«Մեկուկես տարի է՝ ասում ենք՝ խնդրում ենք բացատրել, ի՞նչ հանցանք է կատարել Կարո Եղնուկյանը, որպեսզի մենք պաշտպանվենք, չեն բացատրում». փաստաբան

16-01-2018
7852 դիտում
«Մեկուկես տարի է՝ ասում ենք՝ խնդրում ենք բացատրել, ի՞նչ հանցանք է կատարել Կարո Եղնուկյանը, որպեսզի մենք պաշտպանվենք, չեն բացատրում». փաստաբան

Քաղաքական հայացքների համար կալանավորված Կարո Եղնուկյանին հոգեբան չեն տրամադրում, նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանն առաջիկայում այս հարցով կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մեդիալաբի» հետ զրույցում այս մասին ասաց Տիգրան Հայրապետյանը՝ ներկայացնելով վերջին զարգացումները: Ըստ նրա՝ դատարանի շենք տեղափոխելուն պես Եղնուկյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է: Դա հոգեբանական վիճակ է, իսկ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը արգելում է հոգեբանի հանդիպումը Եղնուկյանի հետ:

«Եղնուկյանն ամեն դատական նիստի ընթացքում դատարանում վատանում է, նրա ճնշումը կտրուկ բարձրանում է մինչև 190-220, եղել է դեպք` մինչև 260 է բարձրացել: Կրիզիսն իր մոտ տեղի է ունենում այն ժամանակ, երբ նրան մտցնում են նիստերի դահլիճ: Կալանավայրում նրա ճնշումը նորմայի սահմաններում է, բայց հենց նրան բերում են նիստերի դահլիճ, միանգամից բարձրանում է»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորմանը սատարելու՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելուն աջակցելու, պատանդներ պահելու մեջ: Նա նախորդ տարվա հոկտեմբերից կալանավայրում ձեռք է բերել հիվանդություն, ճնշումը կտրուկ բարձրանում է՝ ստեղծելով ինֆարկտի կամ ինսուլտի ռիսկ:

Կարո Եղնուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ասում է, որ ինքը «Սասնա ծռեր» խմբավորման անդամ չէ: Նրա գործը քննվում է «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների գործի հետ: Եղնուկյանը տևական ժամանակ է՝ պահանջում է իր գործը տարանջատել, իրեն գրավով ազատ արձակել, պայմաններ ստեղծել, որ դատական նիստերն առանց իր ներկայության անցկացվեն, բայց մերժվում է:

Տեսնելով, որ ամեն անգամ դատական նիստերի ժամանակ Եղնուկյանի առողջական վիճակը վատանում է, վերջին երկու ամիսներին նրան չեն բերում նիստերի դահլիճ: «Կալանավայրից նրան ուղղակի բերում են դատարանի շենք, բայց չի բարձրանում նիստերի դահլիճ, մնում է դատարանի նկուղում: Այսինքն՝ նրան անտեղի բերում են դատարանի շենքի նկուղ, 8 ժամ պահում այդ ցուրտ ու խոնավ նկուղում»,- տեղեկացրեց փաստաբանը:

Սրտաբանի մոտ հետազոտությունների ժամանակ Կարո Եղնուկյանին նշանակվել էր հոգեբանի խորհրդատվություն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրա մոտ հոգեբանական խնդիր կա, հենց դատարանի դահլիճ մտնելուց հետո է առողջական վիճակը վատանում: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարել է միջնորդությունը, ըստ որի՝ Կարո Եղնուկյանին պետք է հոգեբանական աջակցություն ցուցաբերվի: Սակայն քրեակատարողական վարչությունը դատարանի որոշումն անհիմն է համարում և թույլ չի տալիս, որ հոգեբանն այցելի Եղնուկյանին:

«Նրան ուղղակի չպետք է տեղափոխեն դատարան, հենց տեղափոխում են նիստերի դահլիճ, առողջական վիճակը վատանում է: Հիմա մենք ցանկանում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի ՄԻԵԴ-ը գոնե ժամանակավորապես պարտադրի մեր իշխանություններին, որ նրան չտեղափոխեն դատական նիստերի դահլիճ, բայց ՄԻԵԴ դիմելու համար հոգեբանական եզրակացություն է պետք: Հենց հոգեբանը պետք է եզրակացություն տա, որ նա դատական նիստերի դահլիճում է վատանում»,- ասաց նա:

Տիգրան Հայրապետյանի խոսքով՝ անձը մահանում է, բայց քրեակատարողական վարչությունն ասում է՝ միևնույն է, նա պետք է գնա դատարան: Սա փաստաբանը լկտիություն է որակում:

Եղնուկյանին հոգեբան տրամադրելու համար ևս մեկ դիմում է ներկայացվել քրեակատարողական վարչություն, եթե սա էլ մերժվի, փաստաբանը կդիմի ՄԻԵԴ:

«Պետք է սկզբում դիմենք ու խնդրենք, որ պարտադրեն, որ մեր պետությունը թույլ տա հոգեբանը մտնի Եղնուկյանի մոտ: Իսկ երբ հոգեբանը կտա եզրակացություն, արդեն նորից կդիմենք ՄԻԵԴ, որ նրան գոնե ժամանակավոր չտեղափոխեն նիստերի դահլիճ: Իսկ կալանքից ազատելու հարցը արդեն ՄԻԵԴ-ում է»,- նշեց նա:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասում է, որ Եղնուկյանին առաջադրված մեղադրանքը շինծու է:

«Մեկուկես տարի է՝ ասում ենք՝ խնդրում ենք բացատրել, ի՞նչ հանցանք է կատարել Կարո Եղնուկյանը, որպեսզի մենք պաշտպանվենք: Չեն բացատրում, գրել են՝ դու օժանդակել ես «Սասնա ծռերին», բայց չեն մանրամասնում, թե ինչ է կատարել, որ օժանդակել է»,- ասաց փաստաբանը:

Երկրորդ խնդիրն այն է, որ նրա կալանքի բոլոր որոշումները, ըստ փաստաբանի, անհիմն են, չեն մանրամասնում, թե ազատության մեջ գտնվելով՝ Եղնուկյանն ինչո՛վ կարող է խոչընդոտել քննությանը:

Նշենք, որ Հայաստանի ու սփյուռքի 40 հեղինակավոր անձինք երաշխավորել էին և 1 մլն դոլար գրավ էին առաջարկում՝ Կարո Եղնուկյանին ազատ արձակելու համար, բայց դատարանն այդ միջնորդությունը մերժել է:

«Նրա գործը քննում են «Սասնա ծռերի» գործի հետ, բայց Եղնուկյանի մեղադրանքը որևէ մեկի մեղադրանքի հետ չի առնչվում: Նրա գործը կարող են առանձնացնել և արագ քննել, բայց արհեստական բերել ու կպցրել են այս գործին, որ անտեղի 5 տարի գնա-գա ու իր հետ կապ չունեցող գործի քննությանը մասնակցի»,- նշում է Տիգրան Հայրապետյանը՝ սա համարելով քաղաքական հետապնդում:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am