«Պարզվում է, որ երկրում կա տնտեսական աճ, բայց քեզ, եղբայրս, դա չի վերաբերում». Ռուբեն Բաբայան

10-01-2018
5939 դիտում
«Պարզվում է, որ երկրում կա տնտեսական աճ, բայց քեզ, եղբայրս, դա չի վերաբերում». Ռուբեն Բաբայան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

- Պարո՛ն Բաբայան, հունվար 1-ից թանկացումներ են սկսվել, և «Ելք» դաշինքն արդեն բողոքի ենթ է նախաձեռնել։ Ձեր կարծիքով` Հայաստանում սոցիալական վիճակի վատթարացման հետևանքով կարո՞ղ է սոցիալական բունտ կամ ընդվզում հասունանալ։ Ընդհանրապես, փողոցային պայքարով հնարավո՞ր է որևէ հաջողություն ակնկալել։

- Սոցիալական խնդիրն այնպիսին է, որ երբեք չգիտես, թե այդ բունտը ե՛րբ կառաջանա, նա շատ հաճախ անսպասելի է ծագում։ Ամենակարևորն այն է, թե դա ի՛նչ բնույթ կստանա, ի՛նչ շարունակություն կունենա։ Ես կարծում եմ, որ մեր երկրի պարագայում, որը շուտով կբոլորի իր 30-ամյակը, մեր ամենա-ամենաթերի կողմերից մեկը այն է, որ մենք մինչև հիմա չունենք անկախ արհմիություններ, որոնք իրականում կարող էին զբաղվել այդ հարցերով, արձագանքել հասարակական բողոքին, դառնալ հզոր ուժ և ամեն ինչը չթողնել միայն քաղաքական ուժերի վրա։ Դա շատ կարևոր է, որովհետև քաղաքակիրթ, զարգացած պետություն դառնալու համար ոչ պակաս դեր են խաղում արհմիությունները, պաշտպանվածությունը, որ մարդը պետք է զգա ու հասկանա, որ իր բողոքը պարտադիր չէ, որ քաղաքական բնույթ կրի։

Երբեմն դա սոցիալական բողոք է, ու այդ ժամանակ այդ զայրույթը դառնում է շատ ավելի հզոր։ Այլ բան է, որ դրանք փոխկապակցված են, և շատ հաճախ մեկը վերածվում է մյուսի, բայց նման ուժեր, նման կազմակերպվածություն, որոնք պաշտպանում են մարդու սոցիալական իրավունքները, պարտադիր պետք են։ Առանց դրանց մենք երբեք չենք կայանա որպես պետություն, որովհետև սոցիալական պաշտպանվածությունը նաև մարդու իրավունքների պաշտպանությունն է։ Մենք շատ հաճախ մարդու իրավունքը սահմանափակում ենք խոսքի ազատությամբ, բայց մարդու ամենակարևոր իրավունքներից մեկը մարդավայել ապրելն է։

Ես չգիտեմ՝ ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց կարծում եմ, որ ձայնը, որ պետք է բարձրացվի, շատ արդարացված է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանում, բացի մի քանի ընտանիքներից, կան մարդիկ, որոնք իրենց վրա չեն զգում այս թանկացումները։ Բենզինի ու դիզվառելիքի թանկացումը, պարզ է, որ իր հետևից շղթայական բերելու է նաև մնացած ապրանքների ու ծառայությունների թանկացման։ Առավել ևս, որ մենք ստացել ենք հավաստիացում, որ աշխատավարձերի ու թոշակների որևէ բարձրացում չի լինելու։ Պետության քաղաքակիրթ լինելը նախևառաջ որոշվում է նրանով, թե ինչպես է նա վերաբերվում ծերերին, երեխաներին, անպաշտպան խավերին։ Այս իմաստով մենք շատ տխուր վիճակում ենք, ամենաանպաշտպան զանգվածը մեզ մոտ պարզապես խայտառակ վիճակում է։ Եվ այնպիսի տպավորություն է, որ սա բեռ է պետության վրա, որից ուզում է շուտ ազատվել, բայց ինքն էլ չգիտի` ինչպե՛ս։

