am