«Եթե  Սերժ Սարգսյանը չուզենա հեռանալ, ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնի». քաղաքագետ

29-12-2017
5187 դիտում
«Եթե  Սերժ Սարգսյանը չուզենա հեռանալ, ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնի». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

- Պարո՛ն Սարգսյան, Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո անվտանգության առումով ի՞նչ փոխվեց Հայաստանի համար: Հետագայում ի՞նչ պետք է ակնկալել այս զարգացումներից:

- Անվտանգության հարցով այս տարի էական առաջընթաց եղել է: Դժվար է ասել՝ դա անմիջական կապ ունե՞ր Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի հետ, թե՞ ոչ, սակայն լայն միջազգային կոնսենսուս եղավ, Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում Մինսկի խմբին աջակցելու փաստը տեսանք: ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները աջակցություն հայտնեցին Մինսկի խմբի գործունեությանը և հայտարարություն ընդունեցին: Տարբեր եվրոպական կառույցներում նման դիրքորոշում եղավ, անգամ Թուրքիան աջակցություն հայտնեց այդ գործընթացին:

Այսինքն՝ շատ էական բան տեղի ունեցավ, որ աշխարհը, ՀԱՊԿ-ը, ստիպված էին, թե ոչ, բայց ընդունել են բանաձև, որը, բնական է, մեր քաղաքական դիրքերը ուժեղացրել է: Ադրբեջանը չկարողացավ իր նկրտումները ցուցաբերել, հարձակվել: Այդքանը եղել է, և այդ ստորագրված համաձայնագրին զուգահեռ մի նոր քաղաքական մթնոլորտ է ստեղծվել Հայաստանի շուրջ:

Ամեն ինչ կախված է նրանից, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանք կկատարվի, որովհետև Եվրամիության հետ այդ համաձայնագրի կենտրոնում Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների, դատական համակարգի զարգացումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է: Երկու ֆունդամենտալ հարցեր են դրված, որոնք, եթե անգամ Հայաստանի իշխանություններին մորթեն, կյանքում չեն անի: Նրանք դատական համակարգ չեն ստեղծելու, որ դատվեն: Հենց այս բարդությունը կա, մի կողմից ընդունել են, ստորագրել են այդ համաձայնագիրը, մյուս կողմից էլ` ամեն կերպ պետք է վիժեցնեն դա:

- Այսինքն՝ Հայաստանի իշխանությունները չե՞ն կատարելու Եվրամիության հետ ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

- Չէ՛, ո՞նց կարող է օլիգարխիկ համակարգը դատական համակարգ բարեփոխել և կոռուպցիայի դեմ պայքարել:

- Ինչի՞ կհանգեցնի դա, եթե ստանձնած պարտավորությունները չկատարվեն:

- Դա կհանգեցնի բարդությունների: Եթե արտաքին ճնշումներն ուժեղանան, դա կարող է մեծ պրոբլեմներ ստեղծել ռեժիմի համար: Իհարկե, նրանք կփորձեն հովանավորներ գտնել: Արդեն երևում է, որ հույսները դրել են Ռուսաստանի վրա, որ դրա տակից դուրս գան: Բայց Ռուսաստանն էլ է համաձայնություն տվել: Ինչո՞ւ Ռուսաստանը թույլ տվեց, որ այս անգամ ստորագրվի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, այնպես չվարվեց, ինչպես 2013 թվականին: Կարծում եմ՝ Ռուսաստանն այդպես վարվեց, որովհետև այդ հարցերը լուծվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի լայն կոնսենսուսի արդյունքում` նոյեմբերի 11-ին, երբ եղավ այդ երկու երկրների նախագահների հանդիպումը Վիետնամում: Այդ ժամանակ, ես կարծում եմ, շատ հարցեր լուծվել են: Դրա համար էլ Ռուսաստանը մի քիչ տարօրինակ է իրեն պահել: Բայց իրականում դա տարօրինակ չէ, ամեն ինչ պայմանավորվածությունների շրջանակներում է: Դրա համար էլ, իմ կարծիքով, ռեժիմի վիճակը ծանր է, այդ աջակցությունը Ռուսաստանից չեն կարող ստանալ:

- Եթե Հայաստանի իշխանությունները չկատարեն ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, դա վնաս կհասցնի՞ նաև Հայաստանի անվտանգությանը: Արցախի հարցում նո՞ր մարտահրավերներ ի հայտ կգան:

- Իհարկե, խնդիրներ կստեղծվեն: Պարզ ասում են, քանի՞ անգամ են ամերիկացիներն ու եվրոպացիներն ասել, որ կոռուպցիան ազգային անվտանգության խնդիր է: Դա հենց այնպես հո չեն ասում: Մի անգամ կասեն, երկու անգամ, իսկ երրորդ անգամ արդեն կասեն՝ կներեք, էլ չզանգեք մեզ:

- Այսինքն՝ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Հայաստանի իշխանությունների վրա է հիմնական անելիքը: Կկարողանա՞ն իրականացնել այդ բարեփոխումները, իրավիճակ կփոխվի՞:

- Առաջինը Սերժ Սարգսյանը պետք է դա հասկանա ու հեռանա: Նա պետք է հասկանա, որ կյանքում չի անելու այդ բարեփոխումները, դրա համար ավելի լավ է հեռանա: Դա լավագույն տարբերակն է: Նա հեռանում է, և արդեն գործընթացներ են սկսվում: Եթե  Սերժ Սարգսյանը չուզենա հեռանալ, այդ ժամանակ, իհարկե, ավելի բարդ խնդիրների առաջ կկանգնի:

- Եթե Հայաստանի իշխանություններն ի վիճակի չէին այդ բարեփոխումներն իրականացնելու, ինչո՞ւ գնացին ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը:

- Ստորագրել են, որովհետև իրենք չեն որոշել, դա իրենց պարտադրվել է: Այս մարդիկ, եթե նկատել եք, ապրիլյան պատերազմից հետո որևէ բան չեն որոշում, գործում են ուրիշ պետությունների թելադրանքով ու շահերով: Բնական է, այս հարցն էլ իրենք չեն որոշել:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am