«Զինվորը չի վիրավորվել թշնամու գնդակից, հետևաբար այդ խնդիրը ամբողջովին և լիակատար ընկնում է ՊՆ-ի ուսերին». Անուշ Սեդրակյան

17-01-2018
6245 դիտում
«Զինվորը չի վիրավորվել թշնամու գնդակից, հետևաբար այդ խնդիրը ամբողջովին և լիակատար ընկնում է ՊՆ-ի ուսերին». Անուշ Սեդրակյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը:

- Տիկի՛ն Սեդրակյան, Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» կոչով դիմել էր հայ ժողովրդին, առաջարկելով օգնել դրամով՝ վիրավոր զինծառայողի բուժումն արտերկրում կազմակերպելու համար։ Սա բուռն արձագանք էր ստացել, նախարարը նաև վիրավորել էր մի քաղաքացու։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։

- Երեք խնդիր կա, որոնք միջազգային PR-ի տեսանկյունից ուղղակի ինձ հիմք է տալիս մտածելու, որ ինչ-որ բան կարգին չէ մեր հանրային համակարգողների աշխատանքի մեջ։ Ցանկացած հանրային համակարգող, հանրային խորհրդատու պետք է ֆիքսի երեք բացառիկ ճշմարտություն։ Նախ` զինվորը չի վիրավորվել թշնամու գնդակից, նա վիրավորվել է ներզորամասային վիճաբանության ժամանակ, հետևաբար այդ խնդիրը ամբողջովին և լիակատար ընկնում է ՊՆ-ի ուսերին։ Կոնկրետ այս դեպքի համար, ի վերջո, այդ ծախսերը պետք է գանձել անմիջական մեղավորից։

Հաջորդը` ոչ պոպուլյար էր այդ որոշումը այն համատեքստում, որ, այնուամենայնիվ, հենց նոր է մարել 1000 դրամների հետ կապված աղմուկ-աղաղակը, և, վերջապես, մարդիկ եկել հասել են այն կոնսենսուսին, որ պատրաստ են վճարել այդ 1000 դրամները՝ պայմանով, որ մեր բանակում վիճակը կբարելավվի։ Բայց հիմա այս լրացուցիչ միջամտությունը, ընդ որում՝ պետական մակարդակով, հիմք է տալիս մտածելու, որ ոչ մի մուծում, ոչ մի բարեգործություն, ոչ մի մասնակցություն թույլ չեն տալիս, որ ժողովուրդը կարողանա լուծել այդ խնդիրը։ Փաստորեն գնում է բյուջեի, միջոցների, եկած բոլոր դրամաշնորհների, տնտեսական հնարավորությունների փոշիացում։ Շատ զարմանալի չէ, որ այդ հարցապնդման հետ մեկտեղ մարդիկ միանգամից պետք է հիշեին ուրիշների շորթած փողերը։ Եթե անգամ այդ հարցերը օրգանապես կապ չունեն պաշտպանության նախարարի հետ, նա համակարգի ներկայացուցիչն է, հետևաբար, դառնում է նաև այդ հարցապնդումների պատասխանող։

- Ըստ ձեզ՝ այլ կերպ հնարավո՞ր էր ձևակերպել, որ հանրային բուռն արձագանք այն չունենար։

- Ասեմ, թե ինչպես շահեկան կլիներ ձևակերպել այդ հարցապնդումը, ասել՝ հարազա՛տ ժողովուրդ, ես հասկանում եմ, որ Հայաստանը գտնվում է կոռուպցիոն ռիսկերի կիզակետում, ես հասկանում եմ, որ մեր շատ միջոցներ շորթված են օլիգարխիայի և պետական մի շարք անբարեխիղճ պաշտոնյաների կողմից, բայց, այնուամենայնիվ, քանի դեռ մենք առայժմ չենք կարող այդ կոռուպցիոն հարցերին համակողմանիորեն լուծում տալ, եկեք օգնենք այդ զինվորին։ Բայց քանի որ չկան համարձակություն և քաղաքական կամք, արտասանվում է միայն պնդման կեսը, ու այդ կեսի հետևանքն էլ բերում է մարդկանց նման հուզումնալից արձագանքին։

Եվ կա երրորդ կետը՝ այդ գումարները ժամանակին նախկին պաշտպանության նախարարը ինչ-ինչ միջոցներով ստանում էր նաև օլիգարխիայից։ Ես կարծում եմ, որ մեր օլիգարխներից շատերը սաբոտաժ են անում բանակային որոշակի ծրագրեր՝ պայմանավորված պաշտպանության նախարարի անձով։ Այդ փաստը ես չեմ բացառում։ Եվ այդ քայլով նախարարն ուզում էր ցույց տալ, թե այդ ազնիվ, հրապարակային քայլով ինքն ինչպիսի ընդունելություն և պոպուլյարություն է ձեռք բերում ժողովրդի մոտ։ Բայց նա նաև պետք է հաշտվի այն մտքի հետ, որ ինքն այդ ժողովրդականությունը չի վայելում, ու դա բնական է, որովհետև Հայաստանում ոչ մի պաշտոնյա պետական մենեջմենթի այսպիսի բացթողումների պայմաններում և այսպիսի կառավարման անհաջողությունների համատեքստում չի կարող ակնկալել հասարակական աջակցություն, որքան էլ բարի լինեն իր մտադրությունները։

Կրկնեմ` ես գրեթե վստահ եմ, որ պաշտպանության նախարարի մտադրություններն ամենաազնիվն էին, բայց բոլորս գիտենք, թե ուր են տանում ազնիվ մղումներով սալահատակ ճանապարհները, տանում են դեպի դժոխք։

- Մենք տեսանք նաև, որ վերջերս էլ Վիգեն Սարգսյանը Ջրօրհնեքի խաչքավոր էր կարգվել, ինչը ևս բուռն հակազդեցություն առաջացրեց հասարակության մեջ։

- Դա նույնպես համատեքստի շարունակությունն է, որովհետև ես ցավում եմ, որ ինչ-որ մեկը մեր պետական այրերին համոզել է, որ եկեղեցականության, առաքելականության, ավանդականության PR լծակը շահագործելով իրենք կհասնեն ժողովրդականության։ Վստահեցնում եմ, որ այն խավերը, որոնք ծափահարում են այդպիսի պոպուլիստական կռվաններին, նրանք առաջին արտագաղթողների թեկնածուներն են։ Այսինքն՝ այդ մարդիկ չեն, որ պահում են պետությունը, այդ մարդիկ չեն, որ հետագայում պահելու են բանակն ու սահմանը։ Բանակը, սահմանն ու պետականությունը պահում են այն մարդիկ, որոնք տրամադրված են օբյեկտիվ, իսկ օբյեկտիվությունը ենթադրում է քննադատություն։ Որքան էլ էմոցիոնալ լինի քննադատությունը, պետք է, այնուամենայնիվ, դուրս գալ այն կարգավիճակից, որ Հայաստանում հարուստների և աղքատների բաժանումն անարդար է։ Այդ թեման անընդհատ բարձրանալու է, հատկապես բանակի կոնտեքստում։

- Ստացվում է, որ բանակն ու պետությունն ի զորո՞ւ չեն զինվորի ծախսերը հոգալու։

- Եվ դա ամենավատ PR-ն է։ Ինչո՞ւ, եթե մենք մի բան ենք ասում քննադատաբար, բոլորն ասում են՝ թուրքն ուրախանում է։ Իսկ այս ամենից թուրքը չի՞ ուրախանում։ Թե՞ ինչից ձեռնտու է՝ ուրախանում է, ինչից ձեռնտու չէ՝ չի ուրախանում։

Մանե Հարությունյան

MediaLab.am