«Շատերն ինձ փորձել են կոտրել, իսկ ես դրանից ավելի ուժեղ եմ դարձել, ավելի նպատակասլաց և վստահ». Edgar Artis. «Ալամեզոն» Բլոգ

14-01-2018
2178 դիտում
«Շատերն ինձ փորձել են կոտրել, իսկ ես դրանից ավելի ուժեղ եմ դարձել, ավելի նպատակասլաց և վստահ». Edgar Artis. «Ալամեզոն» Բլոգ

«Ինստագրամում» գրանցվածները և նորաձևության, արվեստի սիրահար բազում երիտասարդներ են հետևում Edgar Artis-ին: Հայազգի երիտասարդն ապրում է նորաձևության մայրաքաղաք Փարիզում և անհավանական իլյուստրացիաներ է անում։ Էդգարն ունի հիրավի միջազգային ճանաչում, ավելի քան 700 հազար հետևորդ «Ինստագրամում»։ Բնականաբար ես էլ, լինելով նրա արվեստի գնահատող, չէի կարող առիթը բաց թողնել և հարցազրույց չվարել Էդգարի հետ:

- Դուք խիստ յուրահատուկ միջոց եք գտել ձեր հույզերն ու զգացմունքները արտահայտելու, արվեստի մեջ ինչպե՞ս է կոչվում այն ուղղությունը, որով դուք ստեղծագործում եք:

- Չեմ կարող ասել, որ իմ ուղղությունը կոնկրետ անվանում ունի, քանի որ ես նորաձևությունը միախառնել եմ ամենօրյա կիրառման առարկաների և սննդի հետ ու ստեղծում եմ կոլաժներ, որոնք իրենց հերթին հետին թաքնված միտք ունեն։ Ուղղակի ցանկանում եմ ցույց տալ, թե որքան բան կարող ես ասել ամենահասարակ առարկաների օգնությամբ։

- Ի՞նչը ձեզ տարավ դեպի արվեստը, երբ հասկացաք, որ հայտնվել եք այնտեղ, որը լիովին ձերն է։ Ինչի՞ց սկսվեց հեքիաթը։

- Նկարել սկսել եմ մանկուց։ Դա արդեն իմ հոբբին էր, երբ փորձեցի վերածել մասնագիտության։ Իսկ նորաձևությունը ես միշտ եմ սիրել: Մարդիկ սիրեցին իմ գործերը, և իլյուստրացիաները մեծ ճանաչում ձեռք բերեցին։ Իսկ երբ IFA Paris-ը (Փարիզի Նորաձևության միջազգային ակադեմիան.- հեղ.) ևս գնահատեց իմ ձիրքը, և ինձ հրավիրեցին իրենց մոտ անվճար ուսանելու, այնժամ հասկացա, որ ճիշտ տեղում եմ և ճիշտ ուղու վրա։ 

- Վաղուց է, ինչ ապրում եք Փարիզում, և ինչո՞ւ հենց Փարիզ, պատահականությո՞ւն էր Ֆրանսիա տեղափոխվելը, թե՞ ոչ։ 

- Ինչպես արդեն ասեցի, ընտրությունն իրոք պատահական էր, հրավերը՝ ևս, չէի սպասում: 

- Ձեր իլյուստրացիաներում երևում է, որ սիրում եք Փարիզը, ինչպիսի՞ն է ձեր կյանքը Փարիզում, այն ձե՞ր քաղաքն է:

- Իմ կյանքը Փարիզում բավականին հետաքրքիր է, լի նորաձևությամբ, թանգարաններով և հետաքրքիր մարդկանց հետ շփումով։ Դրա հետ մեկտեղ բավականին ծանրաբեռնված եմ ուսմամբ։ Չեմ կարող ասել, որ Փարիզն իմ քաղաքն է, բայց ես ինձ այստեղ շատ լավ եմ զգում։

- Ձեր արվեստը շատ հետաքրքիր ու ընդգրկուն է, և նկարազարդումներից զատ զբաղվում եք նաև երաժշտությամբ։ Երաժշտությունը գալիս է շարունակելու գույների՞ն:

- Երաժշտությամբ այլևս չեմ զբաղվում։ Դա մի երազանք էր, որ այդպես էլ երազանք մնաց, թախծոտ, բայց միևնույն ժամանակ ուրախ հիշողություն։

- Ձեր արվեստը կապ ունի՞ ոճի և նորաձևության հետ, որտեղի՞ց եք գտնում ներշնչանքը, ինչպե՞ս եք ընտրում այն տեքստուրան, ինչից պիտի լինի հագուստը։

- Իհարկե, քանի որ ես հենց նորաձևություն եմ սովորում։ Իմ դասախոսներն ինձ սովորեցնում են նորաձևության գաղտնիքները, և քանի որ դու դրա մեջ ես, բավականին արագ պատկերացում ես կազմում՝ ի՞նչ ստեղծել, ի՞նչ տեքստուրայով։ Ներշնչվում եմ ամեն ինչից, ամենակարևորը՝ էմոցիաներից։

- Ձեր վիդեոները YouTube-ում բարձր դիտումներ ունեն, վիդեոներից մեկն ավելին քան 6 մլն դիտում ունի, ունեք T-shirt-երի հավաքածու վաճառքի, արդյոք կտեսնե՞նք ձեզ որպես մոդելավորող հետագայում, առհասարակ, ապագայի ի՞նչ պլաններ ունեք: 

- Հուսով եմ՝ կտեսնեք։ Ես շատ եմ աշխատում այդ ուղղությամբ։ Ապագայի պլանները և երազանքները շատ մեծ են։ Բայց հիմա ես ուղղակի վայելում եմ ներկան և սովորում եմ այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար։ Ես հավատում եմ հրաշքներին և հավատում եմ իմ ուժերին։

- Դուք երիտասարդ և արդեն հաջողության հասած տաղանդավոր արվեստագետ եք, որ կարողացել է ճանաչման արժանանալ այնպիսի քաղաքում, ինչպիսին Փարիզն է։ Ո՞րն է ըստ ձեզ հաջողության հասնելու ձեր գաղտնիքը, ի՞նչն է ձեզ ոգեշնչել, որ կանգ չառնեք ու առաջ գնաք։ Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստանն այսօր, երիտասարդներին, ոճը, ընկալումները։ Նորաձևության և գույների ընկալման առումով հայ երիտասարդների մասին ի՞նչ կարծիք ունեք:

- Մեր երիտասարդները գեղեցիկ են, սիրում են իրենց հետևել: Շատ կարևոր է և շատ լավ գեղեցիկ և խնամված լինել նաև առօրյայում։ Մեր երիտասարդների մոտ բավականին առաջընթաց կա նորաձևության հարցում։ Իսկ ամենակարևորը՝ նորաձևությանը գերի չդառնալն է։

Հաջողության հասնելու գաղտնիքը քրտնաջան աշխատելն է, կատարելագործվելը, բայց ամենակարևորը վստահությունն է և հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Ամեն ինչ հնարավոր է։ Շատերն ինձ փորձել են կոտրել, իսկ ես դրանից ավելի ուժեղ եմ դարձել, ավելի նպատակասլաց և վստահ։ Ինձ ոգեշնչել են իմ ապրումները, իմ կյանքի այդ փորձը:

Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog