Շուշան Պետրոսյան. Մեռած սերը «Ազգ-բանակում»

17-01-2018
7017 դիտում
Շուշան Պետրոսյան. Մեռած սերը «Ազգ-բանակում»

Շուշան Պետրոսյանը երեկ ասմունքել է ԱԺ-ում: Ընդհանուր առմամբ այդ ամբիոնից այդպիսի ճաշակով տեքստեր հաճախ չես լսի՝ աղմկոտ սերը թիթեռնիկի կյանք ունի: Քաղաքական ամբիոն է: Իրենք մեծամասնություն են ԱԺ-ում: Ու մտահոգված են Սորոսի եւ «Եվրազիա փարթներշիփի» վնասակարությամբ ու մարդկանց՝ «Ազգ-բանակը» չսիրելով: Տարօրինակ է: Ամբողջությամբ ուզուրպացված երկիր է՝ ուզուրպացված լրատվությամբ և ուզուրպացված հայրենասիրությամբ: Ումի՞ց եք բողոքում, ո՞վ է թերացողը:

Սիրելի՛ Շուշան, սիրել «Ազգ-բանակը»` նշանակում է սիրել կազարման: Նշանակում է երգի փոխարեն սիրել Կալաշնիկով ինքնաձիգը: Նշանակում է՝ ծնել ոչ թե որդիներ, այլ՝ մատաղացուներ: Նշանակում է՝ ունենալ ոչ թե գաղափարներ, այլ՝ պլակատներ: Նշանակում է՝ ապագա մայրերը սահմանամերձ միս են արտադրում: Երկիր սիրելու կոչը էդպես, ուղղակի հայտարարությունների ժամին արվող կոչ չէ: Եվ ընդհանրապես, կոչ անելը, ինչպես կյանքը ցույց տվեց, չի աշխատում: Ծիծաղում են մարդիկ, ծաղրում են, թացը խառնում են չորի հետ: Որովհետև սիրելու կոչ անելուց առաջ տեսեք, թե ինչ «թանկարժեք» Նոր տարի բերեցիք մարդկանց գլխին:

Սիրելի՛ Շուշան, ՀՀԿ-ում գուցե ավելի լավ գիտեն մեր քաղաքացիներին, քան՝ ես: Գուցե հաշվել եք նրանց ատամները: Բայց հաշված ատամներով մարդիկ չեն կարող երկիր սիրել: Իսկ չհաշված ատամներով մարդիկ չեն կարող սիրել ձեզ՝ հանրապետականներիդ: Երկու դեպքում էլ սիրելու բան ու տեղ չկա: Նրանք կարող են սիրել իրենց կանանց ու վրիպել էդ սիրո մեջ, կարող են սիրել ապահով կյանքը հատկապես սոված մեկի քթի տակ ու չիմանալ, թե ուրիշ ինչպես կարելի է ապրել: Նրանք կարող են ոչ մեկին ու ոչինչ չսիրել ու չզգալ, որ այդպես դժվար է: Բայց նրանք բոլոր դեպքերում դիտավորությամբ սեր ապականողներ չեն: Հաշված ատամներով մարդիկ ի վերջո արտագաղթում են, որովհետև այլևս հաշիվ չեն, իսկ չհաշված ատամներովներն ինքնամփոփվում են որպես ձայնի ու քվեի իմաստը կորցրածներ: Ո՞ւմ էր ուղղված ձեր կոչը:

Եվ, ի դեպ, աղմուկով սիրելու մասին: Կա՞ մի հանրապետական, որ չի աղմկել երկրի հանդեպ իր սերը: Բա ինչո՞ւ ենք էս օրին: Հենց այդ պատճառով ենք էս օրին: Որովհետև հենց այնպես հնարավոր է խոսել միայն սիրո մասին: Դրա համար պատասխան տալ չկա: Հենց այնպես քաղաքական ասելիքը մատնում է շատ կոնկրետ հիմարությունը, հենց այնպես գիտական ասելիքը կարիերա է արժենում: Հենց այնպես սիրո մասին խոսքը ճառ ասել է, երբ զանգը կախելու կարիք չկա: Հենց այնպես սիրո մասին խոսքը հենց աղմուկն է: Դուք այնքան ագրեսիվ ու դաժան ներկայություն եք, որ ամբողջ Հայաստանը գիտի, թե որտեղի՛ց է գալիս վտանգը: Թվում է, թե դանդաղեցված կադրերով Պոմպեյի վերջին օրն ենք ապրում:

Սիրելի՛ Շուշան, դուք հաճախ եք լինում զորամասերում, գիտեք մեր տղաներին: Նրանք սիրո տեղը գիտեն: Բայց որպես զոհ նրանք հենց այնպես սիրո զոհն են: Որովհետև նրանց հնարավոր սպանվելու անունից Վիգեն Սարգսյանը չի ծառայել, որովհետև նրանց հնարավոր սպանվելու անունից է մտահղացվել և գրվել «Ազգ-բանակը», նրանց հնարավոր սպանվելու անունից են կեղծվում ընտրությունները, և նույնիսկ մահվան գնով նրանց մասնակից եք դարձնում այդ կեղծիքներին: Որտե՞ղ է այստեղ երկրի սերը նրանց հանդեպ, երբ նրանք արդեն իսկ որբացած են բանակից փախած պաշտոնյայի որդու ցինիզմով իրենց սիրելիին մատով դիպչելու անհնարինությամբ:

Ես սարսափում եմ, երբ ասում են՝ մենք բոլորս զինվոր ենք: Եվ սարսափում եմ, երբ հիշում եմ, որ ինչ-որ նախագահների դարակներում ծփում են մեռած զնգոցներով ինչ-որ մեդալներ, որոնք սպասում են հակառակորդի, ծառայակցի կամ սպայի կրակոցից սպանված զինվորին, որպեսզի հետմահու վխտան կրծքին նրա: Ուրիշ սեր չկա «Ազգ-բանակում»:

Մհեր Արշակյան

MediaLab.am