«Չեմ կարծում, որ նախագահի թեկնածուն անակնկալ է լինելու, ինչպե՞ս կարող է հեղինակություն ունեցող մարդը անակնկալ լինել». Էդուարդ Շարմազանով

18-01-2018
5484 դիտում
«Չեմ կարծում, որ նախագահի թեկնածուն անակնկալ է լինելու, ինչպե՞ս կարող է հեղինակություն ունեցող մարդը անակնկալ լինել». Էդուարդ Շարմազանով

Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

- Պարո՛ն Շարմազանով, Սերժ Սարգսյանը, խոսելով ՀՀ ապագա նախագահի մասին, նշել է, որ խոսքը պետք է վերաբերի մի մարդու, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով ներկայացնել Հայաստանն արտերկրում, կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և, ամենակարևորը` անկողմնակալ մարդ լինել, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցական չի եղել։ Այսինքն՝ ստացվում է, որ այդ պաշտոնն ապաքաղաքականացնո՞ւմ ենք։

- Ըստ Սահմանադրության՝ նախագահը չպետք է լինի կուսակցական գործիչ, ուստի ՀՀԿ-ն կներկայացնի այնպիսի թեկնածուի, որը կպաշտպանի ոչ թե ՀՀԿ-ի խմբակային շահերը, այլ շատ ավելի լայն քաղաքական սպեկտրի և բոլոր քաղաքացիների շահերը։ Այսինքն՝ չի լինի սուբյեկտիվ, կլինի վերկուսակցական գործիչ։ Խոսքը դրա մասին է։ Երբ նախագահը նշում է, որ նա քաղաքականությամբ չպետք է զբաղվի, նկատի ունի, որ այս կամ այն քաղաքական թիմի ներկայացուցիչ չէ, նրա շահերը չի պաշտպանել ու այդ թիմի կողմից ընտրությունների չի մասնակցել։ Որովհետև կարող են լինել գործիչներ, որոնք անկուսակցական են, բայց այս կամ այն թիմի կազմում մասնակցել են ընտրությունների կամ մասնակցել են նախագահական ընտրությունների որպես թեկնածու։ Այդ իմաստով շատ կարևոր է, որ հաշվի առնելով սահմանադրական փոփոխություններից հետո նախագահի ֆունկցիաները, որոնք ավելի շատ ներկայացուցչական են ու վերկուսակցական, մենք էլ ներկայացնում ենք այդպիսի մարդու։ Ես կարծում եմ՝ շատ սպասելի է, որ նախագահը պետք է նման պատկերացում ունենա ապագա նախագահի թեկնածուի վերաբերյալ։

- Մամուլում բազմաթիվ թեկնածուների անուններ են շրջանառվում, նրանք հավանակա՞ն թեկնածուներ են, և արդյոք ՀՀԿ-ում արդեն անուններ քննարկվե՞լ են, թե՞ ոչ։

- Առաջին քննարկումը կլինի այսօր գործադիր մարմնի նիստում, ու երբ ժամանակը գա, ձեզ կասենք։ Բայց, իհարկե, մենք մեր ուրվագծված թեկնածուն ունենք։ Այսօրվանից սկսվելու են նախագահի անձի շուրջ քննարկումները։

- Արդյոք ՀՀ նախագահի թեկնածուի հարցը քննարկե՞լ եք ձեր գործընկեր կուսակցության՝ ՀՅԴ-ի հետ։ Նրանք կարծես ուզում էին, որ թեկնածուն սփյուռքահայ լինի։

- Մենք մեր կուսակցությունում կքննարկենք, այնուհետև կքննարկենք մեր կոալիցիոն գործընկերոջ հետ, ապա գուցե կուսակցական խորհրդակցություններ սկսենք այլ քաղաքական ուժերի հետ։

- Իսկ մեր իրականության մեջ շա՞տ են այդպիսի մարդիկ, որոնք քաղաքական անցյալ չունեն, քաղաքականությամբ չեն զբաղվել, վարկաբեկված չեն։

- ՀՀԿ-ն կներկայացնի այնպիսի թեկնածուի, որի մասին խոսեց հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, անհո՛գ եղեք։

- Շրջանառվում են Արմեն Սմբատյանի, Վազգեն Մանուկյանի, Էդվարդ Նալբանդյանի և մի շարք այլ անուններ։ Կարո՞ղ են նրանք համապատասխանել այն չափանիշներին, որոնք ներկայացրել է Սերժ Սարգսյանը։

- Կոռեկտ չէ ես հիմա պահմտոցի խաղամ և անուններ քննարկեմ։ Կուսակցությունը կքննարկի, միասին կորոշենք, կներկայացնենք։

- Դուք կարծում եք` նախագահի թեկնածուի շուրջ կլինի՞ այդ լայն համաձայնությունը, հաշվի առնելով, որ «Ծառուկյան» խմբակցությունը չի բացառում, որ կարող է միանալ թեկնածությանը։

- Համենայնդեպս, կարծում եմ, որ հենց առաջին փուլում հանրապետության նախագահը կընտրվի։ Հավանականությունը շատ մեծ է, որ այդ չափանիշներին համապատասխանող թեկնածուին, որը կներկայացնի ՀՀԿ-ն, կպաշտպանեն ոչ միայն հանրապետականները։

- Նախագահի ընտրություններից շատ ավելի կարևոր են վարչապետի ընտրությունները։ Նախագահի թեկնածության հարցը քննարկելուց հետո անմիջապես քննարկվելու է վարչապետի՞ թեկնածուի հարցը։

- Ո՛չ, անմիջապես անցում չենք կատարելու, որովհետև նախագահը պետք է ընտրվի մարտի 2-9-ն ընկած ժամանակահատվածում, իսկ վարչապետը՝ ապրիլի 9-ից հետո։ Այնտեղ մեկ ամիս ժամանակ կա, ամեն ինչը կարվի իր հերթին ու ժամանակին։

- Ամեն դեպքում, նախագահի թեկնածու կարող է լինել մեր իրականությունից մե՞կը, թե ՞ սփյուռքում մեծ դերակատարում ունեցող մեկը։

- ՀՀ նախագահի թեկնածու կլինի այն գործիչը, որը լավագույնս կհամապատասխանի այն սկզբունքներին, այն չափանիշներին, որոնց մասին խոսեց Սերժ Սարգսյանը։

- Ապակուսակցական լինելը դո՞ւք էլ եք կարևորում։

- Հանրապետության նախագահի որևէ կարծիք, որևէ ակնարկ Շարմազանովը երբեք հարցականի տակ չի դրել։ Պարոն նախագահի կողմից որևէ ակնարկ, որևէ կարծիք մեզ համար անքննելի է։ Մենք իր քաղաքական թիմի զինվորներն ենք և վտահում ենք մեր քաղաքական առաջնորդին։

- Վարչապետ կարո՞ղ է լինել մեկը, ով անակնկալի կբերի հասարակությանը, և նույն չափանիշներին համապատասխանի, ինչ նախագահը։

- Նախ` չեմ կարծում, որ նախագահի թեկնածուն անակնկալ է լինելու։ Ինչպե՞ս կարող է հեղինակություն ունեցող մարդը անակնկալ լինել։ Եթե մարդը հեղինակություն ունի, անցած ճանապարհ ունի, սփյուռքում լուրջ կապեր ունի, վերկուսակցական է, կարող է շատ լուրջ ներկայացնել Հայաստանը դիվանագիտական ասպարեզում, ունի օտար լեզուների շատ լավ իմացություն, կարծում եմ` բոլորիդ էլ պարզ է՝ ում մասին է խոսքը։ Վարչապետի թեկնածուն էլ անակնկալ չի լինի, մի՛ անհանգստացեք։

- Հանրապետականին կհաջողի՞ համոզել Սերժ Սարգսյանին՝ վարչապետ դառնալ։

- Ժամանակը կգա, բոլոր պատասխանները կստանաք։

- Այսինքն՝ ամեն ինչ անելու եք, որ վարչապետի այլ թեկնածու չլինի՞։

- Ամեն ինչ չենք անելու, սահմանված կարգով շարժվելու ենք առաջ։

Մանե Հարությունյան

MediaLab.am