Լավրովը Հայաստանի համար անհարմար դիվանագիտական եռանկյունի է ստեղծել

17-01-2018
9079 դիտում
Լավրովը Հայաստանի համար անհարմար դիվանագիտական եռանկյունի է ստեղծել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հունվարի 15-ի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ արած հայտարարությունը, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պահանջում է փուլային մոտեցում, հետաքրքիր իրավիճակ է ստեղծել ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Լավրովի հայտարարությունը, ինչպես գրել էինք ավելի վաղ, բավական հետաքրքիր արձագանք էր ստացել պաշտոնական Երևանից: ՀՀ արտգործնախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, մասնավորապես, մեկնաբանելով  Լավրովի հայտարարությունը, նշել էր, որ խոսքն իրականում գնում է «փաթեթային կարգավորման փուլային իրականացման» մասին:

Բալայանի հայտարարությունը, թեև որոշ տարակարծությունների տեղիք էր տալիս (այդ մասին առանձին գրել ենք), սակայն ևս մեկ անգամ հստակեցնում էր, որ ղարաբաղյան խնդրի լուծումը պետք է լինի փաթեթային:

Ադրբեջանը

Ուշագրավ է, սակայն, Լավրովի հայտարարության վերաբերյալ նաև ադրբեջանական կողմի արձագանքը: Ինչպես նույն օրը՝ հունվարի 15-ին, թվիթերյան իր էջում հայտնել էր Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը, ադրբեջանական կողմը ողջունում է հակամարտության կարգավորման փուլային մոտեցման վերաբերյալ Լավրովի հայտարարությունը:

Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը, համաձայն բանակցային գործընթացի վերաբերյալ հայտնի տեղեկությունների, ենթադրում է նախ և առաջ հայկական ուժերի դուրս բերում, այսպես կոչված, «Ադրբեջանի օկուպացված տարածքների» մի մասից (տարբեր ժամանակներում խոսվել է նախկին ԼՂԻՄ կազմում չընդգրկված 3-ից 7 շրջանների մասին): Փուլային այսպիսի տարբերակի կիրառումը, բնականաբար, հակասում է հայկական կողմերի շահերին, քանի դեռ ուժերի դուրս բերման և, այսպես ասած, տարածքների վերադարձի դեպքում չկա որևէ երաշխիք գործընթացի ապագայի վերաբերյալ:

Տիգրան Բալայանը հենց այս տրամաբանությամբ էր լրացրել/ուղղել Լավրովի հայտարարությունը՝ ընդգծելով, որ խոսքը գնում է կարգավորման ընդհանուր փաթեթի փուլային կարգավորման մասին (թեև Լավրովը հստակ ասել էր՝ «անհրաժեշտ է փուլային մոտեցում»):

Ադրբեջանական կողմի արձագանքը, սակայն, գալիս է փաստելու, որ ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը արտահայտում է փուլային մոտեցման գաղափարը, որին Ադրբեջանը լիովին կողմ է:

Այլ կերպ ասած՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մոտեցման վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի մոտեցումները նույնական են:

Ստեղծված իրավիճակը, անշուշտ, բնավ բարենպաստ չէ Երևանի համար: Ստացվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից մեկը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանը, հանդես է գալիս Ադրբեջանին ակնհայտորեն ձեռնտու դիրքորոշմամբ:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքցիների միավորում»