Վիգեն Սարգսյանի ուրիշ բանակը կրկին մեր փողի կարիքն ունի

14-01-2018
8266 դիտում
Վիգեն Սարգսյանի ուրիշ բանակը կրկին մեր փողի կարիքն ունի

Խելագարությունը ճաքեր չի տալիս: Չես կարող այնտեղ բանականության հատիկ խցկել: Թեկուզ որպես «համակարգչային» վիրուս: Որպեսզի ուտի խելագարությունը:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կոչ է հրապարակել, որով բուժման կարիք ունեցող զինվորի համար փող է խնդրում: 1000 դրամներն այդ զինվորի վրա չեն տարածվում, որովհետեւ 2017-ի հունվարի 1-ից վաղ է վիրավորվել:

Իսկ եթե հանկարծ հավաքվեց այդ 45 հազար դոլարը, որն այդ զինվորի համար չարքաշ քաղաքացուց խնդրում է շքեղագույն կյանքով ապրող Վիգեն Սարգսյանը, ի՞նչ մտածի Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ 19-ամյա Դավիթ Բաղիկյանի հայրը, որը բանակում գլխից հաշմանդամ դարձած որդու համար ՊՆ-ից դեղի փող էր խնդրում ու գրավոր ստանում մերժումը՝ ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ: Այս մեծատառով գրված «Ձեր»-ը դագաղին խփվող ոսկե մեխ է, ընկեր ՊՆ ԶՍՊ վարչության պետ Առուշանյան: Դուք էս ի՞նչ եք անում:

Ինչու՞ Դավիթ Բաղիկյանի համար հանգանակություն չեք կազմակերպում, եթե 1000 դրամները նրա վրա չեն տարածվում միայն այն պատճառով, որ 2017-ի հունվարի 1-ից շուտ է վիրավորվել, ինչպես Ալբերտը: Օրենքից անտեղյակ քաղաքացին նախարարի օգնության կոչի տակ գրում է. «1000 դրամները պրծա՞ն, թե թազա բոշայության ձեւ է»: Նախարար Վիգեն Սարգսյանն անձամբ է պատասխանում. «Բոշան դու ես»:

Քաղաքացին բոշա բառը դարձրել է վիրավորանք, ինչպես թուրքերն են «հայ» բառը կիրառում որպես վիրավորանք: Նախարարը դա չի հասկացել: Նա չգիտի, որ բոշաները հայախոս քրիստոնյա գնչուներ են: Դա իր հերթին: Նա վիրավորում է քաղաքացուն՝ հարկատուին: Ինքը դրա իրավունքը չունի: Ինքը պետք է թողնի իր աթոռը հենց միայն վիրավորելու պատրաստակամության համար: Որովհետեւ քաղաքացին կարող է նաեւ էթիկայի ու մտքի հետ կապված խնդիրներ ունենալ: Քաղաքացին մտավոր առողջության խնդիրներ ունենալու սահմանափակումներ չունի: Նախարարն ունի: Եթե անգամ քաղաքացին հարկատու չէ, նա ընտրող է: Նշանակում է՝ իշխանություն բաշխող:

Նախարարի մամուլի քարտուղարն իր հերթին է վրիպում: Պետական աշխատավարձ ստացող մամուլի քարտուղարը նախարարի կոչին լուրջ չվերաբերվող քաղաքացիներին ծաղրում է հետեւյալ բառերով. «Ամեն մեկին թվում է, թե մի քանի հազարով մի քանի զինծառայողի օգնելով պետությունից ու նախարարությունից շատ են օգնել մարդկանց»: Չեղավ: Մի այլ կերպ չեղավ: Տղերք, դուք ձեր գրպանի՞ց եք օգնում: Դարձյալ պետության փողերը չե՞ն: Այսինքն, էդ նույն քաղաքացու փողերը չե՞ն, որին ծաղրում եք:

Եկեք էս գլխից որոշենք՝ եթե մենք ենթակա ենք ծաղրի, բանակի զինվորներին որտեղից ուզում եք ճարեք: Դուք գուցե ապագա կամ նախկին զինվորին եք ծաղրում, նրա հորը, մորը, եղբորը կամ քրոջն եք ծաղրում: Եվ նա, ասում եմ ձեզ, պարտավոր չէ ձեր զսպվածությունն ունենալ, նրան դրա համար չեն վճարում, այդ առիթով օրենքի որեւէ կետ չկա, նա էթիկայի որեւէ հանձնաժողովի առաջ պատասխանատու չէ, նա ոչ մեկից ստացած գումարները չի մսխում: Նա պարզ դիրքորոշում է հայտնում: Նա գուցե իր էմոցիոնալ պատճառներն ունի,  որոնք պոռթկալու միակ ամբիոնն են գտել: Իշխանության հանդեպ քաղաքացու անհավատության համար ո՞վ պետք է պատասխան տա՝ խաչքավո՞րը:

Ֆեյսբուքում նախարարի պաշտպանները գրում են՝ չեք ուզում օգնեք, մի օգնեք, ինչու՞ եք անլուրջ վերաբերվում, վատաբանում: Ընկերներ, այսքան ժամանակ չհասկացա՞ք: Ի՞նչ կապ ունի Ալբերտն այս ամենի հետ: Վիգեն Սարգսյանը ներկայանում է իբրեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամ, որպեսզի զինվորին հաշմելու բանակային թողտվությունը կոծկի մեր մարդասիրությամբ:

Որպես էդ մարդասիրության արանքի գովազդային ընդմիջում Թոխատյան Հրանտն է խոստանում 1000 դոլար փոխանցել, Աշոտյանն է գրում՝ Վիգեն ջան: Իբր՝ լավ բան է անում, տեր եղեք:

Աշոտյանը հո գիտի՞, թե ինչ շքեղ կյանքով է ապրում պարոն Վիգենը Հյուսիսային Պողոտայում: Ինքն էլ՝ ոչինչ: Միայն կոռուպցիայի ու կեղծիքների մեջ հաջողած երկրում բարեգործությունն ինքնականիբալիզմ է: Մարդասիրական էս կեղծիքով մեջ ինքը մեզ առաջարկում է ուտել հենց մեզ, եւ որպես գումար տվող, եւ որպես գումար չտվող: Որպես տվող մենք պետությանն ազատում ենք էդ զինվորի հանդեպ պարտքից, որպեսզ չտվող դառնում ենք զինվոր սպանող: Իսկ դա մարսվող բան չէ:

Մհեր Արշակյան

MediaLab.am