«Ուսանողները փորձում էին ոչ թե իշխանությունների, այլ ուսանողության, հանրության վրա ազդել, որ տեր լինեն իրենց իրավունքներին». Դավիթ Սանասարյան

23-12-2017
6852 դիտում
«Ուսանողները փորձում էին ոչ թե իշխանությունների, այլ ուսանողության, հանրության վրա ազդել, որ տեր լինեն իրենց իրավունքներին». Դավիթ Սանասարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանը:

- Պարո՛ն Սանասարյան, իշխանության հետ կլոր սեղանին մասնակցելուց հետո տևական դադարից հետո ուսանողների նորից հացադուլ սկսեցին տարկետման իրավունքի սահմանափակման դեմ, հիմա դադարեցրին, բայց նշում են, որ շարունակելու են պայքարը։ Ինչպե՞ս եք գնահատում։ Այսքանից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ պայքարը նոր թափով շարունակվի։

- Ուսանողները գնացին բոլոր ճանապարհներով՝ դասադուլ արեցին, հացադուլ արեցին։ Նրանք նախկին ընդդիմադիր վախերը թողեցին մի կողմ, որ իշխանության հետ հանդիպելը սխալ է, գնացին, հանդիպեցին իշխանության ներկայացուցիչների հետ, ներկայացրին իրենց դիրքորոշումը, իսկ իշխանությունն իրեն հայտնի միջոցներով մերժման իր դիրքորոշումներով օրենքն անցկացրեց ու անցավ առաջ։

Սերժ Սարգսյանն էլ արագ ստորագրեց օրենքը։ Ուսանողները գնացին կլոր սեղանների, որի ժամանակ շատ պրոֆեսիոնալ ներկայացրեցին իրենց մոտեցումները, հակափաստարկները և այլն, որից հետո հայտարարեցին, որ իրենք խաբված են, որովհետև այն, ինչ իրենց խոսք են տվել, չեն արել։ Այդ ամենից հետո Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը ճարահատյալ դիմեցին հացադուլի։

Հիմա, կարծում եմ, նրանք փորձում էին ավելի շատ ոչ թե իշխանությունների, այլ ուսանողության, հանրության վրա ազդել, որ տեր լինեն իրենց իրավունքներին և թույլ չտան, որ իշխանություններն իրենց փոխարեն որոշեն՝ ինչ պետք է անեն կամ չանեն։ Իսկ այն, որ իշխանությունները փորձում են արժեզրկել այդ պայքարը, դա բնական է, դա նրանց բնորոշ է։ Կարևորն այն է, որ հիմա պետք է Դավիթի արածին շարունակություն տալ, ավելի իմաստավորել նրա արածը։

- Իսկ արդյոք այս դադարը կորսված ժամանա՞կ չէր, հաշվի առնելով, որ պայքարի թափը թուլացավ։

- Կարելի է հետադարձ հայացք նետել և ասել՝ կորսված էր կամ կորսված չէր, բայց մարդիկ արեցին ամեն ինչ։ Ես ինքս գոհ չեմ, որ նրանք գնացին Շարմազանովի հետ կլոր սեղանին, բայց նրանք գնացին և հիմնավորեցին, թե ինչի համար են գնացել։ Հիմա ասել՝ պե՞տք էր գնալ կամ պե՞տք չէր գնալ՝ այսօր դա որևէ բան չի փոխի։ Ըստ էության, մարդն այսօր իր պայքարի թեկուզ ծայրահեղ, բայց շարունակություն է դրել այս ամենի մեջ։

- ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել է, թե այս տղաները դրսից պատվեր են ստացել...

- Ես ահավոր կերպարների մասին չեմ ուզում խոսել, ովքեր իրենցից բան չեն ներկայացնում: Նրանք, ովքեր կռանում են և նկարվում Սերժ Սարգսյանի մոտ, ես նրանց մասին ի՞նչ խոսեմ: Արամ Սիմոնյանն ո՞վ է, որ նրա մասին խոսեմ:

- Ինչո՞ւ քաղաքացիական շարժումները չեն վերաճում քաղաքականի։

- Ես բոլոր քաղաքացիական շարժումների ժամանակ ավելի շատ լսել եմ, որ մարդիկ քաղաքական խնդիրներ են բարձրացնում՝ բանակի մասին են խոսում, կրթության քաղաքականության մասին են խոսում։ Եթե անգամ մի քանիսը նման արտահայտություններ են արել, ինձ համար դա մեծ նշանակություն չունի, որովհետև խոսքը քաղաքական խնդրի մասին է։ Առհասարակ, ցանկացած հարց, որը քաղաքական բանավեճ է առաջացնում, նշանակում է՝ քաղաքական հարց է։ Այդ լիկբեզը վաղուց պետք է էլ չանենք, որովհետև մարդկանց համար վաղուց պարզ է իրավիճակը։

- Տեսակետ կա, որ քաղաքական պայքարները լճացման փուլում են։ Տեսակետ կա, որ «Սասնա ծռերի» գործողությունից հետո, երբ մարդիկ զենք վերցրեցին, շատ դժվար է քաղաքական այնպիսի պայքար ծավալել, որ ազդեցիկ լինի։ Համամի՞տ եք այդ գնահատականին։

- Խնդիրն այն է, որ եթե նշաձողը բարձր է լինում, դրանից հետո շատ դժվար է լինում գերազանցել այն։ Ես կարող եմ ասել, որ վերջին անգամ քաղաքական լուրջ միջոցառում, որի արդյունքում հազարավոր մարդիկ են փողոց դուրս եկել, տեղի է ունեցել «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելուց հետո։ Երբ որ թե՛ որակապես, թե՛ քանակապես ավելի լուրջ քայլ կարվի, արդյունքն էլ նկատելի կլինի։ Զարգացումը հենց այդպես է լինում, երբ արդեն արվածից ավելիին ես ձգտում։ Եթե ավելիին չես ձգտում, բնականաբար, հասարակության կողմից համարժեք վերաբերմունք է լինում։ Դա մարտահրավեր է քաղաքացիների ու քաղաքական ուժերի համար, որ ավելին անեն։

- Պե՞տք է ուսանողների այս պայքարը շարունակվի՞։

- Անպայման, որովհետև սա զուտ ուսանողական խնդիր չէ, այլ երկրի զարգացմանն է վերաբերում, որովհետև իշխանությունների այս քայլով հարված է հասցվում գիտությանը և իր մեջ միլիտարիզացիայի էլեմենտ կա։ Այս առումով, կարծում եմ՝ բոլորը պետք է մտածեն. ծնողները պետք է մտածեն, որ իրենց դպրոցական զավակները նույնպես առնչվելու են այս խնդրին։ Պետք է մտածել, թե ինչպես գիտությունը զարգացնել, որ ավելի ուժեղ բանակ ունենալ, ոչ թե եղանակներ փնտրել բանակում թվաքանակ ապահովելու համար։

- Կարծում եք՝ իշխանությունները մոլորեցրի՞ն ուսանողներին։

- Բնականաբար, իշխանությունները գործում են իրենց ռազմավարությամբ, որը հիմա արդեն բոլորին շատ պարզ է։ Նրանք որևէ նոր բան, այդ առումով, չեն արել։

Մանե Հարությունյան

MediaLab.am