«Իրավապահ համակարգը, երբ պետք է իշխանությանը, ամբողջությամբ անպատժելի է, և մենք մինչև հիմա դա ենք տեսել». իրավապաշտպան

12-01-2018
6793 դիտում
«Իրավապահ համակարգը, երբ պետք է իշխանությանը, ամբողջությամբ անպատժելի է, և մենք մինչև հիմա դա ենք տեսել». իրավապաշտպան

Հունվարի 8-ին Սայաթ-Նովայի պողոտա-Աբովյան փողոցի խաչմերուկում ողբեգական ավտովթարը ոստիկանության երկու ծառայողների՝ 28-ամյա Արեգ Դավթյանի և 33-ամյա Խաչիկ Գասպարյանի կյանքը խլեց: BMW X6-ի վարորդը, որ դեպքի վայրից դիմել էր փախուստի, Ճվճըվ Արո մականունով Արա Վարդանյանի որդին է՝ Սարգիս Վարդանյանը, ով պարբերաբար մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել, պարբերաբար իրավախախտումներ է կատարել և մնացել անպատիժ։ Հայաստանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր. «Հասարակությունում վխտացող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը և շարունակում է պատժել»։

Հունան Պողոսյանը չի համաձայնել այն տեսակետին, որ ժամանակին իրավախախտումներ կատարած անձինք պատասխանատվության չեն ենթարկվել, ինչի պատճառով վարորդական իրավունք չունեցող անձի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով զոհվեց երկու ոստիկան:

«Իրավապահ մարմինների մեղքի վերաբերյալ ես գնահատական տալու իրավասություն չունեմ։ Ես ոստիկանության մասով ասել և ասում եմ՝ ոստիկանությունը հստակ մեղքի բաժին չի ունեցել, բարձրացրե՛ք նախկին տարիներին կատարված վարչական միջադեպերը, քրեական դեպքերը, միշտ ոստիկանությունը կոնկրետ այս վիժվածքներին պատժել է, և շատ հաճախ լրատվամիջոցները, ես չեմ ուզում կոնկրետ որևէ մեկին մեղադրել, բայց հիշում եմ, որ լրատվամիջոցներից ոմանք սրանց նույնիսկ պաշտպանում էին»,- ասել է Հունան Պողոսյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանից «Մեդիալաբը» հետաքրքրվեց՝ արդյոք Հունան Պողոսյանի ասածից կարելի՞ է ենթադրել, որ կա ոստիկանություն-քննչական կոմիտե հակասություն։ Իրավապաշտպանի խոսքով՝ նրանք միշտ էլ ունենում են հակասություններ, դրանք նրանց ներքին հակասություններն են, բայց թե ի՛նչ է դա տալիս հանրությանը` ոչինչ։

«Իրենց ներքին խնդիրներն են, և այնպես չէ, որ հանրությունը վստահ է, թե ոստիկանությունն ամեն ինչ բացահայտում է, և հիմա հանկարծ հայտնաբերվել է՝ ո՛վ է չբացահայտողը։ Իրավապահ համակարգում բոլորն աշխատում են նույն ոճով, և մենք երբևէ առիթ չենք ունեցել առանձնացնելու, որ ոստիկանությունն ինչ-որ բան է բացահայտել։ Ոստիկանությունը չի փայլում բացահայտումներով, բայց ես չեմ ուզում հիմա քննադատության թիրախ դարձնել ոստիկանությանը։ Հասկանում եմ նրանց, ողբերգական դեպք է տեղի ունեցել, և սա առաջին հերթին հարվածում է ոստիկանությանը»,- ասաց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանը նշեց, թե հույս չի ունեցել, որ Սարգիս Վարդանյանը կկալանավորվի. «Իհարկե չեմ կարող ասել՝ որքան ժամանակով։ Թող արդարադատություն պահանջեին, օրենքին հետևեին, ոչ թե մեղադրեին և անեն այն, ինչ պետք է անեն։ Եվ ոստիկանների ընտանիքներին միայնակ չթողնեն։ Ես մտավախություն ունեմ, որ հետագայում նրանք միայնակ են մնալու, և ամբողջ ողբերգությունը հենց իրենք են կրելու, ինչը շատ ցավալի է»,- ասաց նա։

Հարցին՝ որքանո՞վ են ոստիկանության և քննչական կոմիտեի աշխատանքները տարբերվում իրարից արդյունավետության տեսանկյունից, նա նշեց, որ տարբերություն չկա, քննչական կոմիտեն ուղղակի բացահայտորեն կոծկում է հետքերը, քաղաքական դեպքերում էլ անում են այնպես, ինչպես իջեցված է պատվերը։

«Քննչական կոմիտեն, որ զբաղվում է զինվորական և այլ գործերով, մենք չենք տեսնում բացահայտումներ, և այնպես չէ, որ ոստիկանությունը մեզ ցույց տվեց, թե ո՛վ է վատ աշխատում, ոստիկանությունն էլ իհարկե իր բացերն ունի։ Անպատժելի համակարգեր են։ Իրավապահ համակարգը, երբ պետք է իշխանությանը, ամբողջությամբ անպատժելի է, և մենք մինչև հիմա դա ենք տեսել։ Այս դեպքով այնքան մեծ աղմուկ բարձրացավ, որ իշխանությունը չկարողացավ չկալանավորել կրիմինալ հեղինակության որդուն: Հիմա ոստիկանությունը թող բացահայտ հայտարարի, թե ինքն ի՛նչ է ուզում։ Այն, ինչ ինքն ուզում է հայտարարի, դա այն չէ, որ քննչական կոմիտեն չի անում այդ գործը»,- հավելեց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի դիտարկմամբ՝ Հայաստանում գոյություն ունի արդարադատության երաշխավոր Սերժ Սարգսյանը, այս աղմուկը նա լսում ու տեսնում է, թող իր խոսքն ասի, թող ոստիկանությունը պահանջ ներկայացնի, ինչը երբեք չի անի։

Նրա խոսքով՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո թեև հույս կար, որ Հայաստանում ինչ-որ բան է փոխվելու, քանի որ առաջին հերթին դատաիրավական բարեփոխումների հարցն է, կոռուպցիայի դեմ պայքարն է, հիմա մենք տեսնում ենք, որ դեպքերը տեղի են ունենում, և ոչինչ չի փոխվում, և այդպիսի ակնարկ էլ չկա, որ կարող է փոխվել։

«Վարդան Պետրոսյանին ծանր վիրահատությունից հետո ոստիկանությունը բռնի ձևով քարշ է տվել, որ կալանավորի, բայց այս դեպքում թող աղմուկ բարձրացնեին, թող խոսեին կալանավորման մասին, ո՞վ է իրենց զսպում, բայց շրջանակը գծված է, չէ՞, թե ով ինչքան կարող է խոսել»,- հիշեցրեց Ժաննա Ալեքսանյանը։

Մանե Հարությունյան

MediaLab.am