«Սերժ Սարգսյանի այդ ելույթի նպատակն սաստելն էր, որ հանկարծ մտքներովդ չանցնի ապստամբել». Ավետիք Իշխանյան

27-12-2017
4910 դիտում
«Սերժ Սարգսյանի այդ ելույթի նպատակն սաստելն էր, որ հանկարծ մտքներովդ չանցնի ապստամբել». Ավետիք Իշխանյան

Օրերս Սերժ Սարգսյանը ելույթ էր ունեցել Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ)` ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում: Իր ելույթում նա մեծ տեղ էր հատկացրել հակաահաբեկչական ոլորտում գործողություններին, նշելով, որ անհրաժեշտ է երիցս աշխուժացնել ոլորտը։

Ուժի օրինական կիրառման մենաշնորհը, Սերժ Սարգսյանի խոսքով, պատկանում է Հայաստանի Հանրապետությանը:

«Ազգային անվտանգության ծառայության գործունեության մեջ հատկապես կարևոր է սահմանադրական կարգի ապահովման գործառույթը: Սահմանադրական կարգի ամրությունը երկրի անկախությունը, պետության և ժողովրդի պաշտպանվածությունը երաշխավորող հիմնական նախապայմանն է: Այս արժեքը թիրախավորող ցանկացած քայլ իրական սպառնալիք է ազգային անվտանգության համար:

Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու և լուծելու համար Սահմանադրությամբ և օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները և մեխանիզմները:

Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը և մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետևողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են: »,- նշել էր նա:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը «Մեդիալաբի» հետ զրույցում, անդրադառնալով այս ելույթին, նշում է.

«Հայտնի ճշմարտություն է, որ ուժի կիրառումը պետական մարմինների մենաշնորհն է, այստեղ նորություն չկա, բայց մի կարևոր խնդիր կա՝ ուժի կիրառումն ունի սահմանափակումներ, և պետք է հստակ ամրագրված լինի իրավական, ժողովրդավարական պետության մեջ։ Հստակ պետք է կիրառվի օրենքի տառը, թե որ դեպքում կարելի է ուժ կիրառել։ Ուժի կիրառումը պետք է լինի համաչափ և չչափազանցված։ Որևէ ուժի կիրառման դեպքում, որը բերում է վնասվածքների կամ կարող է մահով ավարտվել, ապա իրավական պետության մեջ դա պահանջում է հստակ հետաքննություն, ու եթե պարզվում է, որ անտեղի ուժ է կիրառվել, կամ չափն անցել են, ապա այդ մարդիկ պատիժ են կրում»։

Իրավապաշտպանը նկատում է՝ երբ Սերժ Սարգսյանն այդ մասին հայտարարեց, երկրորդ մասը չասաց և հատուկ այդ մասին չնշեց.

«Չեմ կարծում, որ նա դա չգիտի։ 90-ականներից սկզբից Հայաստանի՝ այն ժամանակվա օրինական իշխանությունը սկսեց ուժ կիրառել ոչ օրինական և ոչ համաչափ, որի հետևանքով ձևավորվեցին ոչ օրինական իշխանություններ, ինչը շարունակվում է մինչև այսօր։ Ոչ օրինական իշխանության կողմից ուժի կիրառումը բերում է հակազդեցության։

Սա ենթադրում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական չէ։ Իսկ եթե Հայաստանը ժողովրդավարական ու իրավական պետություն չէ, այդ դեպքում մարդկանց մեջ առաջանում է գայթակղություն ուժին ուժով պատասխանել, և իշխանափոխությունը անել այլ հարթության մեջ։ Սա ոչ թե պետության, այլ իշխանության կողմից անտեղի ուժի կիրառման պատասխանն է։ Ինչ վերաբերում է նրան, թե որն էր Սերժ Սարգսյանի այդ ելույթի նպատակը, ապա նպատակը սաստելն էր, որ հանկարծ մտքներովդ չանցնի ապստամբել։ Ես հատուկ եմ «ապստամբել» բառն օգտագործում, այլ ոչ «ահաբեկչություն», որովհետև այդ վերջինը ձեռնտու է իշխանություններին, և մոդայիկ է խոսել ահաբեկչությունից։ Սերժ Սարգսյանն ասում է՝ հանկարծ չապստամբեք, ցանկացած ապստամբություն մենք ուժով կճնշենք, մենք ուժ կիրառող իշխանություն ենք, որի ապացույցներն են ոստիկանության բյուջեի ու թվի ավելացումը, նաև ԱԱԾ-ի նկատմամբ հոգատար ու ջերմ վերաբերմունքը»,- նշում է իրավապաշտպանը։

Հարցին՝ արդյոք հենց այս համատեքստո՞ւմ է իրավապաշտպանը դիտարկում ԱԱԾ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ազգությամբ հայ, ԱՄՆ-ի քաղաքացի հանդիսացող մի երիտասարդի փորձեցին հարցաքննել, նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, նա արձագանքեց.

«Դրան ոչ մեկը լուրջ չի վերաբերվում, այդ թվում` ՀՀ իշխանությունները, ուղղակի այդ դրվագն օգտագործում են Հայաստանում սեղմօղակն ավելի ձգելու համար»։

Դիտարկմանը՝ արդյոք իշխանության կողմից ուժի ցուցադրության առումով այս իրավիճակը պե՞տք է ամրացնել 2018 թվականի ապրիլին ընդառաջ, որպեսզի որևէ անկանխատեսելի զարգացումներ ու ցնցումներ չլինեն Հայաստանում, Ավետիք Իշխանյանն ասաց, որ նաև դա, բայց դա կապված չէ միայն 2018-ի հետ, որովհետև 2018-ի հարցն արդեն լուծված է։

«Ընդհանրապես սա ուղղված է իշխանության ամրապնդմանը և ցանկացած հնարավոր դիմադրության օջախները լռեցնելուն»,-համոզված է իրավապաշտպանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am