«Ժաժիկ-ժաժիկ» նոր երգ. Երգահան ՄիՔոն զգուշացնում է՝ ««պարոնա՛ յք», մտածե՛ ք` վաղը-մյուս օրն ի՞նչ եք ուտելու»

10-01-2018
8155 դիտում
«Ժաժիկ-ժաժիկ» նոր երգ. Երգահան ՄիՔոն զգուշացնում է՝ ««պարոնա՛ յք», մտածե՛ ք` վաղը-մյուս օրն ի՞նչ եք ուտելու»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է երգահան, կատարող Միքայել Մարգարյանը (ՄիՔո):

- Միքայե՛լ, օրերս հանրության դատին հանձնեցիք «Ժաժիկ-ժաժիկ» երգը, որը հայերի ճոխ սեղաններ գցելու սովորությունն է կարծես քննադատում: Ո՞րն է այս երգի ուղերձը:

- Երկրում համատարած ուտոցի կա, ուտելը դարձել է գերխնդիր: Մարդկանց մի խավն այսօր օրվա հացի խնդիր է լուծում, մյուսն արդեն իրար է ուտում: Իսկ «գերագույն» խավն էլ բյուջեն կերել է, երկիրն է ուտում: Իմ ժանրին համապատասխան վերնագիր գտա ու... երգը ծնվեց: Ժաժիկը էժան գյուղական պանիր է, որով աղքատները կարող են կերակրել արդեն «կերած-խմածներին»:

-Ի՞նչն է պատճառը, որ հատկապես Ամանորին հայերը փորձում են ճոխ սեղաններ գցել: Աղքատության ցուցանիշները չեն նվազում, բայց մարդիկ ճոխ սեղաններ ունենալու մտքից չեն հրաժարվում, անգամ ասում են` վարկերով են Նոր տարի անում:

- Մեզանից սարքել են միայն ուտող ազգ: Ուտել ապրելու համա՞ր, թե՞ ապրել ուտելու համար: Այսօր ակտուալ է երկրորդ կարգախոսը։ Բոլոր ասպարեզներում այն դարձրել են նպատակ: Նոր տարին էլ առիթ է, որ այդ ճոխ սեղանը լինի։ Լավ ավանդույթ է, հարազատներով հանդիպում ենք, միմյանց հյուր գնում, բայց հայկական ամոթի զգացումից մղված ձգտում ենք, որ սեղանը անպայման ճոխ լինի: Հայկական թասիբը, որն ակնհայտորեն բթացել է, տվյալ պարագայում անպայման արտահայտվում է:

- Գուցե հասարակությունը «վերևների՞ց» է օրինակ վերցնում:

- Համոզված եմ, ամեն ինչ վերևից է գալիս: Երեկվա ընչամոլներն այսօր դարձել են իշխանություն։ Հիմա նրանք արդեն այլ մրցավազքի մեջ են` ո՞վ ավելի շատ բյուջե կուտի, ուրիշի աթոռ, ուրիշի գլուխ... Ես միշտ իմ երգերը փորձել եմ դրական նոտայով ներկայացնել, բայց իրականում թեմաների մեջ ողբերգություն եմ տեսնում, երգերումս մեծ ցավ կա:

- Այդ երգերը սուր բառեր ու ենթատեքստ ունեն, ճնշումներ չկա՞ն ձեր նկատմամբ:

- Ո՛ չ, ինձ թվում է՝ դեռ ինձ այդքան լուրջ չեն ընդունում: Իմ առաջնային նպատակն այն չէ, որ «նրանք» անհանգստանան: Ինձ պետք է, որ ժողովուրդն ավելի շատ բան հասկանա, ես ցավում եմ իմ ազգի համար: Ուզում եմ, որ մարդիկ Նոր տարվա սեղանից ու Սուրբ Ծնունդից այն կողմ տեսնեն, հասկանան, որ երբ այս տոներն անցան, էլի մնալու են կարտոֆիլի հույսին:

- Ի դեպ, կարտոֆիլի թեման վերջերս բուռն քննարկումների թեմա էր: Կարծես իշխանության ներկայացուցիչները բացահայտ ծաղրո՞ւմ են աղքատ խավին:

- Եթե ժամանակին տգետ խուլիգաններով էին լեցուն մեր կառավարությունը և Ազգային ժողովը, այսօր ցինիկ ապուշներ են բերել ու խոսքի իրավունք տվել: Եթե ժողովուրդը թույլ տա, դա շարունակվելու է և ծաղկելու է: Այստեղ է հարկավոր թասիբը, ամենքս գոնե մեր ձևով պետք է ընդվզենք: Խուլիգանների հարցերը չլուծած` ստիպված ենք «կամիկաձե» նախարարների խաղերը խաղալ:

-Իսկ ինչո՞ւ այս պայմաններում մարդիկ չեն ընդվզում: Մենք տեսանք, որ 2017 թվականը պայքարի առումով հանգիստ տարի էր:

-Միանշանակ դա եղեռնի հետևանք է, որը տարիներով իրականացվում է ժողովրդի նկատմամբ: Դա կրթամշակութային եղեռն է, մարդկանց մեջ ոչնչացնում են արժեքներ, ինքնապաշտպանության ռեֆլեքսներ, բարոյականությունից ու ինքնասիրությունից են զրկում: Սակայն համոզված եմ՝ ազգիս օրգանիզմում, շատ խորունկ ինչ-որ տեղ հասունանում է այն սերմը, որն ի վերջո իր հուժկու ժայթքելու է` կյանք տալով Նոր Հայաստանին։ Զգուշացե՛ ք, «պարոնա՛ յք», մտածե՛ ք` վաղը-մյուս օրն ի՞նչ եք ուտելու։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am