«Այս տարի ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքար չի իրականացվել, այլև կոռուպցիան ձևավորել է Հայաստանի հին ու նոր իշխանությունը». փորձագետներ

20-12-2017
8769 դիտում
«Այս տարի ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքար չի իրականացվել, այլև կոռուպցիան ձևավորել է Հայաստանի հին ու նոր իշխանությունը». փորձագետներ

Չնայած իշխանությունների հնչեցրած խոստումներին` 2017 թվականին Հայաստանում կոռուպցիայի դեմ առարկայական պայքար չի տարվել, միայն օրենսդրական դաշտն է բարելավվել:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը: Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ այս տարի ավելի ակտիվ աշխատանք է կատարվել, քան նախորդ տարի, բայց միայն որոշ օրենքներ ընդունելու տեսանկյունից: Իրավակիրառ պրակտիկայի առումով առաջընթաց չի գրանցվել:

«Մինչև չապահովվի պատժելիություն, հնարավոր չի լինի որևէ առաջընթաց ապահովել: Իսկ մենք ուղղակի չենք տեսնում համարժեք պատժելիության մակարդակ: Այսինքն՝ ինֆորմացիա կա, օրենքներ ընդունվում են, բայց պատշաճ արձագանք չի տրվում: Իշխանությունների կողմից կամք չի դրսևորվել այս հարցում: Այս տարվա ամենացայտուն օրինակն այն էր, որ օֆշորային սկանդալում ներգրավված Միհրան Պողոսյանը դարձավ պատգամավոր»,- «Մեդիալաբին» ասում է Սոնա Այվազյանը:

Նա նշում է, որ այս դեպքը ցույց տվեց, թե իրականում ի՛նչ պայքար է մղվում Հայաստանում կոռուպցիայի դեմ: Փաստորեն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մեջ կասկածվող անձը դարձավ անձեռնմխելի: Այվազյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Միհրան Պողոսյանը, ըստ առկա տեղեկությունների, ընտրակաշառքով դարձավ պատգամավոր: Նրա խոսքով` սա՛ է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի իրական պատկերը:

«Հետևաբար, մենք հստակ առաջընթաց չենք արձանագրում, այլ տեսնում ենք օրինակներ, որ իշխանության մոտ չկա կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն: Մենք այս տարի ընդամենը տեսել ենք մի փոքր ակտիվ գործողություններ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնությունների առումով»,- ասում է Սոնա Այվազյանը:

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ևս կոռուպցիայի դեմ պայքարի հարցում արդյունք չի արձանագրում: Նա նույնպես տարվա վառ օրինակ է համարում Միհրան Պողոսյանի օրինակը:

«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում օֆշորի գործով սկանդալային հերոսն այս տարի դարձավ Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովը ձևավորվեց ոչ միայն վարչական ռեսուրսների միջոցով, որը նույնպես կարելի է քաղաքական կոռուպցիա անվանել, այլ նաև կաշառքով, որը կոռուպցիայի մի տեսակ է»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը, հավելելով, այսինքն՝ Հայաստանի պետական հիմնական մարմինները՝ Ազգային ժողովն ու կառավարությունը, այս տարի ձևավորվեցին կոռուպցիոն համակարգով: Այս պարագայում արդյունքի մասին խոսելն ավելորդ է:

«Էլ չենք խոսում քաղաքական կոռուպցիայի մասին: Դպրոցների հայտնի պատմությունը, երբ մանկավարժներն ու ծնողները ձայներ էին հավաքում, քաղաքական կոռուպցիայի վառ օրինակ էր»,- ընդգծում է իրավապաշտպանը:

Նրա խոսքով` «այս տարի ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքար չի իրականացվել, այլև կոռուպցիան ձևավորել է Հայաստանի հին ու նոր իշխանությունը»:

Միջազգային կառույցների առաջ ստանձնած պարտավորությունների շրջանակներում Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե ակտիվ պայքար է մղվում կոռուպցիոն հանցագործությունների դեմ: Ավետիք Իշխանյանը տարակուսում է՝ ինչպե՞ս կարող է կոռումպացված իշխանությունը պայքարել ինքն իր դեմ, նման բան աշխարհում չկա:

Ինչ վերաբերում է ոլորտի օրենսդրության փոփոխությանը, իրավապաշտպանը նշում է, որ Հայաստանում խնդիրն օրենսդրությունը չէ, այլ իրավակիրառ պրակտիկան:

Բազմաթիվ օրենքներ կան, որոնք Վենետիկի հանձնաժողովի հավանությանն են արժանացել, եվրոպական տարբեր կառույցների կողմից աջակցություն է ցուցաբերվել այդ օրենքների ընդունմանը, բայց օրենքը չի գործում:

«Հայաստանում օրենքը գործում է ընտրովի` սա՛ է մեր խնդիրը: Եվ ես չեմ կարծում, որ ապօրինի հարստացման ու փողերի լվացման դեմ պայքարի օրենքը կգործի: Եթե գործի էլ, դա կլինի ընտրողաբար, այն անձանց նկատմամբ, ովքեր հանկարծ կփորձեն խաղի կանոններից դուրս քայլեր անել, այնպես, ինչպես մինչև 2015 թվականը խաղի կանոններից դուրս քայլեր էր փորձում անել Գագիկ Ծառուկյանը»,- նշեց Ավետիք Իշխանյանը:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ կնքված համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններին, որոնցից առանցքային հարց է նաև կոռուպցիայի դեմ պայքարը, իրավապաշտպանը նշում է, որ հենց միջազգային կառույցներից վարկեր ստանալու շրջանակներում են Հայաստանի իշխանությունները նման օրենքներ ընդունում: Բայց դրանով ուղղակի ցույց են տալիս, թե պայքարում են կոռուպցիայի դեմ, ո՛չ ավելին:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am