«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում խոսքի ազատության առումով իրավիճակը վատթարացել է». փորձագետներ

25-12-2017
8521 դիտում
«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում խոսքի ազատության առումով իրավիճակը վատթարացել է». փորձագետներ

Հայաստանում վերջին տարիներին խոսքի ազատության առումով հետընթաց է նկատվում, և այդ միտումը շարունակվել է նաև 2017 թվականին: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Այդուհանդերձ, նա նկատում է, որ այս տարի նոր մարտահրավերներ չեն եղել ԶԼՄ-ների համար, շարունակվել են նախորդ միտումները:

«2017 թվականին լրագրողների ու լրատվամիջոցների համար առանձնապես նոր մարտահրավերներ չեն եղել: Մի քանի անցանկալի միջադեպեր եղան խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի ժամանակ և բուն քվեարկության օրը, բայց անսպասելի զարգացումներ չեն եղել: Միակ մտահոգությունն այն է, որ թե՛ 2015-ի հունիսի և թե՛ 2016-ի հուլիսյան իրադարձությունները, երբ բռնություններ կիրառվեցին լրագրողների նկատմամբ, իրավապահ մարմինների կողմից իրենց լուծումը չեն ստացել: Եվ անպատժելիության մթնոլորտը փաստորեն շարունակվում է»,- «Մեդիալաբին» ասում է Բորիս Նավասարդյանը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ այս տարվա ինն ամիսներին լրագրողների նկատմամբ արձանագրվել է ֆիզիկական բռնության 10 դեպք: Նույն ժամանակահատվածում լրագրողների ու լրատվամիջոցների տեղեկություն ստանալու ու տարածելու իրավունքը խախտվել է 54 դեպքում, իսկ ԶԼՄ-ների ու դրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 105 դեպք է գրանցվել:

Կոմիտեն արձանագրել է, որ մտահոգիչ է մնում լրագրողների դեմ կիրառվող բռնությունների առկայությունը։ Ընդ որում, հաճախ մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում իրավապահ մարմինների և դատարանների ոչ համարժեք գործողությունների, որոշումների ու վճիռների հետևանքով։ Այս տարվա ապրիլի 2-ի խորհրդարանական և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների ժամանակաշրջանում ԽԱՊԿ-ն արձանագրել էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների ու խոչընդոտումների 21 փաստ, սակայն իրավապահները քրեական գործեր են հարուցել ընդամենը 6 դեպքերի առնչությամբ: Դրանցից 4 գործ կարճվել է՝ «հանցակազմի բացակայություն» ձևական հիմնավորմամբ:

Լիարժեք բացահայտված չեն 2015 և 2016 թվականների բողոքի ակցիաների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնությունների կիրառման դեպքերը: Հիշեցնենք, որ այդ բռնությունները հիմնականում կիրառվել էին ոստիկանների կողմից: Նաև օրինակներ կան, որ բռնություն կիրառած ոստիկանների մի մասը քաղաքացիական հագուստով է եղել:

Հարցին, թե ինչո՞ւ իրավապահները պատշաճ քննության չեն ենթարկում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը , ինչո՞ւ պատիժներ չկան, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ սկզբունքային մոտեցում կա այս հարցում. իշխանությունը պայմանավորվածությունները չի խախտում: Իրավապահները դիտարկվում են որպես մի ինստիտուտ, որը ցանկացած պահի կարող է գործադիր իշխանության հրահանգները կատարել՝ դա չհամադրելով մարդու իրավունքների ու օրենքի գերակայության սկզբունքների հետ:

«Եվ ցանկացած խիստ պատիժ այդ մարմինների աշխատողների նկատմամբ կարող է դիտարկվել որպես ոչ պաշտոնական պայմանավորվածությունների խախտում: Եվ այն վստահությունը, որն ունեն իրավապահ մարմինները իշխանությունների նկատմամբ, այդ դեպքում կարող է նվազել»,- ասում է նա:
Բորիս Նավասարդյանի դիտարկմամբ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանում խոսքի ազատության առումով իրավիճակը վատթարացել է: Այդ մասին փաստում են տարբեր վարկանիշային ուսումնասիրությունները:

«Հատկապես ինտերնետային լրատվամիջոցների առումով վերջին տարիներին մենք մշտապես տեսնում ենք հավակնություններ՝ սահմանափակելու այն ազատությունը, որը մենք ունեինք: Եվ Հայաստանը շարունակ իր դիրքերը զիջում է, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում: Մյուս ոլորտներում բացասական միտումներ չկան: Freedom Hause իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ 2002 թվականից ի վեր Հայաստանը դասվում է ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքը: Որպեսզի մենք ունենանք խոսքի ազատության ուղղությամբ կայուն գործընթաց, անհրաժեշտ է, որ լինեն դրական փոփոխություններ»,- հավելեց նա:

Նավասարդյանը մտահոգիչ է համարում նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծը, որը մշակել է արդարադատության նախարարությունը և հաստատվել է կառավարության կողմից: Այդ նախագծով, ըստ Նավասարդյանի, ոլորտի արդիական հարցերին լուծումներ չեն տրվում: Եվ փաստորեն ունենում ենք մի փաստաթուղթ, որով, ըստ մասնագետի, ընդամենը ոլորտի կարգավորումները հարմարեցվում են Սահմանադրության փոփոխություններին:

«Բայց 2006 թվականից, երբ Հայաստանը պատրաստվում էր թվայնացման գործընթացին, մեզ մտահոգող ոչ մի հարց լուծում չի ստանում այդ նոր օրենքով: Նախևառաջ մտահոգիչ է տեղական հեռուստաընկերությունների ճակատագիրը, որոնց անալոգային հեռարձակման լիցենզիան անընդհատ երկարաձգվում է այն ակնկալիքով, որ պետք է սկզբունքային ու մշտական լուծում գտնվի: Բայց, փաստորեն, այդ հարցի լուծմանը որևէ անդրադարձ չի եղել նոր օրենքում»,- ասաց Նավասարդյանը:

Նա նշեց, որ Եվրամիության հետ ստորագրված ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ոլորտում իրավիճակը կարող է բարելավվել, եթե Հայաստանը հետևողականորեն կատարի ստանձնած հանձնառությունները:

«Ինչ վերաբերում է լրատվամիջոցների ազատությանը, ապա 20 առաջնային ակնկալվող արդյունքներում, որոնք ենթադրվում է ունենալ մինչև 2020 թվականը Արևելյան գործընկերության բոլոր երկրների համար, լրատվամիջոցներին հատուկ ուշադրություն է դարձվում: Կոնկրետ անելիքներ կան բոլոր երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար: Մնում է, որ այդ ակնկալիքներն իրականություն դառնան և վերածվեն կոնկրետ գործողությունների: Այդ ուղղությամբ, բնականաբար, լուրջ աշխատանք պետք է կատարի լրագրողական հանրությունը, որովհետև ակնկալել, թե նախաձեռնությունը կլինի իշխանությունների կողմից, և առանց մեր մասնակցության առաջընթաց կլինի, հնարավոր չէ»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am