- Իշխանությունները պնդում են, թե ԱՊՀ երկրների տարածքում միայն Հայաստանն է այսպիսի տնտեսական աճ ապահովել (7 տոկոսից ավելի)։ Նաև նշում են, որ բունտը, ապստամբությունը ոչ մի լավ տեղ չեն տանում։ Արդյոք որևէ քայլ արե՞լ է իշխանությունը բունտի նախադրյալները չեզոքացնելու համար։

- Իհարկե, բունտն ու ապստամբությունը ոչ մի լավ տեղ չեն տանում, բայց չի կարելի ասել, որ դա լավ ճանապարհ չէ, և դրանով ամեն ինչ սահմանափակել։ Պետք է ձեռնարկել այնպիսի քայլեր, որ նման բան չլինի։ Մարդիկ նորմալ վիճակից դուրս չեն գալիս փողոց։ Ի վերջո, բոլորս աչքեր, ականջներ ունենք, կարող ենք կարդալ, լսել այդ հոյակապ զեկույցները տնտեսական աճի մասին։ Մենք ամեն օր տեսնում ենք այդ թանկացումները, օրեցօր վատթարացող սոցիալական վիճակը։ Մարդը սովոր է ինքն իրեն հավատալ, հավատալ սեփական աչքերին։

Սա սիրո խոստովանություն չէ, որ երկար ժամանակ խաբես, ի վերջո գալիս է մի պահ, որ այդ ամենը պետք է իրական քայլերով ապացուցես։ Եթե կա տնտեսական աճ, բայց չեն բարձրանում թոշակները, եթե կա տնտեսական աճ, բայց նվազեցնում են առողջապահությանը, գիտությանն ու կրթությանը, մշակույթին ուղղված գումարները, այդ դեպքում ինչի՛ է պետք այդ տնտեսական աճը։ Եթե խոսքը միայն զինված ուժերը պաշտպանելու մասին է, բարի, այդ ժամանակ եկեք ասենք, որ մենք ունենք միակ կարևոր խնդիրը՝ բանակը, և այդ ժամանակ բոլորը դառնում են հավասար, ինչպես դա արվում էր պատերազմական Անգլիայում, երբ մեքենաներ էին առգրավում, որովհետև դա պետք էր բանակի համար։ Մեզ մոտ ամեն ինչ կիսատ-պռատ է, վստահություն չներշնչող։

- Ինչո՞ւ չկան քաղաքացիական շարժումներ, թեև 2015-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ մեծ բողոքի ալիք բարձրացավ։ Ինչո՞ւ չեն բարձրացնում բողոքի ալիք։

- Տխուր բան պիտի ասեմ, չգիտեմ՝ որքանով եմ ճիշտ, որքանով սխալ, կարծում եմ՝ բողոքի ձայն հաճախ չի բարձրանում, որովհետև մարդիկ սկսել են սեփական կենսագրությունն այլևս չկապել սեփական երկրի կենսագրության հետ, և ինքնուրույն լուծել այդ հարցը, միգուցե արտագաղթելով կամ այլ կերպ, հասկանալով, որ իրենց բարեկեցությունն անմիջականորեն կապված չէ երկրի բարեկեցության հետ։

Եվ կարծում եմ այն գովազդը, որ արվում է տնտեսական աճի մասին, իրականում աշխատում է հենց այդ վատ գաղափարի վրա, որովհետև պարզվում է, որ երկրում կա տնտեսական աճ, բայց քեզ, եղբայրս, դա չի վերաբերում։ Երկրի բարգավաճումը և քո բարգավաճումը գտնվում է տարբեր դաշտերում, և սա շատ վտանգավոր է։

Ես մի մարդ եմ, ով կյանքի կեսն ապրել է Սովետական Միությունում, և հոյակապ գիտեմ, թե ինչպես կարելի է թվերով խաբել մարդկանց, բայց նույնիսկ եթե դա այդպես է, շատ վատ է։ Սա նշանակում է, որ երկրի զարգացման, տնտեսական աճի հետ, մենք՝ հասարակ քաղաքացիներս, որևէ կապ չունենք, և երկիրը կապ չունի մեր սոցիալական պահանջների հետ, թոշակառուների սոցիալական պահանջների հետ, մշակույթի, կրթության, գիտության, առողջապահության... և չի կարելի այս ձևով երկիրն անջատել քաղաքացիներից։

- Ինչո՞ւ մեզ մոտ բունտի չի հասնում պատմությունը, ու ինչո՞ւ են մարդիկ գրեթե միշտ հանդուրժում ամեն ինչ, ներառյալ անընդհատ տեղի ունեցող թանկացումները։

- Մենք չափից ավելի իմաստուն ենք (ծիծաղում է)։

- Նաև հանդուրժո՞ղ...

- Չէի ասի հանդուրժող, հանդուրժողը նաև կենցաղում կերևար։ Կենցաղում մենք այդքան էլ հանդուրժող չենք։ Մենք հաճախակի շատ ավելի, իրենից որևէ բան չներկայացնող դեպքերում այնպիսի անհանդուրժողականություն ենք ցուցաբերում, որ զարմանալ կարելի է ։ Եվ չեմ կարծում, թե սա հանդուրժողականության հարց է։ Կարծում եմ՝ այստեղ կա նաև գիտակցում, նաև համեմատություն տարբեր երկրների հետ, որտեղ հրաբխի պես բունտ է եղել, և արդյունքում ավելի է բարդացրել վիճակը։ Բայց սա որևէ մեկին չի արդարացնում։

- Ամեն ինչ մի օր կարող է պայթե՞լ, եթե այսպես շարունակվի։

- Այս ամենը շատ անկանխատեսելի է։ Հետո, իհարկե, կսկսեն սա վերագրել տարբեր արտասահմանյան կենտրոնների, կկապեն ինչ-որ անձնավորության հետ։ Հարևան Իրանի և մյուս երկրների օրինակով մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր ինքնաբուխ դրսևորում միշտ փորձում են կապել արտաքին ուժերի հետ։ Սրա մեջ ևս շատ վիրավորական բան կա սեփական քաղաքացիների հանդեպ։ Մարդուն երբեք հնարավոր չէ հրահրել, եթե ներքուստ նա բավարարված է։ Ինչի՞ց է պետք սկսել. կարծում եմ` պետք է դադարել ստել, հետո արդեն ստիպված կլինես ճշմարտությունն ասել։ Քանի դեռ սուտը հալած յուղի պես անցնում է, դա ոչ մի լավ բանի չի բերի։

- Քաղաքական ուժերը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, վստահություն չեն վայելում, կարո՞ղ են մոբիլիզացնել հանրությանը։

- Կախված է նրանից, թե որքանո՛վ նրանց ներկայացրած պահանջները համահունչ կլինեն այդ զանգվածների բողոքին կամ պահանջներին, որովհետև քաղաքական ուժը այն ուժն է, որը շատ լավ զգում է հասարակության զարկերակը, և ես որևէ վատ բան չեմ տեսնում, երբ քաղաքական ուժը շատ արագ փոխում է իր վեկտորը։ Ո՞ւմ են պետք այն քաղաքական ուժերը, որոնք չեն արձագանքում հասարակության պահանջներին։ Եթե իրական պետություն է, քաղաքական ուժերը պարտավոր են շատ արագ կողմնորոշվել և զգալ, թե ինչո՛վ է առաջնորդվում հասարակությունը, ի՛նչ պահանջներ ունի, և դրան տալ քաղաքակիրթ ձև։ Եվ եթե լինի բունտ կամ հասարակ երթ, չիմանալով քայլերի հաջորդականությունը, տեղափոխվի զուտ էմոցիոնալ դաշտ, այդպես էլ էմոցիոնալ  դաշտում կհանգչի, կգտնվեն մի քանի մեղավորներ, հետո բոլորին կներեն, մի քանիսին չեն ների, կլինեն հաստատ անմեղ զոհեր, և դրանով ամբողջ պատմությունը կավարտվի, և մենք կասենք, որ ոչինչ չստացվեց։ Ինչ-որ բան ստացվելու համար պետք է ինչ-որ բանի վրա լավ աշխատել, մտածել։

Մանե Հարությունյան

MediaLab.am