«Մարդկանց վարկային պարտքերի տակ են գցում, ասում են՝ գնացեք քեֆ արեք, հետո կամաց-կամաց կվճարեք». Հրանուշ Խառատյան

25-12-2017
4209 դիտում
«Մարդկանց վարկային պարտքերի տակ են գցում, ասում են՝ գնացեք քեֆ արեք, հետո կամաց-կամաց կվճարեք». Հրանուշ Խառատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

- Տիկի՛ն Խառատյան, մոտենում է Ամանորը, և մարդիկ նորից վարկով, պարտքով անպայման ուզում են ճոխ սեղան գցել Նոր տարուն, փոխարենը՝ կյանքի մյուս ոլորտներում չենք տեսնում նման ջանասիրություն։ Խնդիրը որտե՞ղ է թաքնված։

- Սա շատ ավելի ծավալուն և լուրջ հարց է։ Ցավոք, Հայաստանում չկա տոնահանդեսի մշակույթ, որևէ ձևով մշակույթ չկա, որ ասեմ խնդիրը մշակութային է։ Հայտարարված տոնական օրեր կան, այդ տոնական օրերի նկատմամբ որևէ տոնահանդեսային ծիսակարգ, երևույթ, ընկալում, նախապատրաստություն, սպասելիք՝ բոլորն իսպառ բացակայում են։

Նույնիսկ այն, ինչը ժողովրդական-ավանդական է, որը մարել է և հիմա կենսունակության ինչ-որ փորձեր է անում, դրանք տոնական չեն դառնում, դառնում են ավանդական կյանքը ներկայի հետ շաղկապելու պատրիոտական փորձեր։ Կար խորհրդային տարիների տոնահանդեսային մշակույթը, որը արհեստական ու գաղափարական էր, ու անմիջապես դուրս մղվեց։ Այսօր չի ձևավորվել տոնական կյանք, տոնական մշակույթ։

Տոներն իրարից տարբերվում են իրենց իմաստով, բովանդակությամբ և այդ իմաստների հետ հաղորդակցվելու երևույթներից, տոնահանդեսի մշակույթից... Կարող եմ ասել, որ այսօր միակ տարբերվող, իրական տոնական մշակույթն իր մեջ կրողը Վարդավառի տոնահանդեսն է, որը զգալի փոփոխություններով, բայց տոնական մշակութի երևույթ է, որը ոչ ոք չի կազմակերպում։ Այդ օրը մարդիկ համերգներ, թատրոններ չեն գնում, բայց գիտեն իրենց անելիքը, և, ըստ էության, Հայաստանի հասարակությունը, կամա թե ակամա, դառնում է դրա ակտիվ կամ պասիվ մասնիկը։

- Իսկ Ամանո՞րը։ Ինչո՞ւ այն տոնական մշակույթ չի կրում իր մեջ։ Այն ավելի շատ հյուրասիրությո՞ւն է դիտարկվում։

- Հիմա Նոր տարվա տոնը՝ հունվարի 1-ը, ընդհանուր առմամբ, վերջին հարյուրամյակի տոն է, մինչ այդ հայերը Նոր տարին, ինչպես բոլոր ժողովուրդները, տոմարը կատարվում էր փոփոխություններով, և ծիսակարգը Նոր տարվա տոնին էր հարմարեցված։ Նոր տարվա տոն անունը կա, բայց տոնահանդեսի ավանդական մշակույթից բան չի մնացել, նորն էլ չի ձևավորվել, և խզումն էլ շատ մեծ է։

Չիմանալով ինչ անել, միաժամանակ ուզենալով անպայման գոնե մասնակից դառնալ, «տոն» և «տոնախնջույք» բառերի ընդհանրությունն ազդում է մարդկանց վրա, որ հիմնական տոնահանդեսային իրենց մասնակցությունը խնջույքի կամ ուտելիքի կամ զանազան տեսակի մթերքների միջոցով լինի։ Սա ես ցավով եմ ասում, որովհետև բուն Նոր տարին բազմաթիվ զվարճանքի տարրեր է ունեցել, և նույնիսկ խորհրդային շրջանում դա պահպանվել էր մինչև 1970- 80-ական թվականները՝ նաև ինչ-որ ձևով տրանսֆորմացվելով, լցվելով նորերով։ Հիմա այս պահին դա չկա, մի տոնածառ է, որ դնում են, երեխաներ են դեսուդեն տանում, ուրիշ բան չկա։ Հյուր գնալն ու հյուր սպասելը, ցավոք սրտի, չունենալով ձևավորված ավանդույթ, ենթադրենք, խաղերի, զվարճանքի, երաժշտական, կատակների, պարերի տեսքով, մնում է միայն հյուրասիրությունը։ Դա դառնում է տարվա մեջ կարևորագույն հյուրասիրությունը, որը փորձում են իմաստավորել տոնով, ով ինչպես կարող է, այդ թվում` պարտքով։

Պարտքը միշտ է եղել, իսկ վերջին շրջանում սկսեցին նաև վարկային գայթակղություններ առաջարկել հասարակությանը։ Մարդկանց արդեն վարկային պարտքերի տակ են գցում, ասում են՝ գնացեք քեֆ արեք, հետո կամաց-կամաց կվճարեք։ Ինձ միշտ հիացնում է մեր ժողովրդի մեջ կարողությունը՝ անընդհատ կշտամբել ավանդական մշակույթից հեռանալը, բայց երբեք չընդվզել այդ ավանդական մշակույթ կոչվածի դրական ձեռքբերումները շարունակելու մեջ բիզնես միջամտության դեմ։ Որովհետև բիզնեսը սրբագործված է և չկա այդտեղ մշակութային ներդրման և մշակութային խաթարման քննարկում։

Տեսե՞լ եք, որ որևէ մեկը Նոր տարվա այս ամբողջ բիզնես առաջարկը դիտարկի որպես մշակութային կյանքի մեջ խառնվելու երևույթ։ Բայց սա՛ է իրականում կատարվում։ Այսինքն՝ անձը, որը չի գնի խանութից բերի տուն ու նստի իր տոլման փաթաթի, նա մեղավոր է, իսկ այդ առաջարկը կազմակերպողը, գովազդողը, հազար ձևով մարդկանց ուղեղները լվացողը վեր է քննարկումից ու քննադատությունից։ Փաստացի մեր խնդիրն ուղղում ենք կրողի, ոչ թե ազդողի ուղղությամբ։ Բնականաբար, բիզնես ոլորտը, որը շահագրգռված է մեծ ծավալի վաճառքով, ամբողջովին ձևավորում է նաև ուտեստային և նվերային հոգեբանությունը։ Նվերը, որը կարող էր մի խնձոր կամ կոնֆետ լինել, հիմա վերաճել է ահռելի բիզնես երևույթի։ Տեսեք՝ ինչ կեղծ էժանացումներ են, բոլոր տեսակի լրատվամիջոցներով, հատկապես միջին խավին ուղղված, ամբողջը ողողված է գովազդով և ազդելով Նոր տարվա նվերների հոգեբանության վրա։ Սա, ցավալիորեն, սովորական, գռեհիկ, ապրանքային առուվաճառքի հարաբերության խնդիր է։

- Ցուցադրականություն, ցուցամոլություն չկա՞ն այս ամենում։

- Ես շատ հստակ չգիտեմ, թե ինչ է նշանակում ցուցամոլությունը։ Իհարկե, ամեն մի դասային խումբ ինքն իր զուգահեռի հետ իրեն համեմատելիս փորձում է շահած դուրս գալ։ Կան նաև մարդիկ, որոնք մյուս ծայրահեղությանն են գնում՝ ոչ մի բան չանել, միայն կարտոֆիլ ուտել, փորձել սահմանափակվել դրանով և այլն, ցուցադրել իրենց ասկետիզմը, բայց դրա կողքին չկա` եթե ոչ ուտելիքը, ապա ի՛նչ է առաջարկվում Նոր տարին նշելու համար։ Չկա առաջարկը, թե ինչո՛վ է լցվելու մարդկանց տոնահանդեսի կյանքը։ Մեր մշակույթի նախարարությանը, կրթության նախարարությանը երկու անգամ փորձել եմ առաջարկել, ընդ որում, բոլորովին չեմ առաջարկում անպայման հենց իմ առաջարկն օգտագործել, ես ասում եմ՝ գաղափարներ եմ տալիս, դե՛ն գցեք դրանք, բայց երևո՛ւյթը հասկացեք և դո՛ւք դրեք ձեր գաղափարները։ Այլ կերպ ասած, մենք ունենք տոնահանդեսի մշակույթի շատ մեծ, աղետալի պակաս։

Մանե Հարությունյան

MediaLab.